Դժգոհության մեծ ալիք է բարձրացել Հայաստանի եզդիների շրջանում: Այն ժամանակ, երբ օր օրի հայուհիներն ավելի անտարբեր են դառնում ամուսնության նկատմամբ, եզդիները բողոքում են, թե ինչու ՀՀ Կառավարության որոշման համաձայն այլեւս աղջիկների ամուսնության նախաշեմը կլինի ոչ թե 17 տարեկանը, այլ 18-ը:
-Դա զայրույթ է մեզ համար, - ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ու ավելացրեց,- եզդի ժողովուրդը 60 հազար է, եւ այդ համայնքը ամբողջությամբ չի ընդունում այս որոշումը: Միեւնույնն է` աղջիկները կամուսնանան 15-16 տարեկանից, կառավարությունն ընդունի, թե չընդունի: Պարզապես, երբ համայնքը չի ուզում, պետք է հատուկ որոշում ընդունեն, որովհետեւ դարեր շարունակ եղել է այսպես, եւ չի վերացվել: Քիչ է մնում, որ Եվրոպան մեզ ստիպի, որ եզդիներն ուրիշ ազգերի հետ ամուսնանան, ինչի իրավունքը չունեն, դա գնդակահարություն կլինի ամեն մի եզդու համար: Ախր ընդունված չէ, մեր օրենքը թույլ չի տալիս, խիստ է շատ: Սա ազգային առանձնահատուկ որոշում է, նշանակություն ունեցող ավանդույթներ են, որոնք պահպանվելու են` որոշում ընդունվի, թե չընդունվի: Կառավարության որոշումը նշանակություն չի ունենալու եզդի ժողովրդի համար, հավատացնում եմ ձեզ: - Իսկ կառավարության որոշման դեմ քայլեր ձեռնարկելու եք: - Քայլը որն է, հո պատերազմ չենք հայտարարելու: Մենք Հայաստանի կառավարության բոլոր որոշումներն ընդունում ենք, բայց այս որոշումը հակասում է մեր ազգային առանձնահատկությանն ու սովորությանը: