Վարդանիկ մի ասա, կրակ ու պատիժ ասա:
Արխիվ 12-16ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էլ բավականին տարակուսած է, թե ինչու ՀՀԿ խմբակցության անդամները չեն ցանկացել մասնակցել ստորագրահավաքին. ՙԱյն, որ հանրապետական պատգամավորները չեն ստորագրում արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ, ապացույցն է այն բանի, որ թաքցնելու բան ունեն՚: Դե ինչ, երեւի թե զարմանալիորեն նա կարոտով է հիշում այն երանելի ժամանակները, երբ երկխոսում էր կոալիցիայի հետ, ու հանրապետականները համբերատար ուսումնասիրում էին ՀԱԿ-ի գրասենյ ակում արտադրած բազմահատորանոց ախմախությունները: Դե, ձեռքի հետ էլ Զուրաբյանը ՕԵԿ-ին անվանեց ՙկույրաղիք՚, եւ ստացավ Հեղինե Բիշարյանի պատասխանը. ՙՉասենք, թե ՀԱԿ-ը որ օրգանն է՚:
Չնայած` ինչ օրգան, երբ ՀԱԿ-ը լրիվ ուրիշ բան է: Այնպես որ, այդտեղ Հեղինե Բիշարյանը իրավացի չէ: Իրավացի չէ նաեւ ՀԱԿ անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ` հայտարարելով. ՙԵթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայնդեպս, կդադարի ՀԱԿ լինելուց՚: Ոչ, Մակեյանը զարմանալիորեն սխալվում է` նույնիսկ Վարդան Սիվիլիթասովիչի թեկնածությունը պաշտպանելը չի կարող ՀԱԿ տեսակը վերածել առավել ազնիվ կամ ընդունելի տեսակի: ՀԱԿ-ը, նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանի, էլի կմնա ՀԱԿ, քանի որ իր շուրջն ամեն ինչ ՀԱԿմեջ է անում:
Մեզ բավականին զարմացրեց ՙՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ՚ նախաձեռնությունը` տարածելով մի գարշելի տեսանյութ, որը վերնագրված էր ՙՀայաստանը դու ես, ես արտագաղթում եմ՚: Այնպիսի գարշելի բովանդակություն էր, այնպիսի անսքող ճիչ, թե ՙերկիրը երկիր չի՚, որ, զարմանալով հանդերձ, սկսում ես ակամա մտածել` երբ են վերջապես հիմնավորապես ծեփելու գրանտածիծների, ՙ5-րդ շարասյուների՚ ու նման այլ տեսակի ՙչլռողների՚ բերաններն այնպես, որ իրենց խոհանոցներում էլ շշուկով խոսեն: Ի դեպ, ռուս օրենսդիրները հետաքրքիր նախաձեռնություն են ցուցաբերել` արտասահմանյան ֆինանսավորում ունեցող բոլոր կառույցներին պարտադրել, որ պաշտոնապես գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ: Դե, եթե դա տեղափոխենք հայոց հող, ապա միգուցե նաեւ պետականորեն ձեւաթուղթ մշակվի, որը պետք է կրի ՙշպիոն Օնիկի հայտարարագիր՚:
Զարմանալի բաներ են երբեմն ի հայտ գալիս օտարերկրյա տեղեկատվական ժապավենից: Պարզվում է, որ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ որդու լրիվ անունը գրվում է այսպես` Zachary Jackson Levon Furnish-John: Գրողը տանի, միայն թե հանկարծ չպարզվի, որ հայ է: Մեզ մեր սեփական փչացածներն էլ են հերիք: Օրինակ` թունդ զարգացած մեր սուպերազատականներից մեկը իր արեւ իբր փորձել է ՙկայֆեր բռնել՚ կարմիր խնձորի ավանդույթի վրա (ներկայացնում ենք նույնությամբ` առանց կետադրության փոփոխության). ՙՀայ ազգը կրեց հերթական ծանր հարվածը` պարզվում ա Քիմ Քարդաշյանը 14 տարեկանից կույս չի: Բա մեր թասիբը, բա մեր նամուսը: Արա, դուք գոնե հասկանում եք, թե թուրքերը մեր ազգի մասին ինչ կմտածեն±: Սենց էլ թշնամու ջրաղացի վրա ջուր լցնել կլիներ±...՚: Լավ, վերջապես երբ ենք ունենալու այնպիսի մթնոլորտ, որ նման բան մտածողն էլ ամոթ համարի գրելը: Թե չէ շարունակաբար անմահ կմնա դեռ սովետական ժամանակների անեկդոտը, ուր սեռական այլընտրանքային տարբերակներից զզվողին անվանում էին ՙետամնաց՚:
Զարմանալի բան է հաղորդել օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ. ՙԳերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50 տոկոսի: Խցերը գերծանրաբեռնված են: Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով՚: Զարմանալի է` մահճակա±լ էլ չունեք: Երեւի թե այդ հարցի պատասխանատու չինովնիկներին արժե ստիպել մի քանի ամիս քնել հերթով, այդ դեպքում հաստատ խելքները գլուխները կհավաքեն:
Եվ վերջապես իր գրքում զարմանալի բաներ է հաղորդել Կարեն Դեմիրճյանի այրին` ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Նրա հաղորդածին անվերապահորեն վստահում եմ, նա ամեն ինչ մանրակրկիտ ստուգելու սովորություն ունի` նա եղել է իմ քիմիայի դասախոսը, եւ տեսնելով որ լավ եմ տիրապետում, երեք ժամ շարունակ հարցեր էր տալիս, ուստի այդ տանջանքից պրծնելու համար հարկադրված էի արդեն հարցերից մեկին միտումնավոր սխալ պատասխանել: Իսկ հիմա մեջբերենք. ՙԿԸՀ նախագահ Բեզիրջյանը, որի միջոցով կատարվել էին կեղծիքները, Հայաստանից տեղափոխվելով ԱՄՆ` մշտական բնակության, ըստ երեւույթին, որոշելով մաքրել իրեն պատմության առջեւ, հրապարակեց մի բրոշյուր, որի տվյալներով Կարեն Դեմիրճյանը ստացել էր ձայների 73 տոկոսը՚: Դե ինչ, Խաչատուր Բեզիրջյանը կարող է Ֆունտի նմանությամբ հայտարարել` ՙԿեղծել եմ Տեր-Պետրոսյանի օրոք, կեղծել եմ նաեւ Քոչարյանի օրոք՚: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հռետորական հարց տանք. բա որ մի օր ՀՀ-ն ԱՄՆ-ից պահանջի իր վաստակավոր ընտրակեղծարարին եւ պատասխանատվության ենթարկի....
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

