ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԱՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԱՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Սիրիայում ներքին պատերազմի ծավալման հետ մեկտեղ` գնալով Հայաստանում աճում են ոչ միայն այդ բախումների արդյունքում սպասվող գլոբալ պատերազմի հետ կապված, այլ նաեւ մտահոգություններն այն մասին, թե այս իրավիճակում ինչ է սպասվում Սիրիայի բավականին ստվար հայկական գաղութին: Քիչ չեն այն հարցադրումները, թե Հայաստանը պետական մակարդակով ի±նչ քայլեր է ձեռնարկում սիրիահայությանն ինչ-որ կերպ օժանդակելու համար, ինչպես նաեւ, որ Սիրիայի մեր հայրենակիցները դժվարություններ ունեն ինչպես Հայաստան հասնելու այնպես էլ` այստեղ տեղավորվելու հարցում: Այս ամենի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ սփյուռքի նախարարությունում ձեւավորված սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար, աշխատակազմի ղեկավար ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ:
-Այս պահի դրությամբ շուրջ 120 սիրիահայ է այցելել Սփյուռքի նախարարություն` իրենց այս կամ այն հարցը լուծելու նպատակով:
- Հիմնականում ինչ հարցերի մասին է խոսքը, այդ մարդիկ փախստականներ են, թե պարզապես այցելուներ:
- Նրանց մեծ մասը Հայաստան է եկել հանգստանալու եւ ամռան վերջին վերադառնալու են: Չորսը դիմել են կացարան ստանալու խնդրանքով, վեցը ցանկություն են հայտնել բնակվել Հայաստանում: Իսկ մնացած մասը մեզ դիմել է ամենատարբեր հարցերով: Օրինակ Հալեպ-Երեւան չվերթերի տոմսերի գների հետ կապված: Դիմում են նաեւ քաղաքացիություն ստանալու, վիզաների դյուրինացման հետ կապված հարցեր են բարձրացնում: Այդ ամենի հետ մեկտեղ բարձրացվում են նաեւ մասնավոր բնույթի կոնկրետ խնդիրներ, ասենք` կրթության, առողջապահության հետ կապված եւ այլն:
- Այսինքն` քիչ թե շատ զանգվածային ձեւով սիրիահայերը չե±ն փորձում տեղավորվել Հայաստանում:
- Մենք կարող ենք ֆիքսել հետեւյալը. Հայաստան այցելած սիրիահայերի գերակշիռ մասը տրամադիր են վերադառնալ Սիրիա եւ սպասում են այնտեղի կոնֆլիկտի հանդարտեցմանը: Նրանք, ովքեր ցանկանում են հիմնավորվել այստեղ, շատ փոքր մասն է: Ընդ որում, նրանք էլ են տատանվում եւ եթե Սիրիայում խաղաղություն լինի, կարող են վերադառնալ: Եվ այս պահին վստահաբար կարող ենք ասել, որ Սիրիայից զանգվածային գաղթի տրամադրություններ չկան: Ընդ որում խոսքը, ինչպես նշեցի, տասնյակ մարդկանց մասին է: Սակայն եկածներից բոլորն էլ անհանգստացած են այնտեղ մնացած իրենց հարազատների համար, եւ այդ անհանգստությունը երբեմն խուճապային տրամադրության է փորձում վերածվել, ինչի կարիքը չկա: Ճիշտ է, մեր ունեցած տվյալներով Սիրիայում վիճակը շատ ծանր է, սակայն հակահայկական հիստերիա, հակահայկական տրամադրություններ չկան: Դրա համար էլ ավելորդ խուճապի մատնվելն ինաստ չունի:
- Խոսեցիք ինքնաթիռի տոմսերի հետ կապված բողոքներից եւ նկատենք, որ դա նոր բան չէ: Եվ մարդիկ պնդում են, որ ոչ միայն տոմսերն են թանկ, այլ նաեւ, որ իրենց պարտադրում են տոմս վերցնել երկու ուղղությամբ: Նախարարությունն այս հարցով լուծումներ տեսնո±ւմ է:
- Մենք համապատասխան նամակ ենք պատրաստել ՙԱրմավիա՚ ընկերությանը` առաջարկելով քննարկել ավիատոմսերի գները նվազեցնելու հնարավորությունները: Սպասում ենք արձագանքին, այսինքն` այս պահին դեռ բան ասել չեմ կարող:
- Նման խոսակցություններ էլ կան, որ սիրիահայերի մի քանի ընտանիքներ տեղավորվել են ԼՂՀ-ի ազատագրված տարածքներում, կամ, որ բուն սիրիահայ գաղութին կառաջարկվել է զանգվածաբար տեղափոխվել Ռուսաստան: Ի±նչ կարող եք ասել այս մասին:
- Մեզ այցելած սիրիահայերի շրջանակներում փոքրիկ ուսումնասիրություն ենք իրականացրել: Ըստ այդմ` նրանք, ովքեր եկել են Հայաստան եւ ցանկանում են միառժամանակ մնալ, ասենք 10 ընտանիքներից 7-ի պարագայում այնտեղ են մնացել ընտանիքների գլխավորները: Երբ հարցնում ենք, թե ասենք ամուսինդ ինչո±ւ չի եկել, պատասխանում են` այնտեղ աշխատանք ունի, ինչպե±ս թողնի, գա: Այսինքն, եթե կյանքին սպառնացող անմիջական վտանգ եւ նման մթնոլորտ լիներ, թերեւս նա էլ կթողներ-կգար: Այսինքն մտածել, թե նրանք զանգվածաբար կթողնեն իրենց աշխատանքը, բիզնեսը, ունեցվածքը եւ կգնան մի հեռավոր երկրում ապրելու, դա ներկայումս անհավանական է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

