ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16Այժմ այս, գրեթե արձակուրդային, սեզոնում հանրության ուշադրությունը կենտրոնացած է ՙհայրաքաղաք՚ Գյումրիի վրա: Չտեսնված բան է` երերացել են ՙանփոխարինելի՚ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիրքերը: Ճիշտ է, ինքը` դեռեւս քաղաքապետը, պնդում է, որ իր աշխատանքից դժգոհ են բացառապես ՙսատանեքը՚, բայց փաստ է, որ ՙսատանեքի՚ շարքում սկսել է երեւալ եւ ՀՀԿ-ն:
ԱՄԱՌՎԱ ՇՈԳԵՐԻՆ` ՙԳՅՈՒՄՐՎԱ ՏԺՎԺԻԿ՚
Առաջին նախանշանները երեւացին այն ժամանակ, երբ Վարդանիկը հայտարարեց, որ իր բնույթով ապակուսակցական մարդ է եւ միգուցե առաջադրվի ՙժողովրդի ցանկությամբ՚` անկախ ՀՀԿ-ի կողմից պաշտպանվելու կամ չպաշտպանվելու հանգամանքից: Ի պատասխան` ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդվարդ Շարմազանովը մեղմ, բայց հստակ նրան հրապարակավ դաս տվեց, թե ինչ բան է կուսակցական կարգապահությունը, եւ ինչպես պետք է իրեն դրսեւորի ամեն մի կուսակցական` շարքայինից սկսած, ղեկավարով վերջացրած: Կուսկարգապահության դասերը շարունակվեցին նաեւ, երբ ԱԺ նախագահն այցելեց Գյումրի, եւ Վարդան Ղուկասյանը դիմում ներկայացրեց, որ հրաժարական է տալիս ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից:
Ու արդեն, ինչպես ՙփաստերի կրիտիկական զանգվածի՚, այնպես էլ լրատվական դաշտի տոնայնությունից պարզ դարձավ, որ այս աշուն Գյումրին հրաժեշտ է տալու ՙհավերժական՚ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` իր, մեղմ ասած, տարօրինակություններով եւ կրիմինալի հետ սերտորեն կապված եւ շարունակաբար անպատիժ մնացող Սպարտակ զավակով հանդերձ: Ճիշտ է, նույն Սպարտակը այժմ ՙհրաժեշտի գաստրոլներ՚ է տալիս, ԶԼՄ-ների վկայությամբ, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով Սամվել Բալասանյանի տան մոտ եւ իրենից վախեցողներին զոռով քշելով` ի պաշտպանություն Վարդանիկի բողոքի ակցիաների, նաեւ հոխորտալով, որ Երեւանում ընդունված ցանկացած որոշման վրա թքած ունեն, սակայն դա չի կարող փոխել այն իրողությունը, որ Վարդանիկին ՙդուրս են գրում՚ ամենաբարձր մակարդակով:
Անշուշտ, այդ գործընթացում օբյեկտիվորեն իր դերն ունի եւ այն հանգամանքը, որ Գյումրիում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցանիշները բավականին համեստ էին, սակայն հիմնականը դա չէ: Հիմնականը ՀՀ նախագահի գլխավորությամբ ՀՀԿ-ի որդեգրած ուղեգիծն է` աստիճանաբար իրականացնել վերնախավի ապակրիմինալացում եւ ապաօլիգարխացում, ինչի վկայությունները հերթականությամբ տեսանք:
Այսպես, ՙՀարսնաքարի՚ ողբերգությունից հետո Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելը, պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն` կատարած հանցագործությունների համար նույնպիսի ընթացակարգով պատասխանատվության ենթարկելը, ինչ շարքային հանցագործին. դրանք նախադեպեր են, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ ցանկացած ոք կդասեր ֆանտաստիկայի ժանրին: Նաեւ ավելի ՙմանր՚ դեպքեր. ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է կիրառել օլիգարխ պատգամավորների կողմից ավտոճանապարհային այնպիսի խախտումների պարագայում, ինչպիսիք են ամրագոտու չգցելը կամ ԱՊՊԱ կտրոնը չփակցնելը... Այդ ամենը, թեեւ առանձին-առանձին զուտ դեպքեր են, որ ունեն ՙանհատական՚ բացատրություններ ու մեկնաբանություններ, բայց հանրագումարում աստիճանաբար մթնոլորտ են փոխում, ստեղծում են օրինաչափություն:
Գյումրիի պարագայում օդիոզ Վարդանիկին ՙդուրս գրելուց՚ հետո նաեւ ուշագրավ տեղաշարժ եղավ եւ ԲՀԿ-ի դաշտում: Եթե ի սկզբանե ծրագրված էր, որ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն հանդես էր գալու պատգամավոր Մարտուն Գրիգորյանով, ապա այժմ ավելի գերադասելի համարեց առաջ չքաշել այդ, գործնականում ամբողջովին կրիմինալացված, կադրին եւ առաջ քաշել Սամվել Բալասանյանին, որը, թեեւ չի կարող համարվել անթերի որակներ ունեցող, բայց, այնուամենայնիվ, հանրության կողմից չի արձանագրվել, որ ինչ-ինչ նկատելի կամ էական կրիմինալ դրսեւորումներ ունեցած լինի: ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես չի արտահայտվել, թե Գյումրիի ընտրություններում ում է սատարելու, սակայն արդեն իսկ շրջանառվում է վարկած, որ ամենեւին դեմ չէ Սամվել Բալասանյանի թեկնածությանը: Զորօրինակ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ բավականին դրական է գնահատել Սամվել Բալասանյանի անձը, գումարած դրան` նշել, որ պարտադիր չէ ամեն համայնքային ընտրության ժամանակ սեփական թեկնածուով հանդես գալը: Այսինքն` նույնիսկ չի բացառվում, որ ՀՀԿ-ն անգամ գնա այլ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետ տարբերակին, եթե դա լուծում է նույն Գյումրիի ապակրիմինալացման խնդիրը: Համենայնդեպս, եթե լիներ Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան մրցակցության տարբերակը Գյումրիի քաղաքապետի համար, ապա դա հաստատ կլիներ կրիմինալ մրցակցության վատագույն սխեման, որը կարելի է պատկերացնել` դրա բոլոր անընդունելի հետեւանքներով հանդերձ:
Ապակրիմինալացումը ոստիկանական համակարգ էլ հասավ: Պատահական չէ, որ ՀՀ նախագահն անձամբ մասնակցեց ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, ուր, որպես ամենաէական թերություններ, մատնանշեց քրեական հետաքննությունների ցածր որակը եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից հարուցված քրգործերի գրեթե իսպառ բացակայությունը: Այսինքն` պետք է սպասել, որ ուսադիրներ կրող, սակայն գողական կատեգորիաներով առաջնորդվող եւ համապատասխան բառապաշար օգտագործող ոստիկաններն աստիճանաբար կհայտնվեն իրենց իսկական տեղում` հանցաշխարհի ներկայացուցիչների կողքին` համապատասխան հիմնարկությունների ցանկապատից ներս: Թե չէ պարզապես ամոթ է, որ մինչեւ հիմա ունենք քննիչներ, ովքեր քաղաքացուն կարող են դիմել ՙապե, լսի` քեզ ինչ եմ ասում՚ տարբերակով:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ` ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ
ՎԵՐԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆ
Չէ, ԲՀԿ-ն ակնհայտորեն չի կամենում տեղավորվել ԼՏՊ-ի ՙքաղաքագիտական վերլուծությունների՚ սխեմայի մեջ ու ՙնարնջագույնների՚ համար կրակից շագանակներ քարշ տալ: Քիչ էր, որ ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն տարավ ՀԱԿ-ի ընտրազանգվածի առյուծի բաժինը ու դրա դիմաց չկամեցավ ընդդիմություն կոչվել, հիմա էլ գործնականում չի մասնակցում տարատեսակ ՙնարնջագույն՚ նախաձեռնություններին: Փաստորեն, ԲՀԿ-ի մասնակցությամբ ՀՀԿ-ի դիրքորոշմանը հակառակ միակ ռեալ դրսեւորումը կառավարության ծրագրին դեմ քվեարկելն էր: Իսկ այն նախաձեռնությանը, որ Վահե Ավետյանի սպանության դեպքով ստեղծվի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, մասնակցեցին ԲՀԿ-ական ընդամենը 7 պատգամավորներ, մնացյալն էլ բարեհաջող գտան ՙտեխնիկական անհնարինության՚ ձեւեր: Դրա շարունակությունն էլ լրիվ դրամատիկ եղավ. ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ կողմից ՙՀարսնաքարի՚ դեպքի վերաբերյալ կառավարությանը եւ գլխավոր դատախազությանն ուղղված հարցաշարը կազմելու ու այն հասցեատիրոջն ուղարկելու գործին ընդամենը ԲՀԿ խմբակցության մեկ անդամ է մասնակցել` Ստեփան Մարգարյանը, ով իր ՀՀՇ-ական երիտասարդության տարիներին կրում էր Ղարագեբակյան ազգանունը: Վերջինս էլ ԲՀԿ-ի` չմասնակցելու հետաքրքիր պատճառաբանություն բերեց` մեղավոր հանելով խեղճուկրակ բեղաթրաշ Րաֆֆու կուսակցությանը, որը, ըստ Մարգարյանի, կարծես աշխատում է հատուկ ԲՀԿ-ի դեմ եւ արտաքին ինչ-որ առաջադրանքներ կատարում:
Դե ինչ, ԲՀԿ-ն բավականին իներտ է ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ նախաձեռնությունների հանդեպ, ՙԺառանգության՚ հետ ընդհանրապես վերջերս փոխադարձաբար որդեգրվել է զմիմյանս ՙէ°լ գող փիսո, է°լ քաչալ շուն՚ անվանելու մարտավարությունը, գումարած դրան` վերջերս էլ այս կամ այն չափով դրսեւորվում է Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի մեծամասնության միջեւ, մեղմ ասած, սառնություն: Ճիշտ է, բանը հրապարակային մեղադրանքների չի հասել, բայց մի կողմից ԲՀԿ-ն բավականին անտարբեր է այն հանգամանքի վերաբերյալ` արդյոք Վարդան Սիվիլիթասովիչի նկատմամբ ԱԱԾ-ում քննվող մորմոնական փողերի լվացման գործը կավարտվի± ՙԿԳԲ-ի պադվալով՚, թե± ոչ, իսկ քաղաքական վերլուծաբաններն էլ վերջին շրջանում ՙՍիվիլիթասին՚ պատկանող ՙՍիվիլնեթ՚ ինտերնետային հեռուստաալիքի տեղեկատվական քաղաքականությունը նկատել են ԲՀԿ-ն անբարենպաստ լույսի ներքո ներկայացնելու միտումը: Դե պարզ է, թե, ի վերջո, ինչով այդ ամենը կավարտվի` ԲՀԿ-ի ջախջախիչ մեծամասնությամբ եւ օսկանյանական փոքրիկ թեւի հրապարակային սահմանազատումով, որը կարող է լինել քաղաքական ապահարզանով կամ առանց դրա: Ավելին` առաջիկայում եւ, հավանաբար, դեռ բավականին երկար ժամանակ քաղաքական հիմնական ինտրիգը լինելու է` արդյոք ԲՀԿ-ն կպաշտպանի± Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին: Գալուստ Սահակյանը պնդում է, որ, քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարությունով չի հրաժարվել 2011-ի կոալիցիոն հուշագրից, այն ինքնաբերաբար ունի պարտավորություն` պաշտպանելու հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բայց փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն ո°չ պաշտոնապես հրաժարվում է 2011-ի հուշագրի համապատասխան պարտավորությունից, ո°չ էլ պաշտոնապես հայտարարում, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսինքն` ենթադրաբար դա` որպես շարունակություն, ունենալու է ՀՀԿ-ԲՀԿ դասական քաղաքական ստվերային կամ հրապարակային սակարկության ձեւաչափ:
Իսկ ընդդիմադիր դաշտում գնալով հասունանում է այն մոտեցումը, որ ընդհանրապես ապակառուցողական է ԲՀԿ-ի հետ որեւէ ձեւաչափով գործ ունենալը: Դրա դասական արտահայտիչը ՀԱԿ-ին հրաժեշտ տված Դավիթ Շահնազարյանն է, ով հայտարարել է, որ, համագործակցելով ԲՀԿ-ի հետ, ՀԱԿ-ը նպաստում է ՙքոչարյանիզմի վերածննդին՚, եւ ընդհանրապես ինչ գործ ունի ազատական ուժը ԲՀԿ-ի հետ, որը կողմնորոշված է դեպի Եվրասիական միություն, այլ ոչ թե Արեւմուտք եւ ՙնարնջագույն՚ ընդդիմության շեֆության շեֆ Վաշինգտոն:
Երկրի մթնոլորտն էլ առանձնապես չի նպաստում ՙնարնջագույն՚ գործունեության ծավալմանը: Դե, թեեւ ԱՄՆ-ն իր դեսպան Ջոն Հեֆֆերնի շուրթերով ուղիղ տեքստով ասել էր, որ Օսկանյանն ու ՙՍիվիլիթասը՚ իրենց համար կարեւորագույն գործընկերն են` փաստացի թիվ 1-ը, բայց քրգործը չդադարեցվեց, եւ ամերիկյան ճնշումներին տեղի չտալը երեւաց երեկվա դատական նիստից, որի ընթացքում ռուսական հայտնի հասցեով ուղարկվեց առայժմ վկայի կարգավիճակ ունեցող Օսկանյանի այն հայցը, որով նա խնդրում էր չեղյալ համարել ԱԱԾ-ի` քրգործ հարուցելու մասին որոշումը: Վստահաբար հաջորդ դատական ատյաններն էլ կրկնելու են առաջին ատյանի քայլը, դե, իսկ մինչեւ բանը հասնի Եվրադատարան, նախագահական ընտրություններն էլ կայացած կլինեն: Համ էլ հետաքրքիր կլինի ապագայում նաեւ փորձարկել այնպիսի նախադեպը, ինչպիսին է ՀՀ-ի կողմից Եվրադատարանի այն վճիռների չկատարումը, որոնք հակասում են մեր երկրի ինքնիշխանության սկզբունքին:
ՙՆարնջագույններին՚ առավել բարենպաստման ռեժիմ չտրամադրելու ընդհանուր ուղեգծի մասին վկայում է նաեւ այն, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները` պրոֆեսիոնալ սադրիչ Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ, շալակեցին 2-6 տարի բանտարկության պատժաժամկետներ: Հիշեցնենք, որ այդ խմբի միջոցով ՀԱԿ-ը իշխանության հետ ՙերկխոսելու՚ ժամանակահատվածում փորձեց հաշվել իշխանության ատամները` գիշերային սադրանք սարքելով ոստիկանության գլխին, սակայն այդ փորձը չանցավ, եւ հիմա այդ փորձարարության համար կատարողները վճարում են ռեալ ազատազրկումով: Դա մի կողմից ՙնարնջագույններին՚ զրկում է այն հույսից, որ հնարավոր է երիտասարդությանը խանդավառել դեպի զանգվածային անկարգությունները, մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ ՙբեսպրեդելը՚ պատժելի է` անկախ ճամբարային պատկանելությունից: Բնական է, որ եթե ՀՀԿ-ամերձ այնպիսի ՙբեսպրեդելի՚ սիրահար, ինչպիսին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին է, իրավական սանկցիաների է ենթարկվում մինչեւ ոստիկանի խազը, ապա նույնը լինելու է եւ ՙնարնջագույն բեսպրեդել՚ իրականացնողների դեմ: Ու, բարեբախտաբար, այժմ իշխանությանը չի մտահոգում ո°չ ամերիկյան ՙմտահոգությունը՚ Վարդան Օսկանյանի վերաբերյալ, ո°չ էլ երիտասարդ ՀԱԿ-իստներին քաղբանտարկյալ որակելու փորձերը:
Համ էլ մեր հյուսիսային դաշնակից Ռուսաստանը արդեն բռնել է այն ուղին (այն էլ` ընդօրինակելով ԱՄՆ-ի 1939-1960 թվականների փորձը), որ արտերկրյա ֆինանսներով գործող կամ արտերկրյա հրահանգներ կատարող կառույցներին օրենքով պարտավորեցվում են պաշտոնապես գրանցվել որպես օտարերկյա ազդեցության գործակալներ: Հիմա պատկերացնո±ւմ եք` ինչ վիճակում են հայտնվելու հայրենական գրանտածիծները, եթե մեր երկրում էլ ընդունվի օրենք, համաձայն որի` նրանք արդեն ոչ միայն ժողովրդի բանահյուսությունում, այլեւ միանգամայն գրավոր ու պաշտոնապես հարկադրված լինեն հայտարարագրվել որպես ՙշպիոն Օնիկներ՚:
Ինչեւէ, աշնանը քաղաքական մեկնաբաններն ահագին կզվարճանան, երբ սկսվի ՙնարնջագույն՚ ճտերին հաշվելու գործընթացը: Ով գիտի` միգուցե եւ հանկարծ, որպեսզի անհարմար բան չստացվի, նաեւ ստիպված լինեն որոշ քանակությամբ ՙնարնջագույն՚ ներկ ձեռք բերել խանութներից... Բայց չշտապենք, առավել եւս, որ դեռ առջեւում է Օպերայի տանիքին +40-ը գերազանցող թվերը տեսնելը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

