ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ
Հուլիսի 8-ը Երեւանում դարձավ ոչ պակաս ՙբախումնային կիրակի՚: ՙՀարսնաքար՚ ռեստորանի առջեւ ի հիշատակ Վահե Ավետյանի, կրկին մոմավառություն էր, որը վերածվեց բախման` ոստիկանության եւ միջոցառման մասնակիցների միջեւ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ պարզաբանեց, թե ինչպես ստացվեց, որ ցուցարարներից ոչ պակաս քանակով ոստիկաններ հայտնվեցին ՙՀարսնաքարում՚. -Քանակը որոշվում է ըստ իրավիճակի, ըստ անցկացվող միջոցառման: Դա շատ երկար թեմա է, եւ չեմ կարծում, որ պատասխանը Ձեզ հետաքրքիր կլինի: - Ո±վ եւ ինչո±ւ էր որոշում ընդունել, որ ցուցարարներին պետք է մոտ չթողնել ՙՀարսնաքարին՚, դեռ մի բան էլ ուժի կիրառումով դուրս մղվեին: - Հասարակական կարգն ապահովելիս ոստիկանությունն առաջնորդվում է նրանով, որ պատշաճ հասարակական կարգ ապահովվի: Ոստիկանության ծառայողներից ամեն մեկն իր պարտականությունները, իր իրավունքները գիտի: Եվ, եթե մի վայրում միջոցառում է, ըստ միջոցառման բնույթի եւ էլի շատ հանգամանքներ հաշվի առնելով, որոշվում է քանի մարդ պետք է մասնակցի ու ինչպես պետք է ապահովվի հասարակական կարգը: Չեմ կարծում, որ հանրությանը շատ հետաքրքիր է, թե ինչպես է ապահովում ոստիկանությունը հասարակական կարգը: Կարեւորը, որ ոստիկանությունը այդ կարգն ապահովի պատշաճ: - Համացանցում տարածված են տեսակետներ, թե ոստիկանությունը գործել է Ռուբեն Հայրապետյանի փաստացի թելադրանքով: - Այսինքն` Ռուբեն Հայրապետյանը ոստիկանությանը հրամա±ն է տալիս, ասում է եկեք պահե±ք ինձ: Նման բան չի կարող լինել: Ոստիկանության ծառայողները համապատասխան օրենսդրություն ունեն: Քաղաքացին չի կարող հրաման տալ: