ԴԱՏԱՐԱՆՆ ԸՄԲՈՇԽՆԵՑ ՆԱԵՎ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀՈՎՎԻ ՙՍՐԲԱԶԱՆ՚ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴԱՏԱՐԱՆՆ ԸՄԲՈՇԽՆԵՑ ՆԱԵՎ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚
ՀՈՎՎԻ ՙՍՐԲԱԶԱՆ՚ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցն ընդդեմ ՙԻրավունք-մեդիայի՚ մտավ ապացույցների հետազոտման փուլ: Նշենք, որ նիստի ժամանակ, ցուցադրվեցին այն տեսաերիզները, որոնք դատարանին էին ներկայացրել հայցվոր եւ պատասխանող կողմերը: Հայցվոր կողմը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ դերասանուհի եւ պոռնոսկանդալային պատմության մեջ հայտնված Անժելա Սարգսյանը ամենեւին էլ իրենց եկեղեցու անդամը չէ, եւ իրենց միակ ապացույցը դա ՙԿռվախնձոր՚ հաղորդումն է, որտեղ դերասանուհին չի ասում, որ նա ՙինչ որ աղանդավորական շարժման մեջ է գտնվում եւ ասում է, որ նա մկրտված է Հայ առաքելական եկեղեցում՚, սակայն միեւնույն ժամանակ ավելացնում, որ հաճախել է տարբեր կրոնական կազմակերպություններ:
Ինչեւէ, դատարանում ցուցադրվեցին նաեւ պատասխանող կողմի ապացույցները, եւ այդ տեսագրություններում ակնհայտորեն երեւում է Անժելա Սարգսյանի ներկայությունը ՙԿյանքի խոսքի՚ քարոզների ժամանակ (այդ թվում եւ ավագների ու հովիվների ժողովին), տարբեր տարիքներում, եւ ավելին` կա տեսագրություն, որտեղ նույնիսկ նրա ամուսինն է ներկա այդ ժողովներին: Բացի այդ, նույն այդ դերասանուհին բացառիկ հարցազրույց է տվել վերը նշված աղանդի 7x70 հեռուստաալիքով, որտեղ նա խոսում է, թե ինչ հաջողությունների է հասել ՙապաշխարելուց՚ հետո: Դե, նաեւ ցուցադրվեց, թե ինչպես Արթուր Սիմոնյանն անձամբ է հարցազրույց վերցնում ՙԱնժիկ ջան՚-ից...
Իսկ երբ ցուցադրվեցին տեսագրություններ, որտեղ ՙԿյանքի խոսքի՚ հոգեւոր առաջնորդ Արթուր Սիմոնյանն էր ելույթներ ունենում, եւ իբրեւ թե աղոթքներ ասում անհասկանալի լեզուներով, ինչը թարգմանողները ապացուցում են, որ դրանք առավելապես հայհոյանքներ են, դահլիճում նստած ՙԿյանքի խոսքի՚ ներկայացուցիչներն ու անդամները անհանգիստ շարժումներ էին կատարում եւ այնպիսի ուշադրությամբ էին նայում, կարծես նոր էին տեսնում մատներով կոտոշներ ցուցադրող իրենց հոգեւոր հորը: Պատասխանող կողմը ներկայացրեց նաեւ, թե ինչպիսի հանցավոր ու կեղտոտ անցյալ է ունեցել Արթուր Սիմոնյանը, որի մասին, ի դեպ, տեսաերիզում պատմում էր հենց ինքը: Վերջիններիս ակնհայտորեն զարմացրեց եւ, ինչու չէ, նաեւ հավանաբար զայրացրեց, երբ ցուցադրվեց տեսագրություն, որտեղ ՌԴ-ի ՙԿյանքի խոսքի՚ հոգեւոր հայրը սովորեցնում է, թե ինչպես կարելի է աղոթել զուգարանակոնքի վրա, որից հետո ցուցադրվեցին փաստեր, թե ինչպես մի աղջիկ, որը գտնվում է արդեն հայաստանյան ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության շենքի զուգարանում, աղոթում էր անհասկանալի լեզվով, իսկ երբ միջամտում են հարցնելով, թե` ՙԱրդյոք դուք ձեզ վատ եք զգում՚,- վերջինս պատասխանում է, որ` ՙՈչ, ես աղոթում եմ ուղղակի չեմ կարողանում չաղոթել, ես ինձ վատ չեմ զգում՚:
Իսկ վերջում դատավոր Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ հաջորդ նիստը, ուր կհրապարակվի վճիռը, տեղի կունենա հուլիսի 31-ին` ժամը 17:00-ին, նույն դահլիճում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

