ՙՙԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՆ՚
Արխիվ 12-16ՙԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՆ՚
Բանաստեղծ, հրապարակախոս ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին բնապահպանական խնդիրներին, ՙՀարսնաքարի՚ դեպքին, հեռուստատեսությունում տիրող իրավիճակին եւ, բնական է, գրական թեմային:ՙՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ՍԱՆՁԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՆՍԱՆՁ ԵՆ ՄՆԱՑԵԼ՚
( - ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության մի հաղորդման ժամանակ ասացիք, որ եղել եք Թռչկանի ջրվեժում, լավ գիտեք այդ խնդիրը, քանի որ Ձեր ծննդավայրին մոտ է: Ես այնտեղ շատ եմ եղել, սակայն երբեւէ Ձեզ չեմ տեսել (Արմենուհի Մելքոնյան):
-Ես ուրախ եմ, որ Դուք Թռչկանում եղել եք, բայց Թռչկանը հո ցուցահանդես չի±, ես էլ այնտեղ մշտական ցուցանմուշ չե±մ, որ ամեն անգամ Թռչկան գալով պիտի ինձ պարտադիր տեսնեք: Այնպես որ` իմ ասածի մեջ որեւէ կեղծ բան չկա, եւ հանրապետությունում գրեթե բոլորը գիտեն, որ դա իրոք այդպես է: Թռչկանը իմ հայրենի գյուղի ջրվեժն է, բայց, իմ հայրենի ջրվեժը լինելուց զատ, ամբողջ հայության ջրվեժն է: Ընդ որում, ամենամեծ ջրվեժն է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ պատմական Հայաստանում, մոտավորապես 25-27 մետր անկում ունի: Իսկ թե այդ ինչպես է եղել, որ Դուք ամեն օր Թռչկանում եք, դա պարզապես անհնարին է, որովհետեւ բավականին դժվար է այնտեղ հասնելու ճանապարհը...
- Հիմա ի±նչ վիճակում է Թռչկանի ջրվեժը:
- Պետության կողմից պահպանվող տարածքների ցանկում է եւ միաժամանակ կարգավիճակի վերաբերյալ արդեն կառավարության կողմից տրված անձնագիր ունի:
- Իսկ միթե Թեղուտը կամ Մաշտոցի պուրակը կարեւոր չեն: Ինչո±ւ դրանց համար չեք պայքարում` ինչպես շատ այլ մտավորականներ:
- Ես Ձեզ նման մարդկանց չեմ կարողանում հասկանալ, ովքեր ասում են. ՙԼավ, նա կարեւոր էր, բայց մի±թե այս մեկն էլ կարեւոր չէ, ինչո±ւ դա էլ չի արվում՚: Բայց ամեն մարդ անում է այն, ինչ որ ինքը անում է: Գուցե այդ ժամանակ ես Հայաստանում չէի, ու հնարավոր է, որ Ձեր նշած տարածքներն էլ ուրիշները պաշտպանեն: Իսկ կոնկրետ Մաշտոցի պողոտայի համար ստորագրահավաքին ես իմ ստորագրությունը դրել եմ: Էդ տեսակ հոգեբանությունը սիրուն հոգեբանություն չի. երբ որ մարդ մի բան անում է, անհասկանալի միտումով ուզում են ամեն կերպ ցույց տալ, որ նրա արածը կարեւոր չէր, ինչո±ւ այն մեկն էլ չարեց, ինչո±ւ կոմունիստները կոմունիզմ էլ չկառուցեցին... Ես ի±նչ իմանամ` ինչու:
- Ըստ Ձեզ, ինչ պետք է արվի, որպեսզի ՙՀարսնաքարի՚ նման դեպքերը բացառվեն:
- Այդպիսի բանը ընդհանրապես որեւէ մարդու, առավել եւս` բժիշկների նկատմամբ բարբարոսական գործողություն է: Իսկ ի±նչ պիտի անել, որպեսզի այդպիսի բան չպատահի: Պետք է կարողանալ սանձել նրանց, ովքեր անսանձ են մնացել մեր հանրապետությունում:
ՙԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՆՉԻՆ Է ՊԵՏՔ՚
( - Հայ եկեղեցականներից մեկը խոսել էր եվրոպական որոշ, այսպես ասած, արժեքներ մերժելու մասին, իսկ Եվրամիության ներկայացուցիչը ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին պաշտպանելը համարել էր Եվրամիություն մտնելու պարտադիր պայմաններից մեկը: Այդպիսի Եվրամիությունը մեզ պե±տք է (Անահիտ):
-Այդպիսի Եվրամիությունը պետք չի. երբ որ մեր ժողովրդի բնութագրին, նրա հոգեւոր եւ ֆիզիկական կառույցին անհամապատասխան պայմաններ դնեն մեր առջեւ, մեր ժողովուրդը լրիվ կքայքայվի: Եվրամիության այդ պահանջները հենց ժողովրդավարության դեմ են. ժողովրդավարություն են ասում, բայց միաժամանակ քեզ պարտադրում են բաներ, որոնք բացարձակ քեզ հարիր չեն: Հնարավոր են եզակի դեպքեր, հիվանդություններ, հիվանդագին վիճակներ, եւ այլն, եւ այլն, բայց դա չի նշանակում, թե մեր ժողովուրդն այդպիսին է, ու մենք պարտադիր պիտի ընդունենք դա, ազատ հնարավորություն տանք դրա ծաղկմանը, որպեսզի մտնենք Եվրամիություն: Այդ դեպքում Եվրամիությունը մեր ինչի±ն է պետք:
ՙՄԱՐԴՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿՅԱՆՔԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՊՎԱԾ ԼԻՆԻ ԲԱԶՈՒՄ, ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵԼԵՐՈՎ՚
( - Հեռուստաեթերը աղբից մաքրելու նախաձեռնություն կար, որի անդամները դիմել էին ՀՀ նախագահին: Իսկապե±ս հույսը դրել են նախագահի վրա, թե± ձեւական միջոցառում էր (Կարինե Առաքելյան):
-Ձեւական չի կարող լինել, որովհետեւ իսկապես ոչ միայն այդ ստորագրողների, այլեւ ամբողջ ժողովրդի ցանկությունն է` մաքրել հեռուստատեսությունն ընդհանրապես: Դա անհրաժեշտություն է: Խնդիրն այն է, որ եթե մեծահասակները, տարիքով մարդիկ կարող են այդ այլանդակությունների գայթակղությանը չենթարկվել, ապա մանուկ եւ երիտասարդ սերնդի մի զգալի մասը ենթարկվում է` նույնիսկ զավեշտորեն կրկնելով հեռուստատեսության փողոցային բառապաշարը, արտահայտությունները: Զավեշտորեն է կրկնում, բայց ամեն դեպքում ենթարկվում է դրան:
- Ըստ Ձեզ, նաեւ այդ սերիալներո±վ չէ պայմանավորված ինքնասպանությունների աճը: Իհարկե, այդտեղ առկա է նաեւ սոցիալական խնդիրը...
- Անկեղծ որ ասեմ, ամեն տեսակ բան կարող է պատահել, եւ դրանք հոգեբանական վերլուծությունների ենթակա են: Չնայած, այդ հոգեբանական վերլուծություններն էլ չեն կարող ճշգրիտ պատասխանը տալ: Մի բանը փաստ է, որ շատ հանգամանքներ կան, որոնք կարող են երիտասարդ մարդկանց մղել անհավանական քայլերի...
- Նաեւ որոշ աղանդներ...
- Միանգամայն ճիշտ եք. պատճառների թվում կարող են լինել աղանդները, դրան գումարվում է սոցիալական վիճակը եւ այլն: Բացի այդ, միշտ էլ հոգեբանական խնդիրներ կան. անձնական անհաջողություններ, սիրային հարցեր, ընտանեկան գժտություններ... Մարդը պետք է այդ ամենին նախապատրաստված լինի: Մենք հոգեբանության մի դասախոս ունեինք, հիանալի մարդ էր, հիանալի անձնավորություն` Միքայել Մազմանյան, հոգեբանության դասագրքի հեղինակն է, նա ասում էր, որ եթե մարդը կյանքին կապված է մեկ թելով, այդ մի թելը կտրելը շատ հեշտ է, բայց մարդն ընդհանրապես կյանքին պետք է կապված լինի բազում, բազմաթիվ թելերով: Եվ եթե այդ թելերից մեկը, երկուսը կտրվեն, էլի նորից վերակապվելու հնարավորություն կլինի:
ՙՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ՄԵՋ ՄԻՏՔ ԴՆԵԼ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ՚
( - Մշակութային, հատկապես գրական առումով ի±նչ պետք է անեն հեռուստաընկերությունները (Սարգիս):
-Հեռուստատեսություններից ովքե±ր են անելու, ինչպե±ս են անելու, չգիտեմ, բայց ժամեր պետք է հատկացվեն: Ընդ որում, գիտակ, խղճով եւ չափանիշներ ունեցող մարդիկ պիտի վարեն այդ հաղորդաշարը: Վայրիվերո հարցադրումներ են անում` մենք այսօր գրականություն ունե±նք, թե± չունենք, օրինակ` սա գրականությո±ւն է, թե± գրականություն չէ: Նման բան անել չի կարելի, որովհետեւ ո°չ պատասխանողն է իրական վիճակի մեջ, ո°չ հարց տվողը: Հարկավոր է, որպեսզի գիտակ գրաքննադատություն, գրականագիտություն լինի: Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր գրքեր են լույս տեսնում, սակայն այդ գրքերին անդրադարձ չկա: Կամ կա յոթ հոգի կարդացող մի հատ մամուլում, որը ոչ մի ազդեցություն չունի: Իսկ ովքե±ր են ընթերցում: Կիսաճաշակ մարդիկ կամ դերասաններ կան, ովքեր փորձում են հեղինակներին անցնել իրենց զգացմունքայնությամբ, ուզում են մտքի մեջ միտք դնել, արտահայտության մեջ` արտահայտություն... Դրանք ավելի շատ այլասերող բաներ են, քան թե բուն պոեզիայի պրոպագանդում: Բուն պոեզիայի պրոպագանդումը պետք է լինի նախապատրաստված, գեղեցիկ ձեւավորումներով: Իսկ գեղեցիկ ձեւավորումը չի նշանակում պճնանքներ, այլ նշանակում է խստակյաց, բայց ներքին մեծ հարստություն:
- Բանաստեղծությանը հարազատ տեսանյութ, արվեստի գործեր ցուցադրվեն, թեթեւ երաժշտություն հնչի...
- Եթե պոեզիայի ժամ ունենան, այն ժամանակ մի հատ խորհուրդ կստեղծվի, եւ այդ խորհուրդը կկարողանա որոշել` ինչը ինչպես: Բայց այդ խորհուրդը պետք չէ ստեղծել այն մարդկանցից, ովքեր բանաստեղծության անունից բանաստեղծությունը քանդում, տրորում են, մի խոսքով` բանաստեղծության անունից տգեղ բաներ են անում: Պետք է խորհուրդ ստեղծեն այն մարդկանցից, ովքեր տեղյակ են, գիտեն, թե ինչ է բանաստեղծությունը:
- Այսօրվա երիտասարդության շրջանում տեսնո±ւմ եք գրականություն, պոեզիա, ապագան նշմարվո±ւմ է:
- Իմ հրատարակած ՙՏարեգրքում՚ ներկայացված էին տասներկու երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ, եւ ես լիարժեքորեն հավատում եմ նրանց: Հիմա ՙՏարեգրքի՚ երկրորդ հատորն եմ պատրաստում, որտեղ նոր հեղինակներս կան, հին հեղինակներս էլ ավելի ստվար ծավալով կներկայացվեն: Մի խոսքով` այնքան գեղեցիկ բանաստեղծություններ, այնքան գեղեցիկ արձակ էջեր կան` ինքնուրույն ներաշխարհով, որ ուղղակի հուզվում եմ դրանց հետ աշխատելիս:
- Որքան գիտեմ, մի քանի օր առաջ վերադարձել եք Անգլիայից:
- Դա մի բացառիկ ձեռնարկ էր. այս տարվա Լոնդոնի Օլիմպիադայից առաջ մշակութային օլիմպիադա էին ձեռնարկել: Պատկերացնո±ւմ եք տրամաբանական նրբությունը` մշակութային օլիմպիադա, որի շրջանակներում նաեւ բանաստեղծների համաշխարհային փառատոն էր կազմակերպվել` բանաստեղծների օլիմպիադան: Այդ օլիմպիադային մասնակցելու հազարավոր հայտեր էին ունեցել, բայց ընտրել էին երկու հարյուր հոգի, այդ երկու հարյուրից էլ հինգ հոգու, այսպես ասած, անցաթուղթ էին տվել, որոնց թվում նաեւ ես էի: Եթե ՙԼոնդոն թայմզ՚ թերթի շաբաթօրյա հանդեսի մեջ (այդ թերթից ներս մտնելը չինական պարիսպ թռչելու պես մի բան է) իմ կենսագրությունն էր, բանաստեղծությունը, լուսանկարը: Դա որեւէ մեկի նկատմամբ նրանց վերաբերմունքի բարձրագույն աստիճանն է: Հիանալի բան էր. Լոնդոնի ՙՌոյալ ֆեստիվալ հոլում՚` իրենց մշակութային ամենախոշոր կենտրոնում, ՙՍաուֆ՚ բանկի հովանավորությամբ երեք օր շարունակ ներկայացնում էին բանաստեղծներին, ովքեր ընթերցում էին իրենց բանաստեղծությունները, ես նաեւ պոեզիայի հետ կապված մի հատ զեկուցում ունեի:-Երեւի կարդում էիք հայերեն, ապա ընթերցվում էր անգլերեն թարգմանությունը:
- Համարյա բոլոր հեղինակները կարդում էին իրենց մայրենի լեզվով, հետո ընթերցվում էին թարգմանությունները: Եվ իմ բանաստեղծությունների թարգմանությունները կարդում էր իմ թարգմանչուհին` Արմինե Թամրազյանը: Կարող եմ վստահեցնել, որ ազնվական անգլուհիներ, անգլիացիներ մոտենում էին եւ ցանկանում իմանալ, թե այդ հրաշալի անգլերենը ինքը որտեղ է ձեռք բերել: Իսկ այդ թարգմանությունից շատ բան էր կախված: Ի դեպ, հայերեն իմ ընթերցանությունների նկատմամբ նույնպես անտարբեր չէին. մարդիկ քար լռությամբ, չափազանց ուշադիր լսում էին, եւ ամեն մեկն իր վերաբերմունքն էր արտահայտում այդ հայերենի նկատմամբ: Ես ասում էի` բոլորիս է հայտնի, որ բանաստեղծությունը լիարժեք գոյություն ունի սեփական լեզվի մեջ, իսկ մեր գրի լեզուն շուտով կդառնա 1700 տարեկան, եւ այդ ՙծերուկը՚ պատժում է բոլոր նրանց, ովքեր իր հանդեպ վատ վերաբերմունք են դրսեւորում: Եվ ես չեմ ցանկանում այդ պատժվողների շարքում լինել, երբեք չեմ ուզել.... Եվ իրենք շատ ուշադիր լսում էին: Այնտեղ լինելուց հետո Անգլիայի տարբեր քաղաքներում այդ քաղաքների մշակույթի ներկայացուցիչները տեղային փառատոներ էին անցկացնում, ընթերցումներ կազմակերպում, ու բոլոր տեղերում հայտարարված էր, որ աշխարհի լավագույն բանաստեղծներին են հավաքել: Մասնակիցների ստեղծագործությունների մի ժողովածու հրատարակեցին, միաժամանակ մի ամսագիր, որ շատ խիստ վերաբերմունք ունի պոեզիայի նկատմամբ, բայց բավականին ընդարձակ շարք էր տպագրել ինձանից:
ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ 20 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ Է ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
( - Դուք մի քանի տարի մասնակցում եք ասմունքի մրցույթների, լինում եք տարբեր մարզերում, այսինքն` լավ գիտեք նաեւ մարզերի երեխաներին, դպրոցների վիճակը: Վերջերս մամուլում հրապարակվեց, որ դիմորդներից մեկը բանավոր քննության ժամանակ ասել էր. ՙՊարույր Սեւակի ՙԱնլռելի զանգակատունը՚ գրել է Հովհաննես Թումանյանը՚ (Կարինե Սարգսյան):
-Ես հանդիպել եմ շատ լավ, բառիս բուն իմաստով` ընտրված երեխաների, որոնց թիվը քիչ չէ. այդ ասմունքի փառատոնին քսան հազար երեխա էր մասնակցում: Դպրոցների վիճակը, իհարկե, վատ է:
- Դարձրել են 12 տարի, աղջիկների ամուսնության տարիքը դարձրեցին 18: Պատկերացնո±ւմ եք 18 տարեկան աշակերտ-աշակերտուհիների: Պե±տք է մեզ այդ 12 տարին, մի±թե վատն էր խորհրդային դպրոցը:
- Միանգամայն համաձայն եմ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդվարդ Ղազարյանի հետ, ով հեռուստատեսությամբ ասում էր, որ դա անպատրաստ վիճակի մեջ մտնելու մի շատ անընդունելի քայլ է: Չի կարելի դասագրքեր, պատրաստի ուսուցիչներ, ծրագրեր չունենալ եւ երեխաներին տանել 12 տարի սովորելու:
- Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո տղաներին բանակ են զորակոչելու...
- Իմ փոքր տղան այս տարի Պուշկինի դպրոցն ավարտեց, եւ տեսնում էի, թե երեխաներն ինչ ողբերգություն էին ապրում իրարից բաժանվելու պատճառով, ընկերական մթնոլորտ, կոլեկտիվ էր ստեղծվել, եւ գրչի մի հարվածով ցրում են այդ ամենը: Հիմա այդ դասարանի աշակերտները գնում են տարբեր տեղեր ավագ դպրոց մտնեն, ինչ-որ քննություններ են, ինչ-որ ձեւականություններ... Ես հոգով, էությամբ դեմ եմ էդ ավագ դպրոցին:
ՙ
Ուղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

