25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի` վիրահատական սեղանին մահանալու դեպքից 4,5 ամիս անց մեղադրանք էր առաջադրվել Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովի դեմ:
Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում, ՙՄյագկովին սպառնում է մինչեւ 6 տարի ազատազրկում՚: Երիտասարդ կինը գտնվում էր նախածննդյան հսկողության տակ եւ պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին: Փետրվարի 25-ին, սակայն, ցավեր էին սկսվել, եւ Ֆլորան հայտնվել էր հիվանդանոցում` վիրաբույժի սեղանին: Վիրահատությունը սկսվելուց 10 րոպե անց Ֆ. Աբգարյանը մահացել էր: Այդ օրվանից բժիշկ Մյագկովը Աբովյանի ծննդատանը չէր աշխատել… Նշանակում է, արդյո±ք, վերջին հանգամանքը, թե բժիշկը գիտակցել էր, որ երկու անձանց մահն իր խղճի վրա էր: Հավանաբար… Ինչ վերաբերում է իրավապահներին, ապա հասկանալի է, որ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք հետեւություններ կարող էին անել միայն մանրակրկիտ նախաքննություն իրականացնելուց հետո: Շուտ թե ուշ հանրությունը տեղյակ կդառնա նաեւ դատարանի եզրակացությանը. ժամանակը սահմանվում է դատավարական օրենքով: Սակայն կա նաեւ մեկ այլ օրենք, որն արտահայտված չէ թղթային ակտով, սակայն բարձրաձայն աղաղակում է մարդկանց ուղեղում նման դեպքերից հետո. ՙԻնչո±ւ են բուժհիմնարկներում մահանում մարդիկ, որոնք չպետք է մահանային՚: Այս դեպքից հետո առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով: Հարուցված քրեական գործի սահմաններում, անշուշտ, ստեղծվում են փորձագիտական հանձնաժողովներ: Դրանք ստեղծվում են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որպեսզի պարզվեն հանցավոր արարքի հանգամանքները, ձեռք բերվեն ապացույցներ, որոնց հիման վրա եւ վերջնականորեն կորակվի հանցագործությունը, կպարզվի մեղավոր անձի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների առկայությունը: Իսկ ի±նչ պետք է պարզեր ՙնախարարական՚ հանձնաժողովը: Համաձայն հրամանի` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ պետք է տեղում ուսումնասիրություններ իրականացնել ՙկազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար՚: Եվ ի±նչ պարզեցին: Համոզված ենք, որ հարցը հռետորական չէ, քանի որ դրա պատասխանից մեզանից յուրաքանչյուրն իր համար կեզրակացնի, թե որքանով կավելանան կամ կնվազեն ՙհիմարագույն՚ մահվան դեպքերը բուժհիմնարկներում ու բուժաշխատողների մեղքով…