ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇՊԻՈՆՈՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇՊԻՈՆՈՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 15-ին երիտասարդ կենսաբանների ասոցիացիան մտադիր է երկրով մեկ իրականացնել համազգային աղբահավաք, ու արդեն դիմել է կառավարությանը` բավարար քանակով գործիքներ եւ տրանսպորտ հատկացնելու, եւ ակնկալում է, որ երկիրը աղբից մաքրելու միջոցառումը հնարավոր է անցկացնել երկրի նախագահի հովանու ներքո:
Անշուշտ, լավ բան են նախաձեռնել. գրանտային ՙկանաչով՚ սնվող բնապահպան կոչեցյալները որեւէ ցանկություն չունեն երկրի տարածքը մաքրել կենցաղային աղբի կույտերից, որոնք անհրապույր են դարձրել ցանկացած տեսարժան վայր, քանի որ դրա վրա աղմուկ-աղաղակ եւ իշխանությանը հակադրվելու առիթներ սարքել չի լինի: Իսկ ահա երիտասարդ կենսաբանները որոշել են ոչ ոքի չհակադրվել, բայց ռեալ գործ անել: Ճիշտն ասած` մի բարի ցանկություն ունենք. որ պլաստիկե շշերից, ամեն քամու ժամանակ ճախրող տոպրակներից զատ ակցիայի մասնակիցները մի քիչ էլ երկիրը քաղաքական աղբից մաքրեն, թե չէ չափից շատ են հիմա հավակնոտ կերպարներ, ովքեր իրենք իրենց կոչում են քաղաքական գործիչ, բայց վաղուց փտախտ են բուրում:
ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ, ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ...
Ինչպես եւ սպասվում էր, ՙՀարսնաքարի՚ դեպքով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելը չստացվեց, քանզի ԲՀԿ-ից ընդամենը 7 պատգամավոր ստորագրեցին: Ոմանք հենց ՀԱԿ-ի միջավայրում սկսեցին բարձրաձայնել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, իսկ ՀԱԿ-ը պաշտոնապես լքած Դավիթ Շահնազարյանն էլ ԲՀԿ-ին է°լ ոչ լեգիտիմ ընդդիմություն որակեց, է°լ մեղադրեց օլիգարխիկ համակարգի բոլոր մահացու մեղքերի մեջ ու, ամենակարեւորը` քանիցս հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի ստվերի առկայությունը:
ԲՀԿ-ի հետ սերտագույն համագործակցության ջատագով, ԲՀԿ-ին վերջինիս կամքից անկախ մաքրամաքուր ընդդիմադիր որակած Լեւոն Զուրաբյանը շտապել էր հայտարարել, որ ինքը ավելի լավ գիտի, որ Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ից դուրս չի եկել, քանի որ դեռեւս ՀՀՇ անդամ է: Դե ինչ, տրամաբանություն կա. քանի դեռ ՀՀՇ-ին հրաժեշտ չես տվել, շարունակելու ես մնալ ՀԱԿմեջ վիճակում: Իսկ ահա ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ինչ անուն ասես նույն Շահնազարյանին չտվեց. ՙԿարծում եմ շատ ավելի ճիշտ կլինի, որ Դ. Շահնազարյանին պատասխանի ՀԱԿ-ը: Ընդորում` պատասխանը պետք է լինի լիարժեք եւ սպառիչ: ՀԱԿ-ի լռությունը այս պարագայում կլինի անհասկանալի: ԲՀԿ-ի մասով ասեմ, որ մեր դեմ մանր մունր խոսացողներն այնքան շատ են, որ մի Շահնազարյանով ավել կամ պակաս` իրավիճակը չի փոխվում՚: Եվ ամենակարեւորը` ՙՑավում եմ, որ մեր երկրի մի ժամանակվա ԱԱԾ ղեկավարը այդպես էլ չաճեց կուսակցական գործակալի մակարդակից՚: Դե ինչ, Դավիթ Շահնազարյանը ՙագենտի՚ պատվավոր կոչմանն արդեն արժանացավ: Բայց` ոչ միայնակ: Նաիրա Զոհրաբյանը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ն ճիշտ կանի այլեւս չմասնակցի այն նախաձեռնություններին, որտեղ ՙԺառանգություն՚ կա: Էլինար Վարդանյանը ոչ միայն կիսում է այդ կարծիքը, ՙայլեւ պետք է ասեմ, որ այդ տրամադրությունները ԲՀԿ-ում առկա էին նախքան այս ստորագրահավաքը: Ես կիսում եմ նաեւ իմ գործընկերոջ գնահատականները` ՙԺառանգությունը՚ ինքնուրույն ուժ չէ: Ավելին` ՙԺառանգությունը՚ այլեւս քաղաքական ուժ չէ: ՙԺառանգության՚ որոշ հին անդամներ, ովքեր հեղինակություն էին վայելում, անհասկանալի գործարքի արդյունքում դուրս մղվեցին, փոխարենը եկան մարդիկ, ովքեր ունեն այլ առաքելություն, այլ հանձնարարություններ: Սրանք անառարկելի փաստեր են՚:
Այսինքն` ի±նչ է ստացվում. դե, ՙԺառանգություն՚ խմբակցության հին կազմից մնացել են միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Հետեւաբար` տիկին Վարդանյանի թեթեւ ձեռքով ՙհանձնարարություն կատարող՚ հռչակվեցին ինչպես Ռուբիկ Հակոբյանը, այնպես էլ ՙԱզատ դեմոկրատների՚ ներկայացուցիչներ Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում` ՙՉեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ: Միայն ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի համար բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ զարմանալիորեն Հայաստանում չի լինում: Երբեւէ որեւէ կարեւոր հարցի վերաբերյալ մնայուն կարծիք չի հայտնում: Նույնիսկ երեկ ողջ օրվա ընթացքում չէր կողմնորոշվում. ինքը պատգամավո±ր է, թե± ոչ: Ինքը Հայաստանո±ւմ է, թե± ոչ՚:
Դե ինչ, նշելով հանդերձ, որ Րաֆֆու վերաբերյալ կարծիքը, ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը, ՙբժշկական փաստ է՚, բոլոր դեպքերում մատնանշենք միանգամայն այլ մոտեցումը մյուս ընդդիմադիր եւ իշխանական ուժերի հանդեպ. ՙԲՀԿ-ի կշիռը խորհրդարանում եւ ԲՀԿ-ի ստացած վստահության քվեն, մեզ պարտադրում են համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ` ՀԱԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ, նույնիսկ ՀՀԿ-ի հետ՚:
Այսինքն` ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւի համար ՙԺառանգությունը՚ նույնիսկ ավելի ՙքըխ՚ է, քան ՀՀԿ-ն, որին ժամանակին ձգտում էին տեսնել ՙբոլորը մինուս ՀՀԿ՚ ձեւաչափում: Համ էլ հարմար է ստորագրահավաք չստացվելու մեղքը դնել հենց ՙԺառանգության՚ վրա, միաժամանակ նաեւ վկայակոչելով պատգամավորների արձակուրդնեով պայմանավորված ՙտեխնիկական անհնարինությունը՚:
Իսկ ՀԱԿ-ի ճամբարից լսվում են բացականչություններ, որ ԲՀԿ-ի պատճառով տապալվեց ստորագրահավաքը: Բայց արդյոք ԲՀԿ-ն ընդհանրապես ցանկություն ունե±ր մասնակցել այդպիսի աղմկարարությանը, ինչպիսին է հանձնաժողովի ստեղծումը մի դեպքում, երբ քննության ընթացքին հետեւող աչալուրջ եւ ակտիվ հանրային շարժում գոյություն ունի: Համ էլ ցանկության դեպքում ցանկացած պատգամավոր էլ կարող է իր լիազորությունները գործի դնել ու լավ էլ հետեւել ամեն ինչին:
ԲՀԿ-ն չէր էլ ցանկանում իրականում այդ ամենին խառնվել: Խնդրեմ, ցուցակը շատ պերճախոս է, թե ովքեր են ԲՀԿ-ից մասնակից. Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան, Տիգրան Ուրիխանյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Վահան Բաբայան, Վահե Հովհաննիսյան: Նույնիսկ Արսենյան Գուրգենը չկա, ով հայրենի կառավարության հասցեին ինչ ՙքըխ՚ բաներ ասես արտաբերում էր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Ու խոշոր հաշվով հենց ստորագրողներին էլ պետք է համարել ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚, օսկանյանական թեւի ներկայացուցիչ: Մյուսները, եթե կուսակցությունում ընդհանուր տրամադրությունը լիներ հօգուտ այդ գործողության, ապա արձակուրդը չէր էլ խանգարի: Ու թերեւս սեպտեմբերին ավելի մեծ հստակություն կլինի ամեն ինչում:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ
