ՙՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ՚` ԴԱՏԱՎՈՐ-ԴԱՏԱԽԱԶ ՙԴՐՈՒԶՅԱՆԵՐԸ՚
Արխիվ 12-16Շուրջ 2 տարի մեր թերթի աչալուրջ ՙհետաքննության՚ առարկա հանդիսացող սպանության այս գործը, հավանաբար, ավարտվեց նաեւ երրորդ մեղադրյալ Սերգեյ Մխիթարյանի համար. հունիսի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի, իմ համոզմամբ, ակնհայտ թերի դատաքննության արդյունքում դատավճիռը եւ ծանրագույն մեղադրանքով բանտախուց ուղարկեց եւս մեկ երիտասարդի:
րավաբան-ՙմասնագետները՚, հատկապես դատախազներն ու դատավորները կասեն, թե դա` սպանության գործ չէր, այլ` առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպք:
Բայց սույն հոդվածը գրվում է ոչ թե այն ՙմասնագետների՚ համար, որոնք` բառիս բուն իմաստով ոտնահարելով օենքը եւ խեղաթյուրելով փաստերն բուն դատավարությունը, կայացնումեն ապօրինի, հանցավոր դատական ակտեր, այլ ՀՀ այն քաղաքացու համար, ով համոզված է, որ չհիմնավորված յուրաքանչյուր դատական ակտը` մահափորձ է արդարադատության նկատմամբ…
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊՈՒՐՎԵԼ ԷՐ ՍՏՈՎ
Ընթերցողը, հավանաբար, հիշում է, որ ՙՕդնոկլասնիկի՚ գործը սկսվել էր 2009-ի գարնանը, երբ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում դաժանորեն ծեծվեց եւ մի քանի օր անց մահացավ անչափահաս Տիգրան Թադեւոսյանը: Այդ պատանին ՙՕդնոկլասնիկի՚ զոհ էր դարձել այն պատճառով, որ սոցիալական այդ կայքի միջոցով վիրավորել էր մի աղջնակի: Վերջինիս համակրող մի երիտասարդ իր երեք ընկերների հետ միասին հաշվեհարդար էր տեսել Տիգրանի հետ…
Համենայն դեպս` այդպիսին էր եղել այն ժամանակ եւ մնացել է առ այսօր իրավապահ մարմինների պաշտոնական վարկածը: Ծանր այդ հանցագործության մեջ մեղադրվող պատանիներից երեքն արդեն դատապարտված են երկարատեւ ազատազրկման, չորրորդը` փախուստի մեջ է:
Մեր կարծիքը իրականացված նախաքննության եւ 3 անձերի վերաբերյալ դատաքննությունների մասին ընթերցողը ծանոթ է նախորդ հրապարակումներից: Հետեւաբար, այսօր կսահմանափակվենք ընդամենը մեկ հարցի քննարկմամբ. ինչո±ւ են ստել դատաբժշկական փորձագետները եւ ինչո±վ է դատարանին ՙհրապուրել՚ այդ սուտը…
Քննիչներն ու հսկող դատախազները ՙհաստատված՚ էին համարել, որ Տիգրանին ծեծել էին 2 փուլով: Առաջին փուլը` շենքերից մեկի բակում, որտեղ ծեծողների թիվը 4 էր: Այդ ժամանակ Տիգրանին հաջողվել էր դուրս պրծնել ծեծողների ձեռքից ու փախչել: Երկուսը հետապնդել էին նրան եւ 150-200 մետր վազելուց հետո` բռնել փողոցում` ՙԼիլիա՚ գեղեցկության սրահի դիմաց: Այդտեղ էլ Տիգրանին տապալել էին գետնին եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Ենթադրյալ այդ երկուսին դատապարտելուց հետո, քննիչը եւ դատախազը սպանության վարկածով գործը չփակեցին, պնդելով, որ մահացու հարվածներ Տիգրանին հասցրել էին ոչ միայն փողոցում, այլեւ դրանից առաջ էլ` շենքի բակում, հետեւաբար, կռվի մյուս 2 մասնակիցները նույնպես եւ նույն չափով մեղավոր են: Այդ վարկածը ՙփայփայելու՚ համար դատարան էր ներկայացվել դատաբժշկական եզրակացություն, ըստ որի` առաջին փուլում ծեծված Տիգրանը, թեեւ արդեն իսկ ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, այնուամենայնիվ կարող էր վազել 150-200 մետր տարածությունը: Երրորդ մեղադրյալ, Սամվել Մխիթարյանի դատաքննության ժամանակ փորձագետը վստահ վկայել էր հետեւյալը. ՙՆման վնասվածք ստացողը անկասկած պետք է գիտակցության, հիշողության կորուստ ունենա: Նա կարող էր քայլել, վազել, բայց ոչ երկար: Հնարավոր է նաեւ, որ իր ամբողջ ուժերը լարելու դեպքում, կարողանար նույնիսկ վազել 5-10 մետր, բայց ոչ առողջ մարդու պես եւ նրա ուժերը շատ շուտ կնվազեին: Հարյուր մետր հաստատ չէր վազի՚:
ԴԱՏԱԿԱՆ ՙCOPY-PAST՚
Ակնհայտ կանխակալ դատարանը հաշվի չէր առել փորձագետի դատարանում տրված ցուցմունքը, պատճառաբանելով, թե հիմք պետք է ընդունվի նախաքննության ժամանակ կազմած փորձագիտական եզրակացությունը: Այլ խոսքով. դատարանը` հեչ բան է, դատարանում տրված ցուցմունքները` արժեք չունեն, դատարանը` քննչական մարմնի ու մեղադրողի կցորդն է…
Միգուցե` կապիտ է գրված: Այդ դեպքում ինչպես կարելի է բացատրել, որ հանուն Հայաստանի կայացված դատական ակտերի մեծ մասը, ինչպես վճռաբեկ բողոքում նշել է Սերգեյ Մխիթարյանի պաշտպանը` ՙcopy - paste՚ են մեղադրական եզրակացություններից:
Ոչ պակաս է վերադաս ատյանը` վերաքննիչ դատարանը: Քրեական այս գործով իր որոշման մեջ վերաքննիչ դատարանի 3 դատավորները ՙփաստել՚ էին, թե դատաքննության ընթացքում ՙլսել են ամբաստանյալի բացատրությունները՚… Այնինչ, ամբաստանյալ Ս. Մխիթարյանը դատարանում ներկա չէր եղել…
ՀՈԴՎԱԾ ԱՎԵԼ, ՀՈԴՎԱԾ ՊԱԿԱՍ...
Սերգեյ Մխիթարյանը դատավճռով պատժվել է նաեւ զինծառայությունից խուսափելու համար: Մեր նախորդ հրապարակումներում գրվել էր այն մասին, որ ՙարդարադատությունից՚ սարսափած Սերգեյը, մեղմ ասած, խուսափել էր իրավապահների հետ շփումներից: Սակայն նաեւ մեր թերթի միջոցով ակնարկվել էր, որ նա պատրաստ է ներկայանալ քննիչներին, սակայն խնդրում է երաշխիք արդար դատավարության վերաբերյալ: ՙԱրդարադատության՚ վերը նշված փաստերից պարզից պարզ է, որ պատանու մտավախությունները անհիմն չէին: Բայց խոսքը` զինծառայությունից խուսափելու մասին էր…
Եվ այսպես, ծանր հանցագործության մեջ մեղադրվող ու փաստացի մեղադրյալ Ս. Մխիթարյանին ծանուցագիր է ուղարկվում զինկոմ ներկայանալու համար: Այն, որ ծանուցագրերը ուղարկվում էին այնտեղ, որտեղ զինակոչիկը լինել չէր կարող` հարցի մյուս, այս պահին չքննարկվող կողմն է:
Հիմա քննարկվում է օրենքի այն դրույթը, ըստ որի` ՙՊարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տաուց ոչ պակաս, ինչպես նաեւ, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն՚: Ստացվել էր, որ պատանին ենթակա չէր զորակոչման, սակայն ենթակա դարձավ պատժվելու զորակոչից խուսափելու համար…
ՈՎ Է ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ
Սերգեյ Մխիթարյանի ու նրա պաշտպանի վերաքննիչ բողոքին պատասխան էր ներկայացրել մեղադրող դատախազը, որում մասնավորապես դատարանը ուսուցվում էր, թե` ՙՊատիժ նշանակելիս դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի կողմից ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը եւ այն, որ վերջին տարիներին հանրապետությունում լայն տարածում են ստացել առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, որպիսի հանգամանքը վկայում է վերջինիս արարքի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին՚:
Եզրակացությունները թողնում ենք ՙմասնագետներին՚, իսկ մենք, մեր ընթերցողի հետ միասին հայտնում ենք մեր համոզմունքն առ այն, որ հանցագործությունների աճը ուղիղ համեմատական է քննչական եւ դատական համակարգերի ՙներքին համոզմունքի՚ որակի անկմանը…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

