ՙԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԻ ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ
Արխիվ 12-16Օրերս ՙՈսկե ծիրան՚ փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերից մեկի սկզբում ականատես եղանք փոքրիկ բախման: Մի քանի քաղաքացիներ ցանկանում էին դիտել ցուցադրվող ֆիլմը, իսկ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի աշխատակիցները չէին թույլատրում վերջիններիս ներս մտնել:
Ֆիլմ դիտել ցանկացողները նշում էին, որ տոմսարկղը փակ է, իսկ իրենք պատրաստ են վճարել մուտքի համար: Նրանցից մեկը նույնիսկ առաջարկում էր աշխատակցին վճարել տոմսի գումարը եւ ներս մտնել: Եվ այդտեղ օգնության եկան անվտանգության աշխատակիցները` հայտարարելով, որ ոչ ոք ներս չի մտնի առանց տոմսի կամ հրավիրատոմսի: Երբ անվտանգության աշխատակցից հետաքրքրվեցինք` դահլիճում տեղեր չլինե±լն է պատճառը, վերջինս ասաց. ՙՈւզում է դատարկ լինի, ուզում է` կիսադատարկ, միեւնույն է, չեն կարող ներս մտնել, որովհետեւ մեզ ասված է, որ առանց տոմսի ոչ ոք ներս չի կարող մտնել՚:
Իսկ թե հանդիսատեսի մուտքը կինոդահլիճ ինչպես է կանոնակարգված ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի շրջանակներում, փորձեցինք պարզել փառատոնի մամլո խոսնակ ԱՆԱՀԻՏ ՕՐԴՅԱՆԻՑ. ՙԽոսքը Ուես Անդերսոնի ՙԼուսնկայի թագավորություն՚ ֆիլմի մասին է, որտեղ այնքան լիքն էր դահլիճը, որ նույնիսկ գետնին նստած մարդիկ կային: Դա Կաննի փառատոնի բացման ֆիլմն է, եւ հնարավոր չէ, որ ազատ տեղեր լինեն, քանի որ բոլոր տոմսերը նախօրոք վաճառված են եղել: Այդ բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում էին դիտել ֆիլմը, ի վերջո, ներս են մտել:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքը ՙՄոսկվա՚ կինոթատրոնում վաճառվող տոմսերով է, գներն էլ բավականին ցածր են` 500 դրամ: Իսկ այդ օրվա բոլոր տոմսերը վաճառված են եղել, դրա հետ մեկտեղ` այն ցանկացողները, ովքեր չէին հասցրել գնել տոմսերը, ոչ թե տոմսարկղն էր փակ, այլ տամսարկղը փակ էր, որովհետեւ տոմսերն արդեն սպառված էին: Իսկ ֆիլմը դիտել ցանկացողներն ավելի շատ էին, քան դահլիճի տեղերը, դրա համար դահլիճի դռները բացվեցին, եւ նրանք նույնիսկ առանց տոմս կարողացան մտնել ու կանգնած, աստիճաններին կամ գետնին նստած դիտել ֆիլմը: Մենք փորձում ենք ՙՄոսկվա՚ կինոթատրոնի հետ համագործակցությամբ այդ ամենը կարգավորել, քանի որ փառատոն է, կան լավագույն ֆիլմեր, որոնք շատ հաճախ ընդամենը մեկ ցուցադրության հնարավորություն ենք ունենում, որովհետեւ մեծ բարդությամբ են բերվում: Բնականաբար, ամեն ինչ անում ենք, որ ցանկացողները ֆիլմը դիտելու հնարավորություն ունենան՚:
Ի դեպ, այս իրավիճակը, ինչպես միշտ, չէր շրջանցում նաեւ լրագրողներին, անգամ հավատարմագրված լրագրողներին, ովքեր ստիպված են լինում կինոթատրոնի աշխատակիցների հրամանով դահլիճի մուտքի մոտ սպասել այնքան ժամանակ, մինչեւ ֆիլմի սկիզբը, որից անմիջապես հետո, մթության մեջ խարխափելով, ընկնել-վեր կենալով ազատ աթոռ որսալ, որ հետո էլ, ըստ կազմակերպիչների, լավ ու դրական հոդված տպագրեն: Բայց ամենասարսափելին ու հիասթափեցնողն այն է, որ ֆիլմից մի քանի րոպե անց հասկանում ես, որ չարժեր այսքան բաների միջով անցնել այդ ֆիլմի համար: Այս ամենի փոխարեն կազմակերպիչները չեն էլ մտածում, որ կարելի է պարզապես լրագրողների համար գոնե որոշակի աթոռներ հատկացնել, ովքեր, ի դեպ, կարեւոր օղակ են փառատոնի եւ հանրության միջեւ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

