Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան շուրջ այս օրերին շրջանառվող խոսակցությունների պակաս չկա: Եվ այդ բոլոր լուրերն էլ տանում են նրան, որ առաջիկա ընտրություններին նա հազիվ թե ՀՀԿ-ի հովանավորյալը լինի: Եվ ահա այդ ամենի ֆոնին պրն Ղուկասյանից քաջատեղյակ Գյումրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ նրա մոտ էլ այս պահին կա այդ համոզմունքը: Ընդ որում, նույն աղբյուրներն ասում են, որ պրն Ղուկասյանը պարբերաբար հայտնվում է հակասական տրամադրությունների մեջ: Մեկ յուրայիններին կարգադրում է պատրաստվել ընտրությունների, քանի որ, չնայած բոլոր արգելքներին, պատրաստվում է կրկին առաջադրվել ու մինչեւ վերջ կռիվ տալ: Մեկ էլ ասում են, թե 180 աստիճանով փոխվում է ու հենց ինքն է սկսում ամենամերձավորներին քարոզել, թե ստիպված է ենթարկվել, քանի որ հակառակ դեպքում կարող է իր կենսագրության շատ հետաքրքիր էջեր ջրի երես լողալ, դրանից բխող բոլոր իրավաբանական հետեւանքներով հանդերձ:
Կան նաեւ տեղեկություններ, որ որպես նախապատրաստական միջոցառում, Վ. Ղուկասյանն արդեն իսկ ունեցվածքի հիմնական մասը հանրապետությունից դուրս է բերել ու փորձում է մասնավորապես` Ֆրանսիայում նոր բիզնեսներ ու սեփականություններ ձեռք բերել: Բնականաբար, այն հաշվարկով, որ անցանկալի իրավիճակում մնա միայն ինքնաթիռի տոմս գնելն ու երկրից թռնելը: