ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է
Արխիվ 12-16ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է
Ինչպես եւ առիթ ունեցել էինք կանխատեսել, այսպես կոչված, ՙՍիրիական ազատ բանակի՚ ՙՀրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում՚ անվանումով օպերացիան այդպես էլ չհանգեցրեց այն արդյունքին, ինչը իրենց հիմնական նպատակն էին համարում սիրիական զինյալ ընդդիմադիրները: Այն է` երկրի տարբեր հատվածներում կազմակերպված միաժամանակյա հարձակումների միջոցով տապալել նախագահ Բաշար Ասադին:ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՙՀՐԱԲՈՒԽԸ՚ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ
ՄԱՐԵՑ
Եվ ավելին, սիրիական պաշտոնական բանակը այս վերջին օրերին կարողացավ ոչնչացնել ոչ միայն Դամասկոս ներխուժած խմբավորումներին, այլ նաեւ կատարյալ վերահսկողություն սահմանել Սիրիայի մյուս քաղաքներում, այդ թվում` մեծությամբ երկրորդ քաղաքում` Հալեպում:
Առիթ ունեցել էինք կանխատեսել նաեւ, որ իրականում ՙՀրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում՚ ռազմական օպերացիայի առջեւ ամենեւին էլ դրված չէր եւ չէր էլ կարող դրված լինել Ասադին տապալելու խնդիր այն պարզ պատճառով, որ սիրիական պաշտոնական ավելի քան 200 հազարանոց եւ ժամանակակից զինվածությամբ բանակին առավելագույնը 9-10 հազարանոց ընդդիմադիր զինյալներով հաղթելը պարզապես հնարավոր չէ: Եթե անգամ զինյալները շարունակեն գործել քաղաքներ` բնակչության տեղաբաշխման խիտ վայրեր հանկարծակի մուտք գործելու ու մարտեր սկսելու տակտիկայով, էլի լուրջ արդյունքներ ակնկալել չեն կարող, քանի որ համապատասխան թվակազմից զատ չունեն նաեւ քիչ թե շատ լուրջ զինվածություն: Դամասկոսի եւ Հալեպի դեպքերն էլ ցույց տվեցին, որ կառավարական ուժերը արդեն պատրաստ են քաղաքային մարտերի այդ ռազմավարությանը ու շարունակում են գնալով էլ ավելի մեծ պատրաստվածություն ձեռք բերել այդ ուղղությամբ:
Օրինակ` վերջին ժամանակներս, սիրիական բանակում մինչեւ 40 օրվա կարգի կրճատել հատուկ նշանակության ջոկատայիններ պատրաստելու ուսումնական ծրագրերը եւ արդյունքում կարճ ժամանակահատվածում նախատեսում են այդ զորատեսակի ընդհանուր թվակազմը հասցնել առնվազն 20-30 հազար մարդու: Հիմնական շեշտը դրված է ՙսպեցնազայիններին՚ քաղաքային պայմաններում լոկալ օպերացիաների կազմակերպմանը սովորեցնել, այսինքն` գնալով Ասադի համար ավելի հեշտ է դառնալու զինված ընդդիմադիրների դեմ կռիվները:
Անշուշտ, այս տեսանկյունից ժամանակը աշխատում է սիրիական իշխանությունների օգտին, այսինքն` գնալով փոքրանում է միայն երկրի ներքին ուժերի եւ դրսի վարձկանների` համեմատաբար փոքրաթիվ ջոկատների օգտին Սիրիայում ներքին հեղաշրջում իրականացնելու արեւմտյան ծրագրերի հավանականությունը: Ճիշտ է, կան տվյալներ, որ վերջին օրերին սիրիական ընդդիմադիրների կողմից գրավված սահմանային անցակետերով փորձ է կատարվել Թուրքիայից տեղափոխել համեմատաբար լուրջ զենք-զինամթերք, եւ, մասնավորապես երկիր-օդ դասի հրթիռներ, առանց որոնց ընդդիմադիր ուժերը բացարձակապես շանս չունեն ժամանակակից ավիացիայով զինված սիրիական բանակի դեմ: Բայց գործնականում Ասադին արդեն իսկ հաջողվել է վերահսկողության տակ առնել սահմանային անցակետերը, իսկ այս ընթացքում սահմանից այն կողմ անցակցված ռազմական օժանդակության քանակը, համաձայն սիրիական տարբեր աղբյուրների` այնքան էլ էական չէ:
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ համենայնդեպս այս պահին էական փոփոխություններ սիրիական թատերաբեմում չկան. ընդդիմադիր ուժերը, որոնց, ըստ արեւմտյան որոշ լրատվամիջոցների տվյալների, օժանդակում է ՙԱլ-Քայիդայի՚ առավելագույնը 6000 զինյալներ, իրենից հեղաշրջում անող ուժ չի ներկայացնում: Դրա հետ մեկտեղ` չնայած կրկին արեւմտյան լրատվամիջոցները մի իսկական քարոզչական շոու էին սարքել, թե Ասադի մոտ կա դասալքության լրջագույն խնդիր, այնուամենայնիվ, այս վերջին մարտական գործողություններն ապացուցեցին, որ դա այդպես չէ ու Սիրիայի պաշտոնական բանակը վերահսկում է իրավիճակը: Քարոզվում էր նաեւ բնակչության զանգվածային արտագաղթի մասին, սակայն նույնիսկ ՄԱԿ-ի տվյալներով` 20-22 մլն-անոց սիրիացիներից առավելագույնը 130-150 հազար մարդ է դուրս եկել երկրից: Այն էլ` հիմնականում մոտ 80-100 հազարը հարեւան Լիբանանում եւ Հորդանանում են, ասել է թե ցանկացած պահին պատրաստ են վերադառնալ իրենց տները: Եվ բացի այդ, Դամասկոսի եւ Հալեպի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սիրիայում ընդդեմ Ասադի լայն ժողովրդական շարժում պարզապես գոյություն չունի, ինչքան էլ որ դա թմբկահարի Արեւմուտքը: Համենայնդեպս այդ քաղաքներ ներխուժած զինյալներին լայն ժողովրդական աջակցություն ցույց տալու մասին փաստեր պարզապես չկան: Իսկ դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ Ասադին հաջողվում է պահպանել համեմատաբար կայուն վիճակ: Ընդհուպ մինչեւ առաջացած մի շարք անլուծելի թվացող ֆինանսական խնդիրներ կարծես թե իրենց լուծումը գտնում են: Օրինակ` կանխիկ ֆինանսական միջոցների բացակայության լուրջ խնդրի առաջ էին հայտնվել սիրիական բանկերը, ինչը նշանակում էր երկրում դրամական միջոցների ճգնաժամային սակավություն, այսինքն` սոցիալ-տնտեսական պայթյունի հեռանկար: Եվ ահա կան տվյալներ, որ Ավստրիայի փոխարեն Սիրիան սկսել է իր դրամանիշերը տպագրել Ռուսաստանում ու այդ կերպ արդեն լուծում է փողի խնդիրը:
ԿԱ ՆԱԵՎ ԱՍԱԴԻՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Թե ինչքան կշարունակվի այս հարաբերական կայուն իրավիճակը, այնքան էլ դժվար չէ կանխատեսել: Այս ամբողջ իրավիճակը գալիս է ապացուցելու, որ ՙՀրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում՚ օպերացիայի գլխավոր նպատակը իրոք ոչ թե այդ պահին Ասադին տապալելն էր, այլ անցած հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննության առնված Սիրիայի թեման: Ավելի ճիշտ` որ ներքին, այդքան բուռն բախումների միջոցով հիմքեր ապահովեր ԱԽ-ի անդամ արեւմտյան տերություններին` Սիրիա ռազմական ներխուժումն իրականացնելու որոշում կորզելու հարցում: Ինչպես հայտնի է, այս անգամ էլ այդ նախաձեռնությունը բախվեց Ռուսաստանի եւ Չինաստանի վետոին, եւ արդյունքում ԱԽ-ն ընդունեց վերջին պահին ծնունդ առած բրիտանական տարբերակը, որն առաջարկում էր ընդամենը Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգել 1 ամսով: Ու միաժամանակ կոչ է հնչեցվում հակամարտող կողմերին` դադարեցնել բռնությունները: Սակայն այդ որոշման հաջորդ օրվանից իսկ` հուլիսի 21-ից մարտական գործողությունները շարունակվում են ու դրանց վերջը չի էլ երեւում: Այսինքն` առնվազն անտրամաբանական կլինի ենթադրել, որ այդ մեկամսյա ժամանակահատվածում Սիրիայում կդադարեն բոլոր մարտերը: Եվ հատկապես այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Սիրիայում կենտրոնացած է ՙԱլ-Քայիդայի՚ առնվազն 6 հազարանոց խմբավորում, այսինքն` վարձկանների մի ամբողջ բանակ, որոնք փող են ստանում կռվելու համար: Այսինքն` օգոստոսի 21-ին կրկին լրանում է դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը, ինչը նշանակում է, որ առնվազն օգոստոսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կայացնի հերթական որոշում: Տարբերակները այնքան էլ շատ չեն. կա°մ Արեւմուտքը վերջնականապես պետք է կողմնորոշվի ու առանց ՄԱԿ-ի թույլտվության հարվածի Սիրիային, կա°մ կրկին շարունակվելու են այս վետոների քաղաքականությունը:
Ամեն դեպքում թուրքական աղբյուրները հավաստիացնում են, թե այս օրերին Թուրքիայում են կենտրոնացել Արեւմուտքի մի շարք հատուկ ծառայությունների մասնագետներ ու մշակում են հնարավորինս շուտ Ասադին տապալելու ծրագրեր: Ընդ որում քննարկվող տարբերակների թվում են հենց իրենց` այդ հատուկ ծառայությունների կամ համապատասխան երկրների ռազմական հատուկ ստորաբաժանումների միջոցով Ասադին ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակը: Մոտավորապես այն սխեմայով, ինչպես որ իրականացվեց դամասկոսյան վերջին հայտնի պայթյունը, որի արդյունքում ոչնչացվեցին Սիրիայի ռազմական մի քանի ղեկավարներ: Ավելին, ռազմական որոշ փորձագետներ մատնանշում են, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում արդեն իսկ ձեւավորվել են նման օպերացիաների համար նախատեսված կոնկրետ ստորաբաժանումներ: Այսինքն` մոտավորապես 2-3 հարյուր մարդուց բաղկացած հատուկ ջոկատայինների այդ խմբերը կենտրոնացված են լողացող բազաներում եւ այդտեղից հաշված րոպեների ընթացքում կարող են սկսել ահաբեկչական, դիվերսիոն, հետախուզական ու այդ կարգի կարճաժամկետ հատուկ օպերացիաներ: Ընդ որում նույն աղբյուրները այն կարծիքին են, որ դամասկոսյան պայթյունը իրականացվել է հենց նման խմբերից մեկի միջոցով, ինչպես նաեւ որ հենց այդ տարբերակով կարող են կազմակերպվել Սիրիայի բարձրաստիճան ղեկավարներին ոչնչացնելու այլ օպերացիաներ եւս:
Ի±նչ արդյունք կտա այս նոր մարտավարությունը. բնականաբար, դա միայն ժամանակը կարող է ցույց տալ: Այնուամենայնիվ, եթե այս կարգի քայլերն էլ չհաջողվեն, ապա օգոստոսի վերջը այն ժամկետն է, երբ ԱՄՆ-ն արդեն պետք է վերջնականապես կողմնորոշվի Սիրիային հարվածել-չհարվածելու հարցում: Այս հաշվարկը հիմնված է նրա վրա, որ նույնիսկ եթե նման օպերացիան ընթանա լիովին հարթ, ապա էլի առնվազն մեկ ամիս ժամանակ մոտ 5-6 հարյուր հազարանոց զորք, 2000-ի կարգի օդուժ եւ նույն տպավորիչ քանակությամբ այլ զինտեխնիկա է պահանջվում Ասադին վերջնականապես տապալելու համար: Ընդ որում մասնագետները հաշվարկում են նաեւ այն ներքին բախումները, որ արտաքին օպերացիային զուգահեռ` կսկսվի երկրի ներսում: Վատագույն դեպքում նման հարձակումը կարող է ձգձգվել մի քանի ամիս, եթե, իհարկե, այն հաջողությամբ ավարտել հնարավոր լինի: Այսինքն` եթե այդ հարձակումը չսկսվի ամենաուշը սեպտեմբերի կեսերին, ապա կստացվի այնպես, որ ամերիկյան նախագահական ընտրությունների պահին երկիրը կգտնվի նման բարդ պատերազմական վիճակում: Իսկ սեպտեմբերի կեսերին հարձակում սկսելու համար դրա մասին որոշում պետք է կայացվի արդեն օգոստոսի վերջերին, այսինքն` ԱԽ-ի կողմից սիրիական հարցը հերթական անգամ քննարկելուց անմիջապես հետո: Սակայն վերլուծաբանները շարունակում են հոռետեսորեն մոտենալ այն տարբերակին, որ կգործի լավագույն սխեման` ու պատերազմը կավարտվի հաշված շաբաթների ընթացքում: Մյուս կողմից էլ մի շարք վերլուծաբաններ դեռ մատնանշում են այն փաստը, որ Օբաման ընտրությունների է գնում վախվորած նախագահի պիտակով, ինչը գնալով ավելի է թափ առնում ու գործող նախագահից ավելի ու ավելի շատ ձայներ է խլում: Այդ տպավորությունը շուռ տալու երաշխիքը Սիրիայում հաջող օպերացիան է: Մի խոսքով առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն հնարավորություն կլինի վերջնականապես հասկանալ Սիրիայում մինչեւ հաջորդ տարվա սկզբները պատերազմ լինել-չլինելու հարցի հետ կապված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

