ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵ
Արխիվ 12-16ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ աշխարհը ցնցված է Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի վրա ահաբեկչական զորամիավորումների հարձակումից, որը ուղեկցվում էր Թուրքիայի կանոնավոր բանակի աջակցությամբ: Զոհվել են բազմաթիվ հայեր, եւ տեղահանվել են հազարավորները: Քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացվել են սարսափելի բռնարարքներ, պղծվել են հայ եկեղեցիներ, մեծ վնաս է հասցվել հայերի հասարակական, կրթական, մշակութային օջախներին, քաղաքացիական բնակչության ունեցվածքին:
Սա սիրիահայության դեմ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչության հերթական դրսեւորումն է: Այս քաղաքականությունը, որն իրականացվում է Թուրքիայի կողմից բազմակողմանի աջակցություն ստացող իսլամ ծայրահեղականների ձեռքերով, հանգեցրել է նրան, որ սիրիահայ գաղութը կրճատվել է կիսով չափ, եւ շուրջ 80 հազար հայ կրկին դարձել են փախստական: Ընդ որում, հատկանշական է, որ ներկայիս սիրիահայերը 1915թ. Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի իրականացրած հայերի Ցեղասպանության զոհերի ժառանգներն են:
Այս փաստը վերահաստատում է այն իրողությունը, որ ինչպես եւ հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, Թուրքիան շարունակում է մնալ ցեղասպան պետություն, որի նպատակն է հայերի տեղահանումը ու ֆիզիկական բնաջնջումը ոչ միայն պատմական հայկական տարածքներում, այլ նաեւ աշխարհի ցանկացած վայրում:
Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության հետ ասոցացված պետություն, կազմակերպում եւ իրականացնում է քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ, համագործակցելով ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մնում է ափսոսանքով եւս մեկ անգամ արձանագրել, որ Արեւմուտքը որեւէ գործուն քայլեր չի ձեռնարկում եւ անգամ չի դատապարտում իրենց գործընկեր եւ դաշնակից Թուրքիային:
Նման անտարբերությամբ են վերաբերվում Թուրքիայի դաշնակիցները` ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն այն փաստին, որ Թուրքիայի ներսում ոտնահարվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարական սկզբունքները: Այսպես, օրերս Թուրքիայում անցկացված տեղական իշխանությունների ընտրությունների ընթացքում զոհվեցին 10-ից ավելի քաղաքացիներ, գրանցվեցին զանգվածային խախտումներ: Սակայն այս ամենը չարժանացավ Արեւմուտքի որեւէ գնահատականի, այն դեպքում, երբ այլ պարագաներում ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն իրենց ներկայացնում են որպես աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպաններ: Կրկին դրսեւորվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:
Ավելին, հայտնի է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալման, ինչպես նաեւ հակակառավարական գործողությունների մեջ Ալ-Քայիդայի եւ այլ իսլամիստական ահաբեկչական միջազգային ուժերի ներգրավման մեջ մեծ է ԱՄՆ-ի վարչակարգի եւ Եվրամիության ղեկավարության անմիջական մեղքը:
Դրան հակառակ` Ռուսաստանի իշխանությունները, հասարակական կազմակերպությունները ու ԶԼՄ-ները քեսաբահայության խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում, թուրքական ցեղասպանության զոհ դարձած սիրիահայերին նյութական ու բարոյական աջակցություն են ցուցաբերում:
Այս առթիվ ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է.
Սիրիայի հայ քաղաքացիական բնակչության հանդեպ կատարված ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից ծրագրավորված եւ իրագործված ցեղասպանություն, որի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ինչպես Թուրքիայի իշխանությունների, այնպես էլ` Թուրքիայի դաշնակից պետությունների ու կազմակերպությունների վրա, որոնց լռակյաց համաձայնության պայմաններում է իրականացվում այդ ամենը:
ՍԻՄ կուսակցությունը
1.Պահանջում է ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից, օտարեկրյա պետություններից եւ առաջին հերթին Թուրքիայի գործընկեր ու դաշնակից երկրներից` դատապարտել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ` որպես ահաբեկչությանը սատարող ցեղասպան պետություն, որն իրականացրեց ագրեսիա` հարեւան Սիրիայի նկատմամբ:
2. ՍԻՄ-ը պահանջում է ԱՄՆ-ից եւ իր դաշնակիցներից` անմիջապես դադարեցնել ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությունը Սիրիայի հակակառավարական ուժերին եւ միջազգային իսլամիստական ահաբեկչական ուժերին, որոնք ծավալում են պատերազմ Սիրիայի դեմ:
3. Անհրաժեշտ ենք համարում հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերություններին` վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում տրամադրելուց հետո:
4. ՍԻՄ-ը կոչ է անում միջազգային հանրությանը` ձեռնարկել գործուն քայլեր Սիրիայում հայերին, ինչպես նաեւ այլ քրիստոնյա փոքրամասնություններին իսլամիստ ծայրահեղականներից ու ահաբեկիչներից պաշտպանելու համար, վերջիններիս զոհ դարձած քաղաքացիական հայ բնակչությանը ցուցաբերել նյութական, քաղաքական ու բարոյական աջակցություն` ապահովելով տեղահանված բնակչության վերադարձը իրենց բնակավայրերը:
ՍԻՄ կուսակցության նախագահություն
Նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
03 ապրիլի, 2014թ.

