ՙՙՙԵՍ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՄԻՋԵՎ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է՚
Արխիվ 12-16ՙԵՍ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՄԻՋԵՎ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է՚
Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված զրուցեցինք քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ:
-Ինչպես ե±ք գնահատում վերջին օրերին, տարբեր ֆրակցիաներում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` ԲՀԿ եւ ՙԺառանգություն՚ հակամարտությունը: Ձեր կարծիքով, ի±նչ չեն կիսում նրանք:
- Չեմ կարծում, որ նրանք ինչ-որ կիսելու բան ունեն, քանի որ ամեն մի կուսակցություն ունի իր ընտրազանգվածը եւ ունի իր ղեկավար սկզբունքները, որոնք միշտ չէ, որ համընկնում են: Այս իմաստով նրանք առանձնապես կիսելու բան չունեն, որովհետեւ նրանք քաղաքական դաշտում պայքարում են տարբեր ընտրազանգվածների համար, իսկ եթե հարցին այլ ձեւով անդրադառնանք, ապա տվյալ դեպքում երկուսն էլ փորձում են հանդես գալ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, սակայն դժվար է միեւնույն ժամանակ նստել երկու աթոռի վրա: Այստեղ հարցը կայանում Է նրանում, թե ինչ դիրքորոշում կունենան սպասվող նախագահական ընտրություններից առաջ: ՙԺառանգության՚ իմաստով ավելի պարզ է` նախագահականին մասնակցելու առումով, քանի որ նրանք հավանաբար կփորձեն հանդես գալ սեփական թեկնածուով կամ կմիանան այլ` ոչ խոշոր կուսակցություններին, կփորձեն նաեւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
- Արդյոք տվյալ դեպքում խոսքը նրա մասին չէ, թե ով պետք է հանդես գա նախագահի միասնական թեկնածուով, մի±թե տարաձայնությունը հենց այստեղ չէ:
- Շատ հավանական է, որ այսօր դա հարցերից մեկն է, որը հուզում է քաղաքական դաշտին եւ որոշ կուսակցություններին, որոնք ունեն շատ թե քիչ երեւացող ընտրազանգված, եւ հարցը հենց դրանում է, թե ինչ դիրք կունենան եւ նախագահական ընտրություններում ինչպես կկողմնորոշվեն. հանդես գալ սեփակա±ն թեկնածուով, թե± ոչ:
- ՀԱԿ-ի կողմից շարունակվող սիրաշահումները ԲՀԿ-ի նկատմամբ արդյոք կարո±ղ են ազդել քաղաքական գործընթացների ու մասնավորապես` նախագահական ընտրությունների վրա, թե± դա դատարկ կրակոց է:
- Ես վստահ չեմ, որ դա սիրո պատմություն է, եւ սիրո մասին կարելի է խոսել կենցաղային կյանքում: Այս պարագայում դերակատարողները պարզապես փորձում են նորից ձեռք բերել կամ զբաղեցնել լավագույն դիրքերը համապատասխան միջոցառումից առաջ, որն է` նախագահական ընտրությունները: Այսինքն` տվյալ դեպքում խոսքը գնում է քաղաքական հաշվարկի կամ մարտահրավերի մասին տարբեր ուժերի կողմից:
- ՀԱԿ-ի պառակտումը շարունակվում է, հանձինս` վերջերս Դավիթ Շահնազարյանի դուրս գալը: Ձեր կարծիքով, ՀԱԿ-ը որպես ՀԱԿ կհասնի± նախագահական ընտրություններին:
- Որքանով ես տեղյալ եմ, Դավիթ Շահնազարյանը դուրս չի եկել ՀԱԿ-ից, այլ դուրս է եկել կառավարող մարմնից: Իսկ ՀԱԿ-ը որպես ՀԱԿ կհասնի նախագահականին, քանի որ խնդիրը կայանում է նրանում, թե այս ՀԱԿ-ը քանի կուսակցություն է ունենալու, եւ բոլոր դեպքերում ՀԱԿ-ը, ունենալով միասնական դաշինք հանդես է գալիս որպես միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորող ուժ ՀՀ-ում: Այնտեղ հիմնարար ուժ կազմում են ոչ թե տարբեր կուսակցություններ, այլ շատ անգամ առանձին անձեր ու անհատներ:
- Պարոն Մարկարով, ՙՀարսնաքարի՚ դեպքերից հետո ձեւավորված հանրային շարժումը, որոշ քաղաքական գործիչներ սկսեցին օգտագործել որպես քաղաքական դիվիդենտ շահելու միջոց: Ինչո±ւ այդ փորձը տապալվեց:
- Ես ուրիշ ձեւ կմեկնաբանեի այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ՙՀարսնաքարի՚ օրը, դա ավելի շատ ազդեց Հայաստանում քաղաքացիական գիտակցության բարձրացմանը եւ որոշակի մարդկանց համախմբման ու շարժման գործոն հանդիսացավ: Այստեղ պետք չէ քաղաքականացնել ողբերգությունը, որովհետեւ Հայաստանում մենք նկատում ենք մի տենդենց, երբ քաղաքացիական հնչողություն ունեցող այս կամ այն դեպքերը, խոսքը կարող է գնալ թե° Թեղուտի, թե° Մաշտոցի պուրակի, Աբովյանի կրպակների եւ այլ դեպքերըի մասին, որոնք հանդես եկան որպես շատ հետաքրքիր գործոններ, նպաստեցին քաղաքացիական գիտակցության զարգացմանը: Իսկ փորձի տապալման մասին իմ կարծիքն այն է, որ վերը նշված ողբերգությունից հավանաբար չէր կարելի քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ կատարել, որովհետեւ սա այն դեպքը չէ, որի հիման վրա կարելի էր նման բան շահել:
- Արդյոք այդ նույն հանրային շարժումը 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական դեր կունենա±, թե± կմնա զուտ հանրային շարժում:
- Քաղաքացիական շարժումները ունեն տարբեր դիտումներ, մի կողմից դրանք լուծում են ավելի սահմանափակ խնդիրներ, որոնք միշտ չէ, որ ունենում են քաղաքական բնույթ, եւ այս իմաստով քաղաքացիական շարժումները տարբերվում են քաղաքական շարժումներից: Մյուս կողմից, քաղաքացիական շարժումների թեւակոխումը դեպի քաղաքական չի կարելի բացառել այն պատճառով, որ հասնելով որոշակի նպատակի, կարելի է որոշ դեպքերում գնալ ավելի լայն խնդիրների լուծմանը: Այսինքն` խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք կարո±ղ է քաղաքացիական շարժումը միանալ եւ սատարել այս կամ այն ուժին, թե± ունենալու են նույն պատկերացումները, որոնցով չի կարողանալու ձեռք բերել լուրջ քաղաքական կշիռ: Այնուամենայնիվ, վերը նշված հանրային շարժումը դժվար թե կարողանա վերածվել քաղաքական ուժի, քանի որ այնտեղ այն ներուժը չկա, որ իրենց թույլ տա վերածվել մեծ քաղաքական ուժի, բայց նրանք ունեն պոտենցիալ` միանալով այս կամ այն ուժին, հանդես գան որպես բավական ակտիվ ընտրազանգված, որը կարող է ազդել այն մարդկանց վրա, որոնք պասիվ են որոշումներ կայացնելու ժամանակ:
- Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ այդ շարժումը ի վերջո կվերածվի ձախ ուժի, դուք եւս այդ մտքի±ն եք:
- Ձախակողմյան ուժ կարելի է նկատի ունենալ միայն կոմունիստական կամ սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական շարժումները: Իսկ մեր 20 տարվա անկախ պետականության փորձը ցույց տվեց, որ նման ուղղությունը չի գտել իր տեղը, իսկ մյուս կողմից այդ ձախակողմյան ուժը, որը կոչ է անում արդարության, հավասարության, այս իմաստով դրանք գտնվում են տարբեր քաղաքական ուժերում: Ես վստահ չեմ, թե արդյոք ձախակողմյան դիրքորոշում ունեցող կուսակցությունները Հայաստանի համար կարող են մոտակա ժամանակներս ունենան լուրջ դերակատարություն քաղաքականության մեջ: Իսկ առայժմ միակ կուսակցությունը, որը ունի ձախակողմյան գաղափարախոսություն: Օրինակ, սոցիալիստական դիտակետից հանդես է եկել Դաշնակցությունը, որը հասարակության մեջ ընկալվում է որպես ազգայնական էլեմենտ ունեցող կուսակցություն, այլ ոչ թե քարոզում է սոցիալական արդարություն եւ ձախակողմյան գաղափարախոսություն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

