Մարտի 28-ին, ապա 30-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր Վիլյամ Շեքսպիրի ՙՌիչարդ Երրորդ՚ ներկայացման պրեմիերան` Արթուր Սահակյանի բեմադրությամբ, որը նվիրված է հայ բեմի մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հիշատակին:
Գլխավոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Մարտի 28-ին նախատեսված պրեմիերան որոշվեց անցկացնել մարտի 30-ին, սակայն` այդ օրն էլ չկայացավ: Նույնիսկ խմբագրություն զանգահարած տոմս գնած հանդիսականներից մեզ տեղեկացրին, որ այդ օրը գնացել են թատրոն եւ ստիպված հետ են վերադարձել, քանի որ առանց պատճառաբանելու` տեղեկացրել են, որ ներկայացումը հետաձգվել է: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից ՙԻրավունքին՚ տեղեկացրին, որ միակ պատճառը անսպասելի եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել. ՙ900 տեղանոց դահլիճ է, տոմսերը վաճառված են եղել, իհարկե, հեռախոսակապով, ում գիտեինք, ճանաչում էինք, ժամանակից շուտ տեղեկացրել ենք, որ հետաձգվում է ներկայացման պրեմիերան: Հիմա չենք բացառում. կարող է լինեն մարդիկ, որ եկել ու հետ են գնացել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է հետաձգվել, որովհետեւ մենք մարզերից էլ հանդիսատես ունեինք, որ պիտի գային պրեմիերային եւ ճանապարհների փակված լինելը խանգարեց, որպեսզի նրանք ներկա լինեն, ուստի հարմար գտանք ներկայացումը հետաձգել մինչեւ Ապրիլի 3-ը՚: Հուսանք, որ ապրիլի 3-ին մի քանի անգամ հետաձգված ներկայացման պրեմիերան կկայանա անխափան: