ՙՙՏԽՈՒՐ Ա...
Արխիվ 12-16ՏԽՈՒՐ Ա...
ՙԿեղնի մե օրըմ, օր տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է ըսպես ծուռ...՚: ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ` թեւավոր արտահայտություն դարձած այս եւ այլ խոսքեր եղել են եւ կմնան հայ կանանց սիրելի արտահայտությունը, ինչպես նաեւ հիսունից ավելի դերեր թատրոնում, երեք տասնյակի հասնող դերեր ֆիլմերում, որոնք կման հայ ժողովրդի հուշերում ու կամրագրվեն հայ թատերարվեստի պատմության մեջ: Վերջին երկու օրերին հայ ժողովուրդը սգում է սիրելի դերասանուհու կորուստը, եւ յուրաքանչյուրը մտաբերում ֆիլմերից հատվածներ, ոմանք էլ հիշում վերջին հանդիպումն ու հեռախոսազրույցը:ՀԻՎԱՆԴ ԷՐ ՈՒ ՆԵՂԱՑԱԾ ԿՅԱՆՔԻՑ, ՃԱԿԱՏԱԳՐԻՑ
ԱՄՆ-ում բնակվող հաղորդավար եւ պրոդյուսեր Արա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՙՀայ կինոյի համար մեկ դերասանուհի Գալյա Նովենցը հեռացավ էս կյանքից... Տխուր ա... Վերջին անգամ զանգեցի ու փորձեցի համոզել, որ նկարահանվի մեր ֆիլմում... բայց ապարդյուն... Հիվանդ էր ու նեղացած կյանքից, ճակատագրից... Երկար խոսեցինք ամենատարբեր թեմաների մասին, ասաց. ՙԴու հաճելի զրուցակից ես, մեկ-մեկ զանգի...՚: Թող Աստված Ձեր հոգին լույսի մեջ պահի, տիկին Գալյա...՚:
ԳՆԱՑԻՆ ՄԵԾԵՐԸ ԵՎ ՏԱՐԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Երկու տարի առաջ ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում Կապանում եւ Գորիսում տեղի ունեցած ՀՀ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ եւ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ մեծարման երեկոների ընթացքում դերասանուհին հուզված էր: Գորիսի թատրոնի կուլիսներում կանգնած` մինչ բեմ դուրս գալը տիկին Գալյան համեստորեն ասում էր. ՙԲայց, ախր, հիմա ո±վ է ինձ հիշում ու ճանաչում, որ բեմ բարձրանամ՚: Բայց րոպեներ անց, երբ դահլիճի էկրանին ցուցադրվեց ՙՄեր մանկության տանգոն՚ ֆիլմից իր եւ Մհեր Մկրտչյանի երկխոսությունից մի հատված, որն ուղեկցվեց ծափահարություններով, տիկին Գալյան հասկացավ, որ իրեն դեռ սիրում են եւ հիշում Գորիսում ու Կապանում: Իսկ երեկոյի ավարտին տիկին Գալյան համեստորեն գերադասեց իր փոխարեն խոսքը տրամադրել ամուսնուն` Երվանդ Ղազանչյանին, քանի որ, ըստ նրա, պարոն Ղազանչյանը լավ հռետոր է, եւ ինքը քաշվում է ամուսնու ներկայությամբ խոսել: Իսկ պարոն Ղազանչյանը, ընդունելով իր հռետոր լինելը, հիշեց հին ու բարի ժամանակները, երբ տիկին Գալյայի հետ երկար տարիներ աշխատել են Կապանի թատրոնում. ՙԼույս չկար, լամպեր էինք վառում, երկուսը` առաջին պլանում, երկուսը` հետեւի, եւ ներկայացումներ էինք խաղում լեփ-լեցուն դահլիճներում: Հիշում եմ` մարդիկ տոմսի համար հերթ էին կանգնում: Շատ եմ ուզում, որ այդ ավանդույթը նորից հետ գա: Այդ տարիները խենթ ժամանակներ էին, Հակոբը (ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան-Լ.Ե.) շատ փոքր էր, օրորոցը կապել էինք գրիմանոցում, որտեղ տղամարդիկ էլ էին հանվում, կանայք էլ, եւ ով ազատ էր դերասաններից, օրորում էր Հակոբին: Հիշում եմ` Քաջարանում մի ներկայացման մեջ Գալյան խաղում էր արդեն 8 ամսական հղի վիճակում, ի դեպ, մենք բեռնատար մեքենաներով էինք գնում գյուղից գյուղ: Իսկ այսօր 3 ամսականից հետո հղիները պառկում են մեջքի վրա: Քաջարանի այդ ներկայացումից հետո մեզ մարդիկ մոտեցան, ասացին. ՙՀրաշալի ներկայացում էր, բայց ինչո±ւ էիք Գալյայի փորին բարձ դրել՚: Այդպիսի ժամանակներ ենք ապրել՚:
Երբ երեկոյից հետո ցանկացանք գոնե փոքրիկ հարցազրույց ունենալ տիկին Գալյայի հետ, վերջինս համեստորեն նշեց. ՙՋանիկս, որքան ուզում ես` զրուցենք, բայց ընդհանրապես հարցազրույցներ չեմ ուզում տալ՚: Երբ նրան ասացինք` չէ± որ Ձեր հանդիսատեսն ունի դրա կարիքը, հավելեց. ՙԵս ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ տեսնի ու սիրի բեմում՚:
Վերջին անգամ տիկին Գալյան հայ հանդիսատեսին ներկայացավ այս տարվա մայիսին` Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում ՙՏարօրինակ միսիս Սեւիջը՚ ներկայացմամբ: Կարծես ավանդույթ էր դարձել, որ ամեն տարի մայիսին պիտի տիկին Գալյան գար ու մի քանի ներկայացում խաղալով, կրկին վերադառնար ԱՄՆ: Սակայն այս տարի ավանդույթը խախտվեց...
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. ՙԻրավունքը՚ ցավակցում է դերասանուհու հարազատներին եւ հայտնում, որ սիրելի դերասանուհու վերջին հրաժեշտը հուլիսի 25-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Է` ժ.12:00-14:00:

