"ՇԱՆԹԻ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԶԵԿՅԱՆԻ, ԵԶԻ, ՀՈՒՄ ԱԿԱՆՋԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԻՋԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է
Արխիվ 12-16"ՇԱՆԹԻ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԶԵԿՅԱՆԻ, ԵԶԻ, ՀՈՒՄ ԱԿԱՆՋԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԻՋԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ընթերցողին, "Շանթ" հեռուստաընկերությունը` ի դեմս իր փառապանծ առաջնորդ Արթուր Եզեկյանի, անդավաճան ընկերոջ նման չի կարողանում իր մեկ օրն անգամ անցկացնել առանց "Իրավունքի"-ին հիշելու: Վերջինս չբավարավելով նախկինում տված չորս բողոքներով, եւս երկու հայցադիմում էր ներկայացրել դատարան: Պարզվում է այս անգամ վիրավորվել է "Շանթ" հեռուստաընկերության առաջնորդի «նուրբ» հոգին եւ «բարձր» ինքնասիրությունը: Եվ ահա, ընդ որում, խորհրդանշական է` հենց ապրիլի մեկին, երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախնական դատական նիստը, որով հայցվորը դատի է տվել հերթական անգամ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ին, թերթի «ընկեր Փանջունու» էջում հայտնվելու համար: Մի խոսքով Եզեկյանը այնքան է վդովվել, որ դատի է տվել հետեւյալ հումորներին. "Շանթի գլուխն ինչքան էլ եփում են` Եզեկյանը հում ա մնում", "Շանթը Եզեկյանի տակ հորթ ա ման գալիս", "Շանթը սպասել-սպասել` Պուտինի այցից առաջ եկել Երեւանում քյանդրբազություն էր անում": Եվ վերջապես Եզեկյանին հունից հանել է ընկեր Փանջունու անկյունում հայտնված մի կոլաժ` "Եվրոքյանդրբազ" նշումով, որի վրա պատկերված մարդուն` Եզեկյանը, փաստորեն, ճանաչել , տեսել է ինքն իրեն: Նշենք, որ դատաքննության ընթացքում "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի շահեը դատարանում ներկայացնում է "Լեւ գրուպ" փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, իսկ Եզեկյանի ներկայացուցիչը դատարանում փաստաբան Վահագն Գրիգորյանն է: Դատական նիստին, որպես "Իրավունք" թերթի հիմնադիր, խմբագրական խորհրդի նախագահ ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ինչպես նշել էինք, Եզեկյանը երկու հայց էր ներկայացրել եւ երկու հայցն էլ գտնվում է նախագահող դատավորի վարույթում, դատավորը առաջարկեց երկու հայցը միարժամանակ քննել մեկ դատական նիստում: Սակայն, հայցվոր կողմը, չգիտես ինչու առարկեց, պատճառաբանելով, որ "Հայցերը իրենց էությամբ տարբեր են եւ, գտնում եմ, որ գործերի համատեղ քննությունը որեւէ արդյունավետություն չի ապահովի: Մի հայցի հիմքում ընկած է հումորային արտահայտություններ, իսկ մյուս հայցում` հիմնականում զրպարտչական բնույթի արտահայտություններ են»: Սրա հետ կապված Հ. Բաբուխանյանը դատարանում հայտարարեց.
«Պետք է տեղեկացնեմ, որ այս երկու հայցադիմնումները, այսպես ասած գոյություն ունեցող հայցադիմումներից, ընդամենը երկուսն են, կան եւս երկուսը: Եվ այս հայցադիմումների շարանը, ոչ այլ ինչ է, քան "Շանթ" հեռուստաընկերության եւ նրա ղեկավարի կողմից "Իրավունք" թերթի հանդեպ ճնշման փորձ` ազատ խոսքի լռեցման փորձ: Սա ոչ այլ ինչ է, քան տեռոր ազատ խոսքի, ազատ մամուլի իրավունքի իրականացման դեմ»:
Իսկ ամենուշագրավն այն էր, որ ապրիլմեկյան կատակը մի կողմ, այսօր դատարանում Եզեկյանի ներկայացոցիչը վերոնշյալ հումորները կարդալիս հազիվ էր ծիծաղը զսպում, ըստ երեւույթին լավ գիտակցելով, որ իրենց ներկայացրած հայցը ուղղակի ծիծաղելի է եւ հումորային ժանրից է:
Ինչ արած, երեւի մարդիկ կամ հումոր չունեն, կամ էլ պարապ են մնացել: Ինչեւէ հումորների հետ կապված կրկին Հ. Բաբուխանյանը խոսքի իրավունքով դիմելով հայցվորի ներկայացուցչին հարց ուղեց, թե արդյոք Վ, Գրիգորյանը տեղյակ է, որ այս տարվա "Իրավունք" թերթի թիվ 8-ում, տպագրվել է հերքում հետեւյալ բովանդակությամբ. "Մենք հավաքվեցինք, կանչեցինք Երվանդ Օտյանի ոգին, մանրամասն ուսումնասիրեցինք այս հայցադիմումը եւ հանգեցինք այն եզրակացության, որ ոչ մի դատ էլ պետք չէ, մենք կամովին հերքում ենք, հայտնելով, որ այս նկարի վրա պատկերված դիրքում Արթուր Եզեկյանը չի եղել, մարմինը իրենը չէ, ինքն էլ` ինքը չէ: Մեր մյուս կատակները Արթուր Եզեկյանը անհիմն եւ իզուր է իր վրա վերցնում եւ վիրավորվում, քանի որ մեր գրած Եզեկյանը հեչ էլ Արթուր Սաշայի Եզեկյանը չէ: Այդ Խաչիկյանը, այսինքն` Եզեկյանը, նա չէ, իսկ մեր նմանները խայտառակել են ռեսպուբլիկա: Համ էլ, մենք ոչ մեկին ոչ գյուղացու, ոչ էլ եզի հետ չենք համեմատել: Բոլոր զուգադիպությունները պատահական են": Վերոնշյալ հերքման տեքստի հետ կապված պարոն Բաբուխանյանը հարց ուղղեց հայցվորի ներկայացուցչին` արդյո՞ք վերջիններս ծանոթացել են հերքման տեքստին, որտեղ նշվել է, որ մենք ոչ մեկին ոչ գյուղացու, ոչ էլ եզի հետ չենք համեմատել: Բոլոր զուգադիպությունները պատահական են»: Բաբուխանյանի հարցին ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց.
- Այո տեսել եմ, այնուամենայնիվ համեմատությունը տեսնում ենք:
Ինչ արած, փաստորեն, անկախ ամեն ինչից մեծն պարոն Եզեկյանը եւ իր ներկայացուցիչը գյուղացու, եզի, ականջների, եվրոքյանդրբազության հետ կապված ինչ-որ նմանություններ տեսնում են, դե դա արդեն իրենց խնդիրն է, ու ճաշակի հարց է իրենք ավելի լավ կիմանան, թե ինչերի հետ նմանություններ ունեն:
Դատական նիստի առավել մանրամասների մասին կարդացեք «Իրավունք» թերթի Հետաքննություն հավելվածում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

