ՙՙՙՄԻԳՈՒՑԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ՄԻԳՈՒՑԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ
Թեեւ նախատեսված էր, որ ամռան սկզբին պետք է սկսվեն մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքները (այդ մասին մենք էլ էինք ժամանակին գրել), սակայն այն դեռեւս բնականոն հունով աշխատում է: Այս մասին Panorama.am-ին ասել է տուն-թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆԸ:Վերակառուցման նախագիծն արդեն Մշակույթի նախարարության կողմից հաստատվել է, քաղաքապետարանում ՙսպասում՚ է քաղաքաշինական խորհրդի հաստատմանը: Ու նաեւ պետք է բյուջեով հաստատվեն շինարարության ծախսերը: ՙԱնորոշ վիճակ է, չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կսկսվեն շինարարական աշխատանքները՚,- նշել է Ռ. Սարյանը:
Բանից պարզվում է, որ խոսակցություններն այն մասին, որ թանգարանում պետք է սկսվեն շինարարական աշխատանքներ, ազդել է իրենց այցելուների հոսքի վրա. ՙՄեր այցելուները քչացել են: Բայց թանգարանի դռները բաց են, ու այն նորմալ աշխատում է, իսկ փակվելուց հետո չգիտենք էլ, թե երբ կվերաբացվի՚:
Վերակառուցման ծրագրով նախատեսված են նաեւ լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած` իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուն` 247 թանգարանային առարկա, ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը:
Փաստորեն ստացվել է այնպես, որ լրատվությունը, տվյալ դեպքում` տուն-թանգարանը վերանորոգելու վերաբերյալ հրապարակումները խանգարել են տուն-թանգարանին. պակասել են այցելուները:
Մենք կփորձենք ՙՀետաքննություն՚ հավելվածում ներկայացնել, թե ինչու են ձգձգվում վերակառուցողական աշխատանքները, ում մեղքով: Իսկ միգուցե պարզապես փոշմանել են, քանի որ բյուջեում փող չկա±:
ԹՈՒՐՔ ՙԱՐՎԵՍՏԱԲԱՆՆ՚ ՈՒ ՙՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐ՚-Ը
Իսկ ահա թուրքական մամուլում արագորեն տարածվել է Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի Մշակույթի եւ արվեստի միության նախագահ Վեդաթ Աքչայոզի այն հայտարարությունը, որ Անիի ավերակները պետք է զբոսաշրջիկներին ներկայացվեն ՙՀազար ու մի գիշեր՚ հեքիաթների ներկայացման ձեւով: Ահա այսպիսի ՙհանճարեղ՚ գաղափար: Զարմանալին այն է, որ թուրք ՙարվեստաբանը՚ եղել է Հայաստանում, Կարսում կազմակերպված հայ-թուրքական տարբեր պլատֆորմների ժամանակ խոսել մշակութային ինչ-որ համագործակցության մասին, սակայն իր այս հայտարարության մեջ, թե Անին պետք է ներկայացվի ՙՀազար ու մի գիշեր՚ հեքիաթների տեսքով, ոչ մի բառ չկա Անիի` հայկական լինելու մասին:
Ընդ որում, զավեշտալին այն է, որ Վեդաթ Աքչայոզը նշել է, որ Անին բազմաթիվ քաղաքակրթություններ է ունեցել, ու թվարկել է ցանկը` ուրարտացիներ, խուռիներ, պարսիկներ, բյուզանդացիներ, օսմաններ, սելջուկներ եւ Վրաստանից եկածներ:
Ահա այս մարդը, ՙարվեստաբանն՚ է ցանկանում հայերի հետ մշակույթային կապեր ստեղծել, բայց Անիում ներկայումս կանգուն մնացած կառույցների, եկեղեցիների կառուցողներին ոչ մի կերպ չի հիշում: Եվ մենք համոզված ենք, որ հայ-թուրքական մշակութային կապերի մասին ճառեր արտասանողները լավ էլ պատկերացնում են, թե ում հետ գործ ունեն, եւ նրանց գրավողը մնացել ու մնում է հերթական գրանտը:
Բացի այդ, թուրքերի ջրաղացին ջուր են լցրել ու շարունակում են լցնել մեր որոշ ՙգիտնականների՚` Ուրարտական թագավորության անհարկի ու անիմաստ հիշատակումները: Բայց դա արդեն լուրջ գիտական քննարկման թեմա է...
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

