Հուլիսի 15-ին, ժամը 19:40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանյան լճում տղամարդու դիակ կա:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը ՙԼճափ՚ բենզալցակայանի հետնամասում` Երեւանյան լճի ափամերձ հատվածում, հայտնաբերել էին մոտ 50-60 տարեկան, անձը չպարզված, արական սեռի կիսաքայքայված դիակ, որի հագին եղել է մուգ կապույտ վանդակավոր վերնաշապիկ, շագանակագույն տաբատ եւ սեւ կոշիկներ: Արտաքին զննությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հուլիսի 13-ի լուսադեմին ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ ՙԱրմենՏել՚ ՓԲ ընկերության Սպիտակի կապի հանգույցի վրա կատարվել է ավազակային հարձակում: Երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել էին ընկերության գրասենյակ եւ դանակով ու պտուտակահանով սպառնալովª կպչուն ժապավենով աստիճանավանդակին կապել անվտանգության աշխատակցին, ապա վաճառասրահի պահարաններից հափշտակել բջջային հեռախոսներ եւ նոթբուք համակարգիչ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեպքից ժամեր անց ավազակային հարձակումը բացահայտվեց: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին բերման էր ենթարկվել Սպիտակի 22-ամյա մի բնակիչ: Խոստովանելով հանցանքն, այդ անձը հրաժարվել էր մատնանշել ընկերոջը: Սակայն ժամեր անց, հանցագործությունը պարտակելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց սպիտակցի 23-ամյա երիտասարդ, ում բնակարանում էին թաքցվել հեռախոսներն ու համակարգիչը: Պարզվեց նաեւ անհայտ հանցակցի ինքնությունը. բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 15-ին կամավոր ներկայացել էր ոստիկանության Սպիտակի բաժին: