ՕՂՈՒ ԵՎ ԽԱՆԴԻ ԶՈՀԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՕՂՈՒ ԵՎ ԽԱՆԴԻ ԶՈՀԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ
2011-ի նոյեմբերին Ստեփանավանում կատարված դաժան սպանության մասին լուրը տարածվել էր արագ եւ արագ էլ ՙգունաթափվել՚ էր բազմաթիվ այլ, ոչ պակաս սարսափներ ՙառաջարկող՚ լուրերի տարափում: Մեր անդրադարձն այդ դեպքին թելադրված է առարկայական այն մտորումներով, որ 60 տարեկան վատառողջ տղամարդու համար 12 տարի ժամկետով ազատազրկումը այն պատիժը չէ, որի հետ դյուրին է մերվել: Մինչդեռ Արշավիր Դեմիրխանյանը չէր բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը…Ինչու:
Իզուր կլինի փնտրել պատասխանը այս հրապարակման մեջ: Այնուամենայնիվ, հեղինակը չի բացառում, որ հոդվածը, հավանաբար, մտորումների առիթ կհանդիսանա այն ընթերցողի համար, ով կհամարի, թե այսպիսի հարցերը անպատասխան չպետք է մնան…
13 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Ծանր հանցագործություն կատարելու համար Արշավիր Սենոյի Դեմիրխանյանը դատարանի առջեւ առաջին անգամ հայտնվել էր 1999-ին: Այն ժամանակ նա մեղադրվել էր ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու մեջ, ճանաչվել էր մեղավոր ու դատապարտվել 8 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը կրել էր ոչ լրիվ. համարելով, որ դատապարտյալ Ա. Դեմիրխանյանը ուղղվել էր, 2004-ին պետությունը նրան պայմանական վաղաժամկետ ազատել էր հետագա` 2 տարի 7 ամիս 7 օր պատիժը կրելուց: Կալանավայրից դուրս գալուց 7 տարի անց այդ անձը կրկին գնացել էր մարդասպանության, եւ այս անգամ հանցագործությունը հասցվել էր ավարտին:
ԳԵՍՏԱՊՈՆ ՙՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ՚ ԷՐ
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից. ՙԻնգա Շիշլոյի դիակի արտաքին եւ ներքին ուսումնասիրությամբ հայտնաբերվել են քթի ոսկրերի կոտրվածքի, գլխի ձախ քունքագագաթային շրջանի, ծոծրակային շրջանի կենտրոնական հատվածի, ճակատ-գագաթային շրջանի կենտրոնական հատվածի, աջից գագաթային շրջանի, ճակատի կենտրոնական հատվածի, աջից` վերին կոպի մինչեւ այտային շրջան, անցումով ակնակապիճի դրսային անկյան շրջանով, քթի թմբային շրջանի, աջից վերին շրթունքի եւ կզակի սալջարդ վերքերի, դեմքի շրջաններում տարածուն քերծվածքների եւ արյունազեղումների, ձախից կրծքավանդակի առաջնային մակերեսի, աջ ուսագոտու հետին մակերեսի, զույգ դաստակների թիկնային մակերեսների մատերի ֆալանգների ընդգրկումներով, զույգ սրունքների առաջնային մակերեսների, ձախ ազդրի ստորին երրորդի կողմնային մակերեսի, ձախ սրունք-թաթային հոդի շրջանի կողմնային մակերեսի քերծվածքների, ազդրերի եւ սրունքների առաջնային մակերեսների վերից վար ուղղություններով, զույգ դաստակների, նախաբազուկների թիկնային մակերեսների տարածուն արյունազեղումների, գլխի ենթամաշկային փափուկ հյուսվածքների, քունքամկանների տարածուն արյունազեղումների եւ ներուղեղային արյունազեղումների, ուղեղանյութի սալջարդի, ձախից հետին անութային գծով 4, 9-րդ կողերի փակ կոտրվածքների, առպատային պլեւրայի արյունազեղումների ձեւով մարմնական վնասվածքներ՚:
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԷՐ ՈՒ ԶՂՋԱՑԵԼ
Դեպքը տեղի էր ունեցել 2011թ. նոյեմբերի 17-ին, Ստեփանավանի ՙԱնահիտ՚ հանգստյան տան պահակակետում: Ըստ ներկայացված մեղադրանքի, այդ օրը երեկոյան Արշավիր Դեմիրխանյանը` ՙալկոհոլային հարբածության վիճակում, խանդի հողի վրա վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող Ինգա Լյովայի Շիշլոյի հետ, նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ օղու ապակյա շշով եւ փայտի կտորով 9 հարվածներ է հասցրել նրա կենսական կարեւոր օրգան հանդիսացող գլխին, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո նույն օրը, ժամը 22:00-ին Ինգա Լյովայի Շիշլոն շտապօգնության կողմից տեղափոխվել է ՙՍտեփանավանի բժշկական կենտրոն՚, որտեղ գիտակցության չգալով, 2011 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 00:15-ի սահմաններում մահացել է գլխի շրջանին ստացած մարմնական վնասվածքներից՚:
Այն իրողությունը, որ մարդու գլուխը հանդիսանում է ՙկենսական կարեւոր օրգան՚ եւ որ դրան հարվածներ հասցնելը անհետեւանք չի մնում, Արշավիրը մոռացել էր դեռ ցերեկվա ժամերին, երբ կնոջ հետ միասին սկսել եւ ծանոթ-ընկերների հետ շարունակել էր օղի խմել ու ՙհաց ու կոնֆետ՚ ուտել: Սթափվել էր հաջորդ օրը` ոստիկանությունում, զղջացել կատարածի համար ու պատմել, որ...
Նախորդ օրը ժամը 14-ի սահմաններում ամուսնական այդ զույգը գնացել էր գնումների, հանձնել դատարկ շշերը, գնել 1 շիշ օղի, վերադարձել պահակատուն, ճաշել եւ խմել օղին: Մեկ ժամ անց հյուր էր եկել իրենց ծանոթ Սյուզաննա Կատինյանը: Ճաշկերույթը ՙշնորհքով՚ շարունակելու համար, Արշավիրը գնացել էր խանութ ու բերել էր 1շիշ օղի, 200 գրամ կոնֆետ եւ 1 տուփ սուրճ: Երկու-երեք ժամ անց ճաշկերույթը ՙլրացվել՚ էր եւս 2 անձով, 1 շիշ օղիով ու երշիկով: Երբ հյուրերը որոշել էին ավարտել ճաշկերույթն ու գնալ, տան տերը լսել էր, որ Սյուզաննան համոզում է Ինգային գնալ իրենց հետ: Կնոջ համաձայնությունը ամուսինը գնահատել էր որպես ամուսնական դավաճանություն ու զայրացրել ամուսնուն…
Ըստ քրեական գործի նյութերի` ծեծուջարդը սկսվել էր ՙթանկագին՚ հյուրերի հեռանալուց հետո:
ԲՈՂՈՔ, ՊԱՀԱՆՋ` ՉԿԱ
Գործով տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել սպանված կնոջ հայրը: Դստեր եւ իր գլխին եկած դժբախտության մասին հանգուցյալի հայրը, ըստ իր իսկ ցուցմունքի, տեղեկացել էր 2 օր անց` ՙԼոռի-Բերդ գյուղում տարածված լուրերից՚: Դատարանում, երբ արդեն հանցագործության բոլոր մանրամասները հայտնի էին իրեն, տուժողի իրավահաջորդը հայտարարել էր, որ ՙորեւէ բողոք կամ պահանջ ամբաստանյալից չունի՚:
Իսկ այլոցից...
ԱՅՍՊԵՍ ԷԼ ՙՏԵՂԱԶՆՆԵԼ՚ ԷԻՆ
Դաժանագույն այս սպանության դեպքի վայրի զննության արդյունքների վերաբերյալ դատավճռում նշված է. ՙՍտեփանավան քաղաքի Անտառային 1 հասցեում գտնվող ՙԱնահիտ՚ հանգստյան տան պահակատունը մեկ հարկանի, քարակերտ կառույց է: Պահակատան մուտքի դռան եւ մուտքի դռնից աջ պատի վրա, պահակատան հատակին եւ պատերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, ապակու ջարդված կտորտանքներ, շշի պլաստմասե գլանաձեւ կափարիչ, կոտրված շշի բկանցք, արնանման հետքերով փայտի 2 կտոր…՚:
Խոստովանում եմ, որ հավատալս չի գալիս, թե քննչական մարմինները չեն հետաքրքրվել այն հարցով, թե տեւական ժամանակ դաժանորեն խոշտանգվող կնոջ ճիչերը կարո±ղ էին լսել հանգստյան տան աշխատակիցները, թե ոչ:
ՎԵՐՋԱԲԱՆ`
ՉԱՍՎԱԾ-ՉԼՍՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Նախաքննության ժամանակ ՙպարզվել՚ էր, որ ՙԱրշավիր Դեմիրխանյանի մոտ հայտնաբերվել է ՙԱնձի օրգանական խանգարում, բարդացած խրոնիկ ալկոհոլիզմով՚: ՙՊարզվել՚ էր նաեւ, որ այդ անձը 1998թ.-ից հաշվառված է եղել դիսպանսերումª ՙՊարանոիդ համախտանիշ՚ ախտորոշում հիվանդությամբ…
Արշավիրը դատարանում խնդրել էր ներել իրեն…
Ստանդարտ խոսք դատարանում:
Այդ դեպքում ինչու նա չի դիմել դատական վերադաս ատյան` ակնկալելով մեղմ պատիժ:
Թե Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերի մասնակից 60-ամյա Արշավիր Դեմիրխանյանը չի ցանկացել մարտնչել իր խղճի դեմ:
Ով գիտի…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

