Աչքներս լույս. վաղուց չէինք լսել բեղաթրաշ...
Արխիվ 12-16Մինչ ընդդիմադիրները ծամծմում են միասնական թեկնածուի թեման եւ երազում, որ ԲՀԿ-ն միանա իրենց եւ պաշտպանի իրենց միասնական թեկնածուին (եթե այդպիսինին կարողանան ծննդաբերել երկունքի ցավերով), ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ սենսացիոն բացահայտում է անում, որ 2013-ի ընտրություններին ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իսկ մինչեւ այդ բացահայտման մեխանիզմին անցնելը` հիշատակենք Հայաստանի անկախության շեմին շրջող թեւավոր խոսքը. ՙԼավատեսները Հայաստանում ուսումնասիրում են անգլերեն լեզուն, հոռետեսները` թուրքերենը, իսկ իրատեսները` Կալաշնիկովի ավտոմատը՚: Գալուստ Գրիգորիչն էլ` որպես իրատես, ուսումնասիրում է անցյալ տարվա կոալիցիոն հուշագիրը, որի մասին բոլորն արդեն մոռացել են. ՙՀուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաեւ այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որեւէ մեկը եթե չցանկանա պաշտպանել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա: Առայժմ այդ երեք ուժերից որեւէ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել՚, եւ ՙԻհարկե, եթե հակառակ հայտարարություն չի եղել, բնականաբար, ուժի մեջ է՚ Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտպանությունը:
Զարմանալի բան է հայտարարել գրող, հրապարակախոս ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ. ՙՀեղափոխություն անում է քաղաքացիական հասարակությունը: Նրանք չեն հասկանում, որ 21-րդ դարում ամեն ինչ կարող է 2-3 օրում փոխվել: Ամեն ինչով խրախուսելով արտագաղթը` գողամենթական թափթփուկները չգիտեն, թե որքան խելացի ու վճռական մարդիկ կան Հայաստանում, թե ինչ գեղեցիկ սերունդ է մեծանում՚: Անշուշտ, հակաօլիգարխիկ շարժմանը շատ գեղեցիկ, շատ խելացի եւ վճռական սերունդ է մասնակցում: Բայց զարմանալի է` ինչպե±ս նույն Մկրտչյանը, լինելով գրող, այսինքն` տեղյակ լինելով մարդկանց հոգեբանությունից, չի տեսնում, որ հեղափոխական առաջնորդ կոչեցյալները, որոնք հենց լավ էլ թափթփուկ են, ոչ մի կերպ չեն կարողանում այդ սերնդին, այդ շարժման մասնակիցներին շեղել բուն նպատակից եւ վերածել անուղեղ հեղափոխական ամբոխի:
Սակայն հակաօլիգարխիկ շարժման գնահատականներում զարմանալիորեն սխալվում են ոչ միայն գրողները, այլեւ քաղաքագետները: Այսպես, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ պնդում է. ՙԻմ կարծիքով` Հայաստանում սկիզբ է առնում նոր, ձախ գաղափարախոսության շուրջ դիսկուրս: Հայաստանում մինչեւ վերջերս միայն աջերն էին: Բոլորը լիբերալներ էին ու իրականում ձախ գաղափարախոսությունը քննարկումներում բացակայում էր: Արդարության, փողի բաշխման, հարստության դեմ պայքարի, քաղաքականության մեջ ուղղակի մասնակցության գաղափարները բոլորն էլ եվրոպական դասական ձախ սպեկտրի գաղափարներ են՚: Զարմանալի է` մի±թե շարժման` հակաօլիգարխիկ լինելը կարելի է համարել բավարար հիմք` այդ շարժմանը ձախ գաղափարախոսություն վերագրելու համար: Ախր մեր երկրում բոլորը` ե°ւ ազգային պահպանողականները, ե°ւ լիբերալները, ե°ւ աջերը, ե°ւ ձախերը վաղուց են հասկանում, որ օլիգարխիան, որպես այդպիսին, դարձել է երկրի զարգացման ու մթնոլորտը մաքրելու թիվ 1 խոչընդոտը: Գրողը տանի, ի±նչ ձախություն կա դրա մեջ:
Եվ վերջապես` մի հաճելի, բայց զարմանալի բան: Այս չորեքշաբթի ամբողջ աշխարհում, այդ թվում` եւ Հայաստանում, նշվում էր շոկոլադի համաշխարհային օրը, որը ֆրանսիացիները սահմանել են 1995-ից սկսած: Եվ դա առիթ էր դարձել, որպեսզի մարդկանց հիշեցվի, որ շոկոլադն օժտված է զարմանալի հատկություններով` վերականգնում է հոգեկան հանգիստը, իսկ մուգ շոկոլադը նպաստում է երջանկության հորմոնների ավելացմանը օրգանիզմում: Դե ինչ, բարեբախտաբար, մեր երկրում կա հենց հայրենական արտադրության մուգ շոկոլադ, որը ոչնչով չի զիջում արտերկրյա նմուշներին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