21 պատգամավոր` ահա ՙնարնջագույն՚ խաղերի ամբողջ ռեսուրսը: Ու հույժ կասկածելի է, որ ընդհանրապես Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններին կարող է լինել ԲՀԿ-ի թեկնածուն: Եթե, իհարկե, տեղի չունենա այնպիսի ֆանտաստիկա, ինչպիսին է կատարյալ համաձայնությունը Ռոբերտ Քոչարյանի եւ ամերիկացիների մեջ, ու այն էլ` համաձայնությունը երկիրը ՙնարնջագույն՚ հեղաշրջման տանելու: Ֆանտաստիկա պետք է համարել այն տարբերակը, որ հանկարծ հենց Ռոբերտ Քոչարյանին առաջարկվի լինել ՙնարնջագույն՚ թեկնածուն կամ այն անձը, որի մոտ ապագայում ՙնարնջագույն՚ միասնական թեկնածուն նախագահ է աշխատելու:
Անշուշտ, հնարավոր է, որ ամերիկացիների ընտրությունը կանգ առնի հենց Վարդան Սիվիլիթասովիչի վրա. իզուր չէր, որ ԱՄՆ դեսպանը եւ այլոք այդքան իրենց ճղում էին, հենց որ Օսկանյանով հետաքրքրվեց ԱԱԾ-ն: Բայց այդ դեպքում նա չի լինի ԲՀԿ-ի թեկնածու, այլ կլինի ԲՀԿ-ի` վերոհիշատակված 7 հոգու թեկնածուն ու ոչ ավելին: Միգուցե պաշտոնական տարաբաժանում էլ չլինի, բայց ԲՀԿ-ի հիմնական զանգվածը իրենց բնույթով ու ծագումնաբանությամբ ոչ մի կերպ չեն կարող մտնել ընդդիմադիրի կերպարի մեջ: Իսկ թե ում կպաշտպանի ԲՀԿ-ն, ըստ Գալուստ Սահակյանի, ԲՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, քանի դեռ այդ կուսակցությունը պաշտոնապես չի հրաժարվել 2011-ի կոալիցիոն հուշագրից: Իսկ կհրաժարվի± արդյոք` դժվար թե, եւ բանաձեւումները, որ այդ փաստաթուղթը այլեւս չի գործում, գործնականում ոչինչ չեն փոխում:
Եվ քանի որ դիմեցինք Գալուստ Գրիգորիչի` կանխատեսում անելու ունակությանը, մի մեջբերում անենք նրա խոսքից` միասնական թեկնածուի վերաբերյալ. ՙԳիտեք, եթե ընդհանուր ծավալներով ասելու լինենք, բնական է, որ նախագահական ընտրություններին թեկնածուներ կլինեն, եւ, կարծում եմ, թեկնածուներ լինելն ապահովում են նաեւ այլընտրանքի հասկացողությունը: Իսկ ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ես կարծում եմ` մենք այն քաղաքական կապիտալն ու միջոցներն ունենք, որ իրագործելի կդարձնենք: Բայց նաեւ շատ լավ կլինի, որ համակերպված մրցակցություն լինի, իրական մրցակցություն, այլ ոչ թե` թշնամություն՚:
Այսինքն` նույնիսկ եթե լինի միասնական ՙնարնջագույն՚ թեկնածու, այն ՀՀԿ-ի թեկնածուի համար լինելու է սպարրինգ-պարտնյորի պես մի բան: Հենց դա է բխում ՙհամակերպված մրցակցություն՚ կատեգորիայից: Դե, իսկ եթե միասնական չլինի, ապա այդ սպարրինգ-պարտնյորները լինելու են ավելի շատ, առավել եւս, որ, ըստ Գալուստ Սահակյանի, ՙմիասնական թեկնածուն՚ հաղթելու շանսեր չունի. ՙՄենք էդպիսի բան չենք պատկերացնում, մանավանդ` չգիտենք` թեկնածուներն ովքեր են, բայց ազատ մրցակցության պայմաններում այն քաղաքական որակներին էլ կհասնենք, որ պարտվողները շնորհավորում են հաղթողներին՚: Ասել կուզե` ով չշնորհավորեց, ինքը սեփական վարկանիշին կհարվածի, քանի որ սուր հեղափոխական տերմինաբանությամբ սպառնալից հոխորտանքը մեր հանրությունը վաղուց արդեն բանի տեղ չի դնում:
Բայց, անշուշտ, կան նշաններ, որոնք վկայում են, որ հանձնաժողով ստեղծելու տապալված գաղափարը ամերիկյան նախագիծ էր: Եթե ստորագրահավաքին զուգահեռ Գլենդելում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, իսկ Նիսում` անգամ հայկական եկեղեցու տարածքում քաղաքական քարոզչություն էր ընթանում, ապա ամեն ինչ պարզ է: Մանավանդ որ Լեւոն Զուրաբյանն ուղղակիորեն խոստովանել է. ՙՄենք համարում ենք, որ սա շատ հաջողված քաղաքական ակցիա էր, որը ցույց տվեց հետեւյալը` չորս խմբակցություն կարող են համագործակցել եւ համաձայնեցված քայլեր կատարել՚:
Բայց դա փաստացի խոստովանություն է, որ ՙՀարսնաքարի՚ ողբերգության վրա քաղաքական ակցիա է իրականացվում:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՓՏԱԽՏԸ
Չէ, Դավիթ Շահնազարյանը ճիշտ ժամանակին գրողի ծոցն ուղարկեց ՀԱԿ-ը, զի փտախտի հոտը զարնում է գործնականում բոլորի քթերին: Լեւոն Զուրաբյանի ցինիկ խոստովանությունը ցույց է տալիս, որ ե°ւ ինքը, ե°ւ ԼՏՊ-ն արդեն չեն էլ ընկալում, թե ինչպիսի հանրորեն անընդունելի բաներ են անում: Հակաօլիգարխիկ հանրային շարժումը, ի տարբերություն ՀԱԿ-ի, քաղաքական ակցիաներով զբաղված չէ, չի ցանկանում շարժումը հանգեցնել ՀՀ նախագահի հրաժարականին կամ պաշտոնանկությանը, չի ձգտում տարատեսակ գունավոր կամ անգույն հեղափոխությունների, այլ կոնկրետ գործի շուրջ ու կոնկրետ ընդդեմ օլիգարխիայի կոնկրետ քայլեր է պահանջում: Եվ չի թողնում ՙնարնջագույններին՚ կառավարել այդ շարժումը:
Հիմա տեսնենք, թե ինչ էր կատարվում ՙնարնջագույն՚ ճամբարում: ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ սկսել են վիճել, թե ով է նախաձեռնության հեղինակը: Նաիրա Զոհրաբյանը եւ Արմեն Ռուստամյանը ճանաչեցին ՀԱԿ-ի հեղինակ լինելը, բայց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով հանդերձ այն հանգամանքը, որ քաղաքական կամքի դեպքում արձակուրդը ոչնչով չէր խանգարի ԲՀԿ-ին միանալ եւ հաջողությամբ պսակել նախաձեռնությունը, խորհրդավոր ձեւով ասում է. ՙՄենք սեպտեմբերին ներկայացնելու ենք մեր փաստաթուղթը եւ, կարծում եմ, որ այդ նախաձեռնության ներքո ավելի շատ պատգամավոր կստորագրի՚: Փաստորեն` ինչի շուրջ են վիճում, թե մարդու մահվանն առնչվող նախաձեռնության տակ ով ավելի շատ ստորագրություն կհավաքի: Լավ, ասենք, 21-ի փոխարեն եղավ 28 կամ 33, դրանով բան փոխվե±ց:
Լեւոն Զուրաբյանն էլ գաղտնազերծում է, որ իրար հոշոտելուն կարող է բանը հասնել. ՙԻ տարբերություն այլ բանակցողների` այդ բանակցությունների ներքին խոհանոցը մենք չենք բացահայտում եւ խորհուրդ ենք տալիս նրանց էլ չբացահայտել: Եթե խորանանք բանակցությունների ներքին խոհանոցային հարցերի մեջ, մենք թշնամանքներ կարող ենք հարուցել, ինչը միայն կարող է խանգարել համաձայնության հասնելու գաղափարին՚:
Այսինքն` սրանց ՙմիասնականությունը՚ թքով կպցրած մի բան է եւ կիսատ-պռատ կարող է շարժվել տեղից, եթե ամերիկյան տերերը բարձրաձայն բղավեն ուղիղ նրանց ականջներին: Իսկ հակառակ պարագայում իրար թշնամի էլ հեշտությամբ կդառնան: Յուրաքանչյուրն ինքն իրենից երեւակայում է չգիտես թե ինչ մեծ բան, բայց բոլորը միասին եւ առանձին-առանձին, երեւանցու խոսքով ասած, վաղուց ՙյուղ են վառում՚, ու սրանց իսկական տեղը քաղաքական աղբանոցն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙ

