Քանի որ վերջին շրջանում երկրի կարեւոր հարցերը քննարկվում եւ հաճախ կիսալուծում են ստանում ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում, հիմա էլ վիրտուալ հանրությունը որոշել է լուծել նաեւ սիրիահայության խնդիրը`
ՙՊահանջում ենք իշխանություններից շտապ միջոցներ ձեռնարկել սիրիահայության էվակուացիայի համար՚: Մինչդեռ քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ վստահ չէ, որ անգամ հեղափոխության դեպքում, էվակուացիայի անհրաժեշտություն լինի. - Նախեւառաջ էվակուացիայի անհրաժեշտություն կլինի միայն արտաքին ինտերվենցիայի պարագայում, մասնավորապես, եթե Սիրիա ներխուժեն թուրքական բանակի ստորաբաժանումները: Հակառակ պարագայում, այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իհարկե, սոցիալական բախում է: Իմ կարծիքով, ազգությամբ հայ քաղաքացիները Սիրիայի այդ հեղափոխական գործընթացի արդյունքում շատ ռեալ վտանգի առջեւ, այնուամենայնիվ, չեն կանգնի: Բացի դրանից, գտնում եմ, որ այս պահի դրությամբ ժամանակավրեպ է խոսել շտապ էվակուացիայի մասին: Իհարկե, պետք է պատրաստություն տեսնել եւ որոշ տեղեկություններով արդեն պետական մարմինները զբաղվում են այդ հարցերով: Անհրաժեշտության պարագայում, կարծում եմ, չարթերային թռիչքներով կամ այլ ճանապարհներով կկազմակերպվի աջակցություն սիրիահայության համար, անգամ էվակուացիայի խնդիր կարող են լուծել: Բայց, համենայն դեպս, հիմա բարձրացնել այդ հարցը եւ այն էլ նման սրությամբ, խիստ ժամանակավրեպ է: