Սիրիայում ներքաղաքական բախումները շարունակվում են: Խռովարարները կիրակի` Հալեպի իբր ՙազատագրման՚ համար մարտերից առաջ, հայտարարել են, որ կպաշտպանեն քաղաքի կրոնական եւ ազգային բոլոր փոքրամասնություններին:
Սիրիահայության այժմյան անվտանգության եւ ապստամբների խոստումների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ: - Ըստ Ձեզ, կարելի± է հավատալ խռովարարների հավաստիացումներին: - Կարծում եմ, որ կոնկրետ հայերի եւ ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, անգամ հեղափոխությունից հետո, շեշտակի փոփոխություններ չեն լինի: Որովհետեւ հարգանք կա այդ համայնքների նկատմամբ, եւ դա այնքան իշխանությունից չի բխում, որքան հասարակության գիտակցությունն է, այսինքն` Սիրայի հասարակությունը բավական հանդուրժող է: Չեմ կարծում, որ հնարավոր իշխանափոխության պարագայում վերաբերմունքը միանգամից կփոխվի, կամ սիրահայերը, օրինակ, կհայտնվեն ռեալ վտանգի առջեւ: Այս ամենի հետ միասին, չեմ բացառում նաեւ, որ, երկարատեւ քաղաքականության առումով, իհարկե, որոշակի առավելություններից կզրկվեն: Այն առավելություններից, որ ունի հայ համայնքը այժմ` Ասադի իշխանության ժամանակ, քանի որ Ասադի ընտանիքը նույնպես փոքրամասնությունների թվին է պատկանում եւ, կարծես թե, իրեն բախտակից համայնքների նկատմամբ վերաբերմունքը այլ էր: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խոստմանը նրանք հավատարիմ կլինեն: Իհարկե, եթե արտաքին միջամտության, մասնավորապես` Թուրքիայի գործոնը դերակատարություն չունենա հեղափոխության մեջ: - Գտնում եք, որ Հալեպում ինքնապաշտպանության կամ էվակուացիայի կարիք չունե±ն հայերը: - Ճիշտն ասած, Հալեպում մի քիչ բարդ է ինքնապաշտպանությունը կազմակերպելը, որովհետեւ կոմպակտ բնակեցված թաղամասեր չունենք: Բայց, կարծում եմ, որ այն նեյտրալիտետը, որը ունի հայ համայնքը ներքաղաքական զարգացումների հետ կապված, ամենալավ պաշտպանության ձեւն է այսօր: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի կոնֆլիկտի զոհ չդառնալ, եւ դա ամենագլխավորն է այս պահին: