Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալ այն հանգամանքին, որ բրիտանական ծագումնաբանություն ունեցող հաստատությունները աննպաստ լույսի ներքո են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին:
Մասնավորապես հայտնի ՙՉաթթամ Հաուզը՚ իր զեկույցում ՀՀ երկրորդ նախագահին մեղադրել էր երկիրը ռուսներին ծախելու մեջ, իսկ բրիտանական ծագում ունեցող Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում Ռոբերտ Քոչարյանը ներկայացված էր ոչ թե որպես երկրորդ նախագահ, այլ որպես խոշոր օլիգարխ: Այժմ էլ ժամանակին Հայաստանից Լոնդոն տեղափոխված եւ այդտեղ BBC-ում աշխատանքի անցած հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը իր բլոգում հրապարակել է ընդարձակ հուշագրություն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ՙՊոպլավոկ՚-ում ջավախքցի դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու հանգամանքների վերաբերյալ, ուր հիշեցվում են ինչպես մանրամասները, այնպես էլ վարկածները: Մարկ Գրիգորյանը նաեւ հիշեցնում է իր սուր ելույթը կատարվածի կապակցությամբ ՙԱ1+՚-ի եթերում, որից հետո պաշտոնական մակարդակով պատռվել էր լռության քողը: Հիշեցնենք, որ Մարկ Գրիգորյանը Հայաստանից հեռացել էր անհասկանալի հանգամանքներում իր դեմ կատարված մահափորձից հետո, երբ փողոցում նրա ոտքերի տակ պայթուցիկ էր նետվել: Բացառված չէ, որ Պողոս Պողոսյանի սպանության թեմայի կոնկրետ այս ակտիվացումը նույնպես մաս է կազմում վերը հիշատակված բրիտանական ուղեգծի: