Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուª Սպարտակ Ղուկասյանի վերջերս չկայացած Մոսկվա մեկնելու պատմության հետ նման մեկ վարկած էլ է շրջանառվում:
Համաձայն Գյումրու մեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը վերջերս ոստիկանության կողմից համարվում էր մի քանի շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած դանակահարության հայտնի դեպքի հիմնական դերակատարը: Ուստիեւ գործի քննության ընթացքում նրան արգելված էր բացակայել հանրապետությունից ու դա ֆիքսված էր սահմանային անցակետերում: Բայց ահա նույն աղբյուրները վստահեցնում են, որ քննության ընթացքում հաստատվել է Ս. Ղուկասյանի ալիբին: Այսինքն, որ նա այդ միջադեպի օրերին առհասարակ չի գտնվել Գյումրիում: Բնականաբար, Ս. Ղուկասյանի կասկածյալ լինելու կարգավիճակը փոխվել է, դա ֆիքսվել է ոստիկանության բազայում, սակայն ԱԱԾ-ի տեղեկատվական ցանցում որեւէ փոփոխություն չի եղել: Հետեւաբար ե°ւ օդանավակայանի անցագրային կետում ԱԱԾ-ի տեղեկատվական բազայով արգելվել է Ս. Ղուկասյանի հանրապետությունից դուրս գալը, ե°ւ տվյալ կառույցը շտապել է հենց օդանավակայանից Ս. Ղուկասյանին ճամփել: Բայց խնդիրն այժմ կարգավորված է:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ ՉՋՐԱԶՐԿՎԵՑԻՆ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա: Դե, եթե հաշվի առնենք այս շոգ օրերը եւ քրեակատարողականում ժամանակավոր բնակվող կալանավորների թիվը, ապա պատկերը ակամայից պարզ է դառնում: Այս հարցով դիմեցինք ՀՀ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից պատասխանեցին, որ ՙՓչացել էր ջրամղիչ շարժիչը, սակայն ինքնահոս ջուր կա, ոչ բոլոր տեղերն են ջրազրկված: Բայց դա մի քանի օրվա պատմություն է եղել, մասնագետ է հրավիրվել, որպեսզի սարքվի, եւ այդ խնդիրն արդեն վերացվել է՚: Դե ինչ լավ է, որ ազատազրկվածները գոնե չջրազրկվեցին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Վերջերս շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը այլեւս ԲՀԿ գրասենյակ չի այցելում եւ խզել է կապերն ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ առաջնորդի հետ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում հերքեց ԲՀԿ առաջնորդի նորընտիր խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ. - Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը հիմա ընդամենը արձակուրդում է գտնվում ու հանգստանում է նախընտրական լարված քարոզարշավից հետո: Մնացած մանրամասները կարող եք իրենից ճշտել: