Օրերս մեծ աղմուկ բարձրացրած` Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 14-ամյա անչափահասի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի շուրջ Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ, որը կատարվել է 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ): Նախաքննությունը շարունակվում է, եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այդ մասին մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Երբ փորձեցինք կապվել Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանի հետ, ով, չգիտես ինչու, միանգամից բարկացավ ու ասաց. ՙՆման բան չկա, էլ բաներ մի հորինեք՚: Հասկանալ կարելի է գյուղապետին, երբ նա փորձում է թաքցնել իր ղեկավարած համայնքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, առավել եւս, որ խոսքն անչափահասների մասին է:
Սակայն եթե արդենի իսկ գործին պաշտոնապես ընթացք է տվել ոստիկանությունը, ակնհայտը հերքելու փորձն արդեն տարօրինակ է դառնում: Սոլակ գյուղի բնակիչները, որոնց դիմելու հնարավորություն ունեցանք, իրենց հերթին խուսափեցին իրենց կարծիքը բարձրաձայնել կատարվածի մասին եւ աշխատեցին ամենեւին չանդրադառնալ թեմային: Մեզ միայն հաջողվեց պարզել, որ 8-ամյա տղան, ով այս գործում տուժող կողմն է, սոցիալապես ապահովված ընտանիքից է եւ աչքի է ընկնում աշխույժ բնավորությամբ: Իսկ 14-ամյա տղան` ընդհակառակը, լուրջ, ինքնամփոփ դեռահաս է, տարեկիցների հետ չի շփվում, ապրում է նյութական համեստ միջոցներով գոյատեւող ընտանիքում: