ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊՈԿԵԼ ՌԴ-Ի ՙԴԱԲՐՈՆ՚
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊՈԿԵԼ ՌԴ-Ի ՙԴԱԲՐՈՆ՚
Արագ անցավ մեկ շաբաթն այն բանից հետո, երբ արեւմտյան մի շարք երկրներ, մասնավորապես` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան հերթական վերջնագիրը ներկայացրեցին Բաշար Ասադին: Հիշեցնենք, որ դրանով Սիրիայի նախագահից պահանջում են ամբողջովին կատարել Քոֆի Անանի հայտնի ծրագրի պահանջները, մասնավորապես` զորքերը քաղաքներից հեռու պահելու դրույթը: Հակառակ պարագայում արեւմտյան տերությունները սպառնում են ՙանհապաղ միջոցներ ձեռնարկել՚, մասնավորապես` դիմել ՄԱԿ-ի Կանոնադրության 41-րդ գլխի, որը թույլատրում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել կոնկրետ պետության նկատմամբ:
Եվ ահա սիրիական այս մեկ շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հերթական վերջնագիրը, ավելի ճիշտ` դրանում ներառված պահանջները, հազիվ թե կյանքի կոչվեն: Ասենք` ի սկզբանե էլ արեւմտյան հիշատակված երկրները հազիվ թե լուրջ հույսեր ունենային, որ լսելով նման սպառնալիքների մասին, Ասադը կվազի այդ պահանջները կատարելու: Նախ, առանց սպառնալիքների էլ սիրիական ողջ տնտեսությունը ներկայումս մեղմ ասած, կաթվածահար վիճակում է եւ ինչ-որ նոր պատժամիջոցների լինել-չլինելը խոշոր հաշվով ոչինչ չի փոխում: Երկրորդը. սիրիական ընդդիմադիր զինված ստորաբաժանումներն ու նրանց դրսից օգնության եկած վարձկանները հիմնականում կենտրոնացած են քաղաքներում, եւ նրանց ռազմատեխնիկական բազան հնարավորություն է տալիս բացառապես քաղաքային մարտերի եւ ահաբեկչական գործողությունների միջոցով կռվել սիրիական զինված ուժերի դեմ: Հակառակ պարագայում, եթե ընդդիմադիր ուժերը փորձեն անցնել բաց մարտերի, սիրիական բանակի համար նրանց ոչնչացնելը հաշված ժամերի խնդիր կդառնար: Եվ նույնիսկ քաղաքային մարտերի միջոցով էլ, բացի խաղաղ բնակչության մեջ զոհերի պատկառելի քանակից, ընդդիմադիր ուժերն էլ առանձնակի հաջողություններ անցած մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ չեն կարողանում ունենալ: Եվ ահա երբ Արեւմուտքը Ասադից պահանջում է զորքերը հեռացնել քաղաքներից, դա նաեւ նշանակում է վերցնել եւ սիրիական բոլոր քաղաքները պարզապես նվիրել ապստամբական ուժերին այն պարզ պատճառով, որ այդ զինված խմբավորումներին քաղաքներից դուրս գալու պահանջ Արեւմուտքը, չգիտես ինչու, չի ներկայացնում: Ասենք, եթե ներկայացներ էլ, դա կլիներ հերթական աբսուրդը, քանի որ այդ խմբավորումները, չլինելով միասնական եւ պաշտոնապես մեկ կենտրոնից չղեկավարվելով, հասկանալի է, որ չունեն նաեւ մեկ միասնական մարմին, որը պատասխանատու կլիներ այդ բոլոր խմբավորումների գործունեության համար եւ որին հնարավոր կլիներ հասցեագրել զինյալներին քաղաքներից հանելու պահանջ: Եվ եթե ընդդիմության զինված խմբավորումները մնում են քաղաքներում, հասկանալի է, որ Ասադը ոչ մի պարագայում բանակը չի հեռացնելու` այդ կերպ սիրիական քաղաքները ընդդիմադիր զինյալների լիակատար վերահսկողությանը հանձնելով: Առավել եւս, որ ինչպես ցույց են տալիս այս օրերի իրադարձությունները, ընդդիմադիր խմբավորումներին հաջողվում է թափանցել ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Դամասկոս ու նրա մերձակա բնակավայրեր` այստեղ տեղափոխելով մարտական գործողությունները: Այսպիսով ավելի շուտ` այդ վերջնագիրն իրականում բոլորովին այլ նպատակների է հարվածում, որոնք արդեն սկսում են գնալով տեսանելի դառնալ: Նախ նկատենք, որ մոտ մեկուկես տարվա մարտերից հետո միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օրերս` Ասադին ներկայացված այս վերջնագրի ժամկետի լրանալուց հաշված օրեր առաջ, վերջապես որոշեց Սիրիայի հակամարտութունը որակել է որպես քաղաքացիական պատերազմ:Դա նշանակում է, որ հակամարտող կողմերը միջազգային օրենսդրական մի շարք պարտավորություններ պետք է ստանձնեն: Մասնավորապես անարգել թույլ տան միջազգային հումանիտար օգնության տրամադրում, պահպանեն ռազմագերիների իրավունքները եւ այլն: Իսկ խաղաղ բնակչության վրա իրականացված ամեն մի հարձակում կորակվի որպես ռազմական հանցագործություն: Այսինքնª այդ կերպ Կարմիր խաչն իր հերթին է նախ ողջ աշխարհում ստեղծում տպավորություն, որ հույս չունի, թե Ասադը իր զորքերին ետ կքաշի, ապա որ հակամարտությունը դեռ երկար է շարունակվում, ասել է թե Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը ձախողված է: Բացի այդ քանիցս Սիրիայի տարբեր բնակավայրերում արձանագրվեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի փաստեր եւ ամեն անգամն էլ Արեւմուտքն, առանց քիչ թե շատ պատշաճ հետաքննության, շտապեց դրա պատասխանատվությունը դնել Ասադի վարչակազմի վրա: Իսկ կարմիր խաչի հիշատակված հայտարարությունից հետո արդեն նման ցանկացած դեպքից հետո, Ասադին կսկսեն ներկայացնել որպես պատերազմական հանցագործ` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Բացի այդ Ասադին ներկայացված վերջնագրի ժամկետի մոտենալու հետ մեկտեղ Թուրքիայում գործող սիրիական ընդդիմության առաջնորդները սկսեցին պահանջել, որ պատերազմական հանցագործությունների պարագայում պետք է կիրառվեն պատժամիջոցներ ոչ թե ՄԱԿ-ի Կանոնադրության 41-րդ, այլ 7-րդ գլխի հիման վրա: Այդ դրույթը, կրկին իրավաբանական որոշ ՙֆոկուսներից՚ հետո, հնարավորություն է տալիս մասնավորապես պատերազմական իրավիճակում գտնվող պետության բնակչության կյանք ապահովելու նպատակով կիրառել ոչ թե տնտեսական պատժամիջոցներ, այլ արտաքին ռազմական միջամտություն: Եվ արդյունքում տպավորությունն այն է, որ Ասադին ներկայացված վերջնագիրն եւ դրան զուգահեռ ընթացող այս մյուս բոլոր գործընթացները կարող են ձեւավորել իրավական մի իրավիճակ, որը կարող է ԱՄՆ-ին տալ Սիրիա արտաքին ներխուժման հիմք: Իհարկե` լուրջ քննադատության չդիմացող հիմք, սակայն դա էլ բավարար է գոնե սեփական ժողովրդին ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնելու համար:
Սակայն ինչքան էլ Սիրիա ներխուժումը միջազգային իրավունքի նորմերով կարողանան արդարացնել կամ չարդարացնել, դա խոշոր հաշվով շատ բան չի փոխում, քանի որ բուն ներխուժումը կախված է մեկ էական հանգամանքից. ի±նչ կոնկրետ դիրքորոշում կզբաղեցնի Ռուսաստանը:
Այս առումով տարօրինակ չէ նաեւ այն, որ այս օրերին Թուրքիայում գործող նույն սիրիական ընդդիմադիր առաջնորդները միաժամանակ մի իսկական հակառուսական արշավ սկսեցին` ռուսների վրա բարդելով այն իրավիճակի ողջ մեղավորությունը, որն այսօր տիրում է Սիրիայում: Իմաստը մոտավորապես հետեւյալում է. եթե Ռուսաստանը այսքան չաջակցեր Ասադին, ապա նա այսքան երկար դիմադրել չէր կարող: Եվ երբ այդ մեղադրանքներից հետո սիրիական ընդդիմադիրները գալիս-հասնում են հարցը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի շրջանակներում, այսինքն` ՄԱԿ-ի կանոնադրությամբ թույլատրված ռազմական ներխուժման միջոցով լուծելու մտքին, ապա նրանք ըստ էության ակնարկում են մոտավորապես հետեւյալը. ՙԵթե Ռուսաստանը կրկին անգամ ՄԱԿ-ում դիմի ՙվետո՚-ի եւ հնարավորություն չտա աշխարհին` պատժել պատերազմական հանցագործ Ասադին, ապա հենց ինքն է դառնում է Սիրիայում տեղի ունեցող բոլոր սպանությունների անմիջական պատասխանատուն՚: Դժվար չէ կռահել, թե իրականում ով է կանգնած սիրիական ընդդիմադիրների լեզվով ՌԴ-ին հասցեագրված այս սպառնալիքների թիկունքին: Եվ ահա, որպես պատասխան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս օրերս փաստեց, որ Սիրիայի դեմ նախատեսվող հերթական պատժամիջոցները ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի շրջանակներում ՙտեղավորելու՚ լուրջ փորձեր, այնուամենայնիվ, արվում են` այդ ամբողջ գործընթացը բնութագրելով որպես սովորական շանտաժ: Այսպես` խոսելով Սիրիայում միջազգային դիտորդական առաքելության գործունեության ժամկետների երկարաձգման անհրաժեշտության մասին, ՌԴ ԱԳ նախարարը բավականին կոշտ տոնով հայտարարեց. ՙՑավոք, այս հարցում կան շանտաժի տարրեր: Մեզ ասում են, որ եթե դուք համաձայնություն չտաք ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի բանաձեւին, ապա մենք կհրաժարվենք երկարացնել նորացնել դիտորդական առաքելության մանդատը՚:
Եվ ահա հուլիսի 21-ին լրանում է դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը, մինչ այդ Մոսկվայում կլինի Քոֆի Անանը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ այլն: Անշուշտ` այս օրերին դեռ փորձեր կարվեն Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը ինչ-որ կերպ միջազգային իրավունքի շրջանակներում խցկելու հարցում պոկել ՌԴ-ի ՙկեսբերան՚ համաձայնությունը: Սակայն այդպես էլ դեռ տեսանելի չէ որեւէ նախանշան, որ Ռուսաստանը կհամաձայնվի ՙօրինականացնել՚ Սիրիա ներխուժումը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

