ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՍՀՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՍՀՄ
Սիրիայում այս օրերին ձեւավորված համեմատաբար հանգիստ իրավիճակը, անշուշտ, նմանվում է մեծ փոթորկից առաջ տիրող անդորրի: Տպավորությունն այն է, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ` աշխարհաքաղաքական խաղացողները խոշոր պայթյունային փուլից առաջ անցել են վերջնական նախապատրաստական գործողությունների, բաց եւ ստվերային բանակցությունների, կողմնակիցների շարքերն ընդլայնելու, ռազմավարական սխեմաները հստակեցնելու եւ այլն:ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ` ՄԵԾ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
Օրերս ԱՄՆ-ը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար Բաշար Ասադի հեռանալու հարցը մնում է միանշանակ: Տարբեր հայտարարություններից կարելի է օրինակ ներկայացնել Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնի հետեւյալ խոսքը. ՙԱՄՆ-ն շարունակում է կարծել, որ Սիրիայում պետք է քաղաքական անցում լինի, որը ենթադրում է Բաշար Ասադի իշխանությունից հրաժարվելը, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել դեպի այնպիսի կառավարության ստեղծում, որը կհամապատասխանի ժողովրդի ձգտումներին: Մենք շարունակում ենք աշխատել մեր ընկերների, համախոհների եւ սիրիական ընդդիմության հետ հանուն իշխանության փոխանցման՚:
Անշուշտ, զուգահեռաբար գնալով զարգանում է Սիրիայի քիմիական զենքի թեման: Ժամանակին հենց քիմիական զենք գտնելու պատրվակով էր, որ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք եւ կախեց Սադամ Հուսեյինին: Սակայն սիրիական քիմիական զենքի պատմությունը, թերեւս, այդ աստիճան խորացնել այդպես էլ չի հաջողվում: Ամեն դեպքում սիրիական իշխանությունները, թերեւս իրաքյան սցենարի կրկնության հավանականությունը հենց սկզբից բացառելու նպատակով ընդունեցին, որ իրոք ունեն նման զենք, այնպես, ինչպես որ քիմիական շատ ավելի վտանգավոր զինատեսակների տիրապետում են բազում այլ երկրներ եւս: Օրինակ Սիրիայի արտգործնախարար Ջիհադ Մաքդիսին հաստատելով քիմիական զենք ունենալու փաստը, այնուամենայնիվ զգուշացրեց, որ այն կկիրառվի բացառապես արտաքին ներխուժման ժամանակª դիմակայելու նպատակով: Բարաք Օբաման էլ իր հերթին մի թեթեւ նախազգուշացնելով, թե Ասադը պատասխան կտա, եթե ՙճակատագրական սխալ թույլ տա` քիմիական զենք կիրառելով՚, ըստ էության ցույց տվեց, որ միայն նման զենք ունենալը դեռ բավարար չի համարում Իրաքի օրինակով Սիրիա ներխուժման համար:
Այս իրավիճակում կան ռազմական վերլուծաբանների կարծիքներ, որ ամսվա ընթացքում հիմնականում խաղի մեջ կլինեն արեւմտյան տերությունների հատուկ ծառայությունները` փորձելով կյանքի կոչել Ասադից ազատվելու այլ սխեմաներ: Օրինակ` Սիրիայի տարածքում դիվերսիոն գործողություններ կազմակերպելով, որի գագաթնակետը կարող է դառնալ Ասադին ֆիզիկապես ոչնչացնելու փորձը, ինչը միանգամից գլխիվայր շուռ կտա սիրիական իրավիճակը:
ակայն այս ընթացքում ԱՄՆ-ը կարծես թե ստիպված է միաժամանակ բախվել այն վերաշիկացող իրավիճակի հետ, որը, կարծես թե Սիրիայի ուղղությամբ ճնշումները մի փոքր թուլացնելու նպատակով առաջ է տանում Իրանը: Խոսքը այդ երկրի խորհրդարանում ընդունված այն որոշման մասին է, որը թույլ է տալիս փակել Հորմուզի նեղուցն ԵՄ անդամ այն երկրների համար, որոնք էմբարգո են հայտարարել իրանական նավթի նկատմամբ: Արդյունքում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ապա` Իրանի հոգեւոր առաջնորդի` Այաթոլլահ Ալի Խոմենիի հավանությունը ստանալուն պես Իրանն արդեն իրեն օրենսդրորեն իրավունք կվերապահի ցանկացած պահի փակել նավթի համաշխարհային փոխադրումների այդ եզակի ուղին, ինչը, թերեւս, ավելի շատ նման է նախազգուշացման, որ եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի հարվածել Սիրիային, ապա Իրանն այդ կերպ ՙկպայթեցնի՚ ամեն ինչ:
ՊՈՒՏԻՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
Բավականին բուռն նախապատրաստական փուլում են ռուսները եւս: Կան որոշակի տվյալներ, որ այս օրերին Ռուսաստանում փորձում են մշակել եւ կիրառման մեջ դնել Սիրիային զենքի անարգել մատակարարման սխեմաներ, որն առաջնահերթ դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ին հաջողվեց եւրոպացիների միջոցով արգելափակել ծովային ուղով Սիրիա ռուսական ուղղաթիռների ներկրումը: Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում եւս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը Ասադի հարցում. ՙՌուսաստանը մտահոգված է, որ եթե Ասադը հեռանա հակասահմանադրական ճանապարհով, ապա ընդդիմությունը եւ Սիրիայի ներկայիս իշխանությունը պարզապես տեղերով կփոխվեն, իսկ քաղաքացիական պատերազմը պարզապես վերջ չի ունենա... Մենք չենք ցանկանում, որ իրադարձությունները զարգանան ամենաարյունալի ճանապարհով՚:
Ավելի շատ նախազգուշացում հիշեցնող այս հայտարարությունն անշուշտ վերահաստատումն է ռուսական տարբեր պաշտոնյաների բազում հայտարարությունների, որ չնայած Արեւմուտքից եկող տարաբնույթ ճնշումների` Ռուսաստանն այդպես էլ չի պատրաստվում Սիրիա-Իրան ուղղությամբ կանաչ լույս վառել ԱՄՆ-ի համար:
ԻՐԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ընդ որում, նույն այդ հետեւողական գործունեությունն է նկատվում նաեւ դեպի Սիրիա-Իրան տանող երկրների հետ կապված քաղաքական զարգացումներում: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասին է, եւ այս ուղղությամբ հատկապես վերջին շաբաթներին բավականին լուրջ աշխատանք է տանում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ` Իրանը: Սկսելով Իրանից հիշեցնենք վերջին շաբաթներին մեր երկիր կատարած իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները: Նախ Հայաստանում էր Իրանի ՆԳ նախարար Մուսթաֆա Մոհամադ Նաջարին, ով, ասում են, բացի մեր երկրի ղեկավարությունից, նաեւ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ճիշտ է, այդ այցից հետո մի շարք իրանցի հանցագործներ փոխանցվեցին Իրանին, սակայն դժվար է ասել, թե հենց այդ հարցի համար էր, որ ծանրակշիռ ռազմական գործչի համարում ունեցող, սակայն ներկայումս իրավապահ համակարգ տեղափոխված նախարարը կարիք ուներ Քոչարյանին հանդիպել: Այսինքն ֆիքսենք, որ այդ այցի իմաստը պետք է բացառապես գլոբալ քաղաքական հարթությունում փնտրել:
Այնուհետեւ մեր երկիր այցելեց Իրանի բնապահպանության նախարար, փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադ Ռեզա Ռահիմին: Այս դեպքում էլ երկօրյա այցի արդյունքում ընդամենը ստորագրվեց հայ-իրանական սահմանագծին ինչ-որ այգի հիմնելու մասին պայմանագիր, եւ աբսուրդ կլիներ ենթադրել, թե այս ծայրահեղ լարված իրավիճակում մի երկրի փոխնախագահն հանուն այգու երկու օր պարապ-սարապ ման կգա մեկ այլ երկրում:
Այս հաճախակի այցելություններն ավելի շատ խոսում են այն մասին, որ Իրանի ղեկավարության մոտ կան Հայաստանի հետ կապված բավականին լուրջ մտորումներ: Խնդիրն այն է, որ տեւական ժամանակահատված Իրանը Հայաստանին խոստանում է կոնկրետ տնտեսական ծրագրեր, որոնք միգուցե այդ երկրի համար ոչ շատ էական, սակայն Հայաստանի համար կենսական են: Սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվում, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում, Հայաստանը ռիսկի ենթարկվելով Արեւմուտքի հետ իր ներկայիս ոչ այնքան վատ հարաբերությունները, կոպիտ ասած, Իրանի թիկունքն է պահում: ԵՎ այն դեպքում, երբ նույն պահին մեր երկուսի մյուս հարեւան Ադրբեջանը բավականին շոշափելի արեւմտյան օժանդակություն է ստանում Իրանի հետ հարաբերությունները գնալով վատթարացնելու համար: Հարց է ծագում, թե Հայաստանն իր այս ծանրագույն տնտեսական վիճակում հանուն ինչի± է պահում Իրանի թիկունքը: Այն դեպքում, երբ նույն պահին արեւմուտքից մի գլուխ լսվում են Տրապիզոնի նավահանգստից օգտվելու հնարավորության, ուղղակի ներդրումների եւ նման այլ բաների մասին կոնկրետ խոստում-առաջարկներ` իրանական ծրագրերից ձեռք քաշելու դիմաց: Այդ կարգի հարցադրումները, համաձայն մեր որոշ աղբյուրների, սկսել են բավականին մտահոգել Իրանին եւ այս տարաբնույթ այցերի միջոցով փորձում են համոզել Հայաստանին, թե ուր որ է խոստացած ծրագրերը կմեկնարկեն:
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ԽՍՀՄ
Մոտավորապես նույն խնդիրները կան նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Այսինքն, որ Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է միանգամից կտրել Ռուսաստան-Իրան կապի այս գրեթե միակ օղակը` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Սակայն Ռուսաստանի առաջարկը դեռ նույնն է` Հայաստանի շարժը դեպի Եվրասիական միություն, որից հետո միայն, ըստ ռուսական խոստումների, կիրականացվեն լուրջ ներդրումային ծրագրեր:
Արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեծ չափով հենց այս թեմային էլ նվիրված կլինի ՌԴ նախագահի առաջիկայում Հայաստան կատարելիք այցը, որին կնախորդեն ռուսական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների նախապատրաստական այցելությունները: Եվ ահա հենց դրա օրինակ էլ պետք է համարել ռուսաստանյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկի` ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի երկօրյա հայաստանյան այցը:
Ի դեպ, դեռ միայն վերջերս էր Նարիշկինը եղել Բաքվում` փորձելով լուծում տալ ռուսական ինտեգրացիոն ծրագրերին ինչ-որ կերպ Ադրբեջանի մասնակցության հարցին: Սակայն Բաքվում անգամ Գաբալայի հետ կապված ՌԴ խոսնակը, կարծես թե, այդպես էլ ոչ մի բանի չհասավ:
Եվ ահա հիմնականում նույն թեմաներն էլ հայաստանյան այցի օրակարգում են: Համենայնդեպս ՀՀ ԱԺ-ում Ս. Նարիշկինը մի քանի հետաքրքիր հայտարարություններ կատարեց: Նախ Ղարաբաղի հետ կապված այս միտքն էր. ՙՄիջնորդական ջանքերը, որոնք առաջարկում է Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները, ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտության կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող հակասական տրամադրություններն ու միմյանց ընդառաջ իրականացնեն առաջին լուրջ քայլերը՚: Դե եթե զինադադարից 18 տարի անց միայն պետք է առաջին լուրջ քայլերը լինեն, ապա Նարիշկինի խոսքից դժվար չէ ենթադրել, որ վերջին քայլերին կհասնենք երեւի մի 50-100 տարուց: Այսինքն` ըստ էության խոսելով ստատուս-քվոյի դեռ երկար պահպանման մասին, ՌԴ խոսնակն անցավ բուն հայ-ռուսական հարցերին: Ընդգծելով, թե ինչքան կարեւոր եւ զարգացած են երկու երկրների տնտեսական հարաբերությունները ¥իհարկե, տարեկան մեկ միլիարդ դոլար առեւտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի համար անլուրջ ցուցանիշ է, այսինքն` այդ կարեւորությունը ՌԴ ներկայացուցիչը վերագրում է հենց Հայաստանին¤, Ս. Նարիշկինը միանգամից հավելեց. ՙՄեր երկրների ամուր տնտեսական կապերը օրախնդիր են դարձնում Հայաստանի եւ Եվրասիական ինտեգրացիոն նախագծի փոխգործակցությունը: Մենք գիտենք, որ Հայաստանը մեծ հետաքրքրությամբ է դիտարկում եվրասիական ինտեգրացիայի հիմնական փուլերի ընթացքը...՚: Մի խոսքով. ՙԱշխարհում ձեւավորվում է նոր մրցակցային տարածաշրջանային կառույց Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ... Այլ երկրների քաղաքական կամքի ու պատրաստվածության մակարդակի պարագայում այն կընդարձակվի, եւ նման երկրներից մեկը կարող է լինել Հայաստանը՚:
Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարցադրում` մեզ հետ եք, թե± չէ: Իսկ վերջնական պատասխանը Հայաստանը, թերեւս, պետք է տա, երբ մեր երկիր կայցելի ՌԴ նախագահը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի երեկ արված մի քանի հայտարարություններից տպավորություն է առաջանում, որ եվրասիական նախագծերին մասնակցելու հարցում Հայաստանը որոշակի համաձայնություններ արդեն իսկ տվել է: Ըստ Ս. Նարիշկինի` Հայաստանը Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը կարող է վավերացնել 2012թ. աշնանը. ՙՀայաստանի ղեկավարությունն ուշադիր հետեւում է եվրասիական նախագծի զարգացմանը եւ ձգտում է իր տեղը հաստատել դրանում... Այդպիսով, Հայաստանը կդառնա երրորդ երկիրը Ռուսաստանից եւ Բելառուսից հետո, որը դա կանի՚: Իսկ ահա Ս. Նարիշկինի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման ընթացքում Տ. Սարգսյանը փաստեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, որում կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչ 2020 թվականը նախատեսվող համատեղ ծրագրերը: Նարիշկինն էլ, ի պատասխան, խոսեց Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման մասին: Այնուհետեւ խոսակցության թեման կրկին Եվրասիական միության մասին էր: Եվ արդյունքում տպավորությունն այն է, որ արագ թափով գործողության մեջ է մտնում ՙՆերդրումներ` Եվրասիական միություն մտնելու դիմաց՚ բանաձեւը:

