ՄԵԾՆ ՈՂԲ ՔԱՂԱՔԱԳԷՏԱՅ
Արխիվ 12-16ՙԻնչ է ուզում եք Վահե Ավետյանի տեղը լինեմ: Օլիգարխների հետ չեն վիճում՚,-հուլիսի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ինչպես հայտնի է նա առաջադրվելու է Ավան վարչական շրջանում կայանալիք լրացուցիչ ընտրություններին: Նա նշել է, որ ցանկանում է հանդես գալ ոչ թե որեւէ կուսակցության քարոզիչի, այլ հասարակության շահերի պաշտպանի դերում, այդ իսկ պատճառով ներկայանում է ընտրություններին որպես անկուսակցական:
Հ. Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, իսկ հենց ասուլիսի օրը շտապում էր ներկայանալ քրեական վարչություն: Նշենք, որ նրա դեմ այս անգամ հարուցվել է քրեական գործ, եւ իր խոսքերով Սերիկ Ջուլհակյանը նրա դեմ կեղծ վկայություն է տվել, մեղադրելով իրեն միջին կարգի մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Այս դեպքից առաջ քաղաքագետի դեմ հարուցվել է նաեւ երկու քաղաքացիական գործ, որոնք նա նկարագրում է որպես քաղաքագետների միությունը սնանկացնելու հերթական փորձ: Պարոն Հովհաննիսյանը, ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ հանդիսանում է բոլոր մեծ քննադատ եւ մեջբերեց Բալզակի խոսքերն այն մասին, որ հարստության ետեւում միշտ էլ հանցագործություններ են թաքնված: Նա համոզված է նրանում, որ խորհրդարանում չպետք է մեծահարուստներ լինեն: ՙՄիշտ էլ կարողացել եմ հանդես գալ անկուսակցականի դերում: Լրացուցիչ ընտրությունները շատ մեծ հնարավորություն են, քանի որ մեկ մարդ չպետք է խոսի մեկ ամբողջ կուսակցության անունից՚,- նշել է Հովհաննիսյանը: Նա շեշտել է այն փաստը, որ անպայման առաջադրվելու է եւ, հերքելով Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան այն ստատուսը, որտեղ ասվում էր. ՙՈվ չի քցում` նրան են քցում՚, ասել, որ բոլոր քցողները ժամանակին կպատժվեն: Մեծն քաղաքագետը իրեն համարում է քաղաքականության նվիրյալը եւ վրդովվում է իր դեմ հարուցված գործի համար. ՙԵրբ ինձ կանչեցին բանավեճի, որտեղ ես պետք է լինեի մեկ թիմում Ուրիխանյանի հետ, ես հրաժարվեցի, քանի որ նա կրակել է իրավապաշտպանի վրա: Ես չեմ կարող լինել մեկ թիմում մի մարդու հետ, ով շատ հանգիստ այդպիսի քայլի է գնում՚:
Բանախոսը իր խոսքում նշեց նաեւ, որ նրան շատ հաճախ են մարդիկ դիմում եւ ասում, որ նա պետք է լինի խորհրդարանում: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը ձեռնոցի պես կուսակցություններ է փոխել, սակայն ասում է, որ կայանալիք ընտրություններից մեծ սպասելիքներ ունի հենց անկուսակցականի դերում հանդես գալով. ՙՄեր հասարակության մեծամասնությունը անկուսակցական է, մարդիկ ուղղակի զզվել են բոլոր կուսակցություններից: Ես միշտ շատ խիզախ եմ եղել եւ երբեք չեմ դավաճանի իմ քսանամյա սկզբունքները: Նույնիսկ Վանոյից չեմ վախեցել՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ապագա մրցակիցներին, մասնավորապես Ստյոպա Սաֆարյանի ուժերը, վերջինս պատասխանեց, որ նա մրցում է միմիայն ինքն իր հետ եւ, որ շատ հիասթափված է տիրող իրավիճակից, ունի մեծ հույսեր, վերջում ավելացնելով. ՙՏեսնենք, թե ուր է տանում ճանապարհն առանց օլիգարխների հետ վեճերի՚:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՐԲԱԹՅԱՆ
ՙԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԿԱՆԱՆՑ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ՚
Օրերս, Հմայակ Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նա հրաժարվել է իր մանդատից, որպեսզի չարժանանար Վահե Ավետյանի բախտին` փաստորեն անուղղակիորեն մեղադրելով ԲՀԿ վերնախավին ծանր հանցափորձի մեջ: ՙԻ±նչ նկատի ուներ քաղաքագետը եւ ի±նչ մեկնաբանություն կարող է անել այս առումով այն կուսակցությունը, որտեղ պարոն Հովհաննիսյանը ընտրացուցակում զբաղեցնում էր պատվավոր 9-րդ հորիզոնականը՚,- հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ. ՙԱնէական մարդու, անէական որեւէ խոսք չեմ մեկնաբանում, այլ միայն մեկնաբանում եմ քաղաքական պրոցեսներ, քաղաքական գործիչների գործողություններ: Ինքը Հայաստանի քաղաքական գործընթացներում չկա, իսկ բամբասանքներով զբաղվելու համար առաջարկում եմ կանանց ակումբում գրանցվել եւ զբաղվել դրանով՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

