Ռուսաստանյան որոշ աղբյուրներ փոխանցում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սպասվածից էլ շուտ, այսինքն` արդեն գալիք ամսվա սկզբներին (4-5-ին) այցելի Հայաստան:
Համաձայն նույն աղբյուրների, մինչ այդ այցի նախապատրաստման հետ կապված Հայաստան կայցելեն ռուսական տարբեր գերատեսչությունների ու մասնավորապես ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Սպասվում է, որ այդ այցերի արդյունքում կհստակեցվեն մի շարք խնդիրներ` սկսած ՌԴ-ի կողմից Հայաստանին վարկավորելու, վերջացրած ռազմաարդյունաբերական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում համագործակցելու կոնկրետ ծրագրերով, որոնց հետ կապված պայմանագրեր կկնքվեն ՌԴ նախագահի այցելության շրջանակներում: Մեր նույն աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ ղեկավարության մոտ, այսպես ասենք, կան ակնկալիքներ, որ այցի` շրջանակներում նաեւ մի շարք կոնկրետ պարզաբանումներ կհնչեն Ռուսաստանի ղեկավարության ստեղծվող Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության խնդրի հետ կապված: Դրա դրական լուծման դեպքում, համաձայն նույն աղբյուրների, ՌԴ-ն մի կողմից հավանություն կտա Հայաստանում համատեղ մի քանի գլոբալ տնտեսական ծրագրերի իրականացմանը, մյուս կողմից էլ` ներքին պարտավորություն կստանձնի, այսպես ասած, հորդորել ռուսաստանաբնակ քիչ թե շատ տեսանելի գործարարներին` իրենց հերթին ներդրումներ կատարել Հայաստանում: