Կարծես թե այլեւս ոչինչ չի խանգարի, որ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանից հավաստիացումներ են ստացել քաղաքացիական ավիացիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին:
Իհարկե, դժվար է հավատալ, որ Ադրբեջանը կարող է գոնե այս անգամ իր խոսքի տերը լինել ինչ-որ հարցում, թեպետ ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, դա նաեւ իրենց շահերից է բխում: - Պարոն Մելիք-Շահնազարյան, ըստ Ձեզ, ադրբեջանական կողմի հավաստիացումները գրոշի արժեք ունե±ն: - Ես ուրիշ ձեւ կարող եմ ասել: Այդ հավաստիացումներն, իհարկե, ոչ մի բանի արժեք չունեն, բայց նաեւ համոզված եմ, որ իրենք երբեք չեն համարձակվի խփել մեր ինքնաթիռին: Իրենք ասել են այն, ինչը ստիպված են անելու: Եվ նման խոստում ձեռք բերելը Մինսկի խմբի շնորքը չէ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ նման քայլը կլինի պատերազմական քայլ, որը անպայման կունենա համարժեք պատասխան: - Իսկ կարող ենք համարել, որ սա նաեւ հայկական դիվանագիտության հաջողությունն է: - Այս դեպքում կասեի հայկական դիվանագիտության ճկունության արդյունքն է: Հաջողությունը տվյալ դեպքում մի քիչ ավելի կարեւոր բառ է, քան իրականում: - Արդյոք հումորով եք վերաբերում, որ Ձեր հարեւանները դիմել են ոստիկանություն Ձեր տանից ադրբեջաներեն խոսակցություն լսելու պատճառով, ինչը թեպետ բնական է, որ քաղաքագետը տիրապետում է թշնամու լեզվին: - Ով գրել է դրա մասին` կպատժեմ անպայման: Անկեղծ ասած, ինչո±ւ հումորով, ես ուրախացել եմ մեր ժողովրդի զգոնության համար: Իմ նոր գրասենյակի հարեւանները, որոնք լսել են, որ գիշերը խոսել եմ ադրբեջաներեն, հայտնել են այդ բանը ոստիկանությանը: Ես շնորհակալ եմ այդ հարեւաններին եւ սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, եւ նաեւ շնորհակալ եմ ոստիկանությանը, որը շտապ արձագանքել է այդ ազդանշանին: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ ունենք հարեւան պետություն, որը թշնամական վերաբերմունք ունի մեր հանդեպ, եւ այդ թշնամությունը կարող է ցանկացած անցանկալի արդյունքներ ունենալ: Այդ զգոնությունը շատ կարեւոր է: Եթե մի կողմից հումոր կա այս ամենի մեջ, ապա մյուս կողմից, կրկնում եմ, շատ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, թեկուզ ոչ բոլորը, բայց արդեն հասկանում են զգոն լինելու կարեւորությունը: