ՙԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆ՚ ՙՔԵՌԻ ՍԵՄԻՆ՚ ԹԵՎ-ԹԻԿՈՒՆՔ ՏԱՆՔ...
Արխիվ 12-16ՙԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆ՚ ՙՔԵՌԻ ՍԵՄԻՆ՚ ԹԵՎ-ԹԻԿՈՒՆՔ ՏԱՆՔ...
Եվ այսպես, ավարտվեց ՀՅԴ բազմաչարչար եւ բազմագաղտնիք հերթական Գերագույն ժողովը, որի փակ դռների հետեւից, այնուամենայնիվ, հանրությանը հասնում էին լուրեր շիկացած կրքերի եւ տարատեսակ ստվերային ինտրիգների մասին:
Ճիշտ է, խոսվում էր, որ ԳՄ-ի կազմը կփոխվի շուրջ 80 տոկոսով, սակայն փոփոխություն եղավ կիսով չափ, այն էլ` ԳՄ անդամների քանակը 9-ից 11-ի հասցնելու արդյունքում: Այսինքն` ակնհայտորեն ծանր կոմպրոմիսի հոտ է գալիս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Բնականաբար, անպակաս էր ՀՅԴ-ի երկու թեւերի` ամերիկամետների եւ իրանամետների ավանդական պայքարը, որը, սակայն, այս անգամ բավականին սուր բնույթ է կարծես ստանում: Ճիշտ է, արցախյան նախագահական ընտրությունների հետ կապված սկանդալը որոշ չափով թուլացրեց Հրանտ Մարգարյանի դիրքերը, սակայն դա առանձնապես մեծ օգուտ չտվեց ՙնարնջագույն՚ ուղեգծի կողմնակիցներին: ԳՄ կազմն էլ ցույց է տալիս, որ աճել է, այսպես ասած, իշխանության համին արդեն ծանոթ կադրերի տեսակարար կշիռը: Այսպես, թեեւ ՙնարնջագույն՚ տրամադրություններ ունեցող Արմեն Ռուստամյանը ղեկավարելու է ԳՄ-ն, սակայն նրա տեղակալը նախկին սոցապ նախարար Արսեն Համբարձումյանն է, մեկ այլ նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանը նույնպես ընդգրկվել է այդտեղ: Արծվիկ Մինասյանին նույնպես դժվար է համարել ՙնարնջագույն՚ տրամադրությունների կրող, առավել եւս, եթե հիշենք, թե ինչպես գոմիկական ակումբի հրկիզման պատմությունից հետո ԱՄՆ-ի դաշնակները բացեիբաց դատապարտում էին Արծվիկ Մինասյանին հրապարակավ արտահայտած կեցվածքի համար եւ փորձում անգամ լոբբինգ անել, որ նրան չթույլատրվի վերցնել պատգամավորական մանդատը:
Ի դեպ, ավելորդ չէ հիշատակել, որ Գերագույն ժողովի փակ դռների հետեւից անպակաս էին արտահոսքերը, որ ՙարտերկրի ընկերները՚ որոշել են անգամ ֆինանսապես պատժել ՙհայաստանյան ընկերներին՚ ու թերեւս պատահականություն չէ նաեւ ՙԵրկիր մեդիայի՚ արբանյակային հեռարձակումների ընդհատումները հենց Գերագույն ժողովին զուգահեռ: Իսկ այն հանգամանքը, որ, փաստորեն, առաջին անգամ արտերկրի դաշնակցականներին ժողովում տրվել էր խորհրդակցական ձայնով հանդես գալու իրավունք (քվեարկելու իրավունք տալը կհակասեր ՀՀ օրենսդրությանը), հիշատակվել է պաշտոնապես ու ցուցանիշ է, որ ՀՅԴ արտերկրյա կառույցները ձգտում էին ամեն կերպ իրավիճակը սեփական հսկողության տակ վերցնել: Իզուր չէին նաեւ օրեր առաջ Հրանտ Մարգարյանի կողմից հնչեցրած ակնարկները, որ արտաքին միջամտության փորձեր կան: Հիմա պարզ է, թե հատկապես ով է ՙարտաքին միջամտողը՚` ամերիկյան թեւը:
Ամերիկյան թեւի հաջողություն կարելի է համարել այն, որ Գերագույն ժողովի բանաձեւը հռչակում է համընդգրկուն իշխանափոխության գաղափար եւ ոգով շատ է նմանվում ՀԱԿ-ի մոտեցումներին: Կոպիտ ասած` այդ բանաձեւը ՀԱԿ-ի գաղափարների ձեւակերպումն է ուրույն դաշնակցական տերմինաբանությամբ:
Իսկ ամենակարեւորը նախագահական ընտրություններին վերաբերող մոտեցումն է: Ճիշտ է, նշվել է, որ նախընտրելի է սեփական թեկնածուով հանդես գալը, բայց, այնուամենայնիվ, թողնվել է հնարավորություն, որ ՀՅԴ-ն կարող է պաշտպանել եւ այլ թեկնածուի` լինի այն թեկուզ անկուսակցական կամ այլ կուսակցության ներկայացուցիչ: Այսինքն` խոսքը ակնհայտորեն միասնական ընդդիմադիր թեկնածուի ամերիկյան նախագծի մասին է: Ու նախագահական ընտրությունների հարցով աշնանը գումարվելու է արտահերթ Գերագույն ժողով, ուր եւ պետք է ընդունվի վերջնական որոշումը, սակայն փաստացի ստացվում է, որ իրականում վերջնական որոշման ընդունումը վերապահվելու է ՀՅԴ Բյուրոյին: Ու դժվար չէ կանխատեսել, որ նախագահական ընտրությունների հողի վրա ներկուսակցական հակասությունների սրում է սպասվում: Ու այս անգամ ոչ միայն առկա է ամերիկյան եւ իրանական թեւերի խուլ հակամարտությունը, որը հատկապես սուր հանգամանք է ստանում Իրանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի վրա, այլեւ դրան ավելացել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ սերտորեն աշխատելու ցանկություն ունեցողների շերտը:
Կարճ ասած` քիչ հավանական է, որ ՀՅԴ-ն կարողանա ամբողջ ընդդիմադիր դաշտին առաջարկել մյուսների համար ընդունելի եւ ԱՄՆ-ի ճաշակին համապատասխանող ՙնարնջագույն՚ միասնական թեկնածու, իսկ ցանկացած ՙդրսի՚ թեկնածուի պարագայում ներկուսակցական երկպառակությունը դառնում է անխուսափելի:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐ՚ ԳՈՐԾԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ
ԲԱՐՎՈՔ ՉԵՆ
Ինչքան էլ մասնավորապես ԼՏՊ-ն ձգտում է ԲՀԿ-ին ներքաշել ՙնարնջագույն՚ գործընթացների մեջ, սակայն դա, կարծես թե, հեռու է հաջողությամբ պսակվելուց: Ճիշտ է, այդ ինտրիգների շնորհիվ ԲՀԿ-ն ՙբարի ախորժակով՚ կուլ տվեց ՀԱԿ-ի ընտրազանգվածի առյուծի բաժինը, սակայն ինքն իրեն այդպես էլ չցանկացավ ընդդիմադիր կոչել: Ու ԲՀԿ-ի ավանդական հատվածը (կարելի է ասել` գերակշռող մասը), որը հիմնված է գործարար եւ չինովնիկական կադրերի վրա, չափազանց իներցիոն է այդպիսի հարցերում եւ ՙնարնջագույն՚ գործունեություն ծավալելու հակումներ չի դրսեւորում: Այդ հակում ունեցողներն էլ Վարդան Սիվիլիթասովիչի գլխավորությամբ նախ առանձնապես շատ չեն, եւ երկրորդն էլ` Օսկանյանի գործոնը, կարծես, գնալով ոչ թե ուժեղանում է, այլ` թուլանում: Ժողովրդական խոսքով ասած` ԱԱԾ-ի ջանը սաղ լինի...
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին ու ազատդեմոկրատացած ՙԺառանգությանը՚, ապա այդտեղ էլ ոչ մի փայլուն ապագա չի երեւում: Ինքը` ԼՏՊ-ն, անձամբ խաղի մեջ կմտնի միայն, եթե ունենա 2008-ից ոչ պակաս շանսեր, հակառակ պարագայում` բավականին հավանական է, որ ցածր տոկոսների թուքումուրն ուտելու մղի Լեւոն Զուրաբյանին: ՙԺառանգության՚ պարագայում ցանկություն չի զգացվում պաշտպանել ուրիշի թեկնածուի, եւ, օրինակ, Զարուհի Փոստանջյանը պարզ նշել է, որ մտադիր չեն ՀՀ ո°չ առաջին, ո°չ երկրորդ եւ ո°չ էլ երրորդ նախագահների թիմերի հետ գործ ունենալ: Եվ ինչպես ՙԺառանգության՚ ներսից, այնպես էլ ՙԱզատ դեմոկրատների՚ կողմից գալիս են ազդակներ` մղելու Րաֆֆի Հովհաննիսյանին այնքան էլ հաշվի չնստել ամերիկյան տերերի հետ եւ առաջադրվել: Սակայն ՙԺառանգության՚ երիտասարդական թեւը ավելի հակված է նրան, որ ՙԺառանգությունը՚ միանա ցանկացած` հաջողություն խոստացող ՙնարնջագույն՚ նախագծի` անկախ նրանից, թե ով է լինելու առաջնորդը:
Իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ միասին կատարյալ ձախողման մատնվեցին ՙՀարսնաքարի՚ ողբերգությունից հետո ձեւավորված հանրային հակաօլիգարխիկ շարժումը գլխավորելու իրենց փորձերում: Վերջին ձախողումը հենց Վահե Ավետյանի յոթնօրյակի մոմավառության ժամանակ գրանցվեց: Օբյեկտիվորեն իրավիճակը սրելու բոլոր նախադրյալները կային` ե°ւ Ռուբեն Հայրապետյանի գրգռիչ հայտնությունը, ե°ւ հելսինկյան հայտնի կադր Արման Վեզիրյանին հաջողվեց Հայրապետյանից բոլորի աչքի առաջ ուժեղ մուշտի կորզել, ե°ւ ոստիկանությունը գործում էր ծայրահեղ կացնային, ապաշնորհ եւ գրգռիչ եղանակով: Սակայն ո°չ բախումների ընթացքում էապես տուժողներ եղան, ո°չ էլ բախումները վերաճեցին զանգվածային անկարգությունների: Անշուշտ, եթե այդտեղ ներկա լիներ նույն զանգվածը, որը խանդավառորեն 2008-ին մասնակցում էր լեւոնական բոլոր միջոցառումներին, ապա տեղում մի նոր ՙմարտի 1-ի՚ առաջացումը շատ հավանական կլիներ: Սակայն ՙնարնջագույնների՚ բախտը ահավոր չի բերել. հակաօլիգարխիկ շարժմանը մասնակցում են առավելապես գիտակից մարդիկ, մեծավմասամբ` միջին խավի ներկայացուցիչներ, ու հենց այդ պատճառով շարժումը չի ստացվում վերածել լավ ձայնային տվյալներ ունեցողների հետեւից գնացող խառնամբոխի:
Տվյալ դեպքում մարդիկ թեեւ ակցիաների գալիս են այնպիսի քանակությամբ, որ ՀԱԿ-ը կարող է նախանձից կանաչել, բայց շատ հստակ գիտեն իրենց նպատակն ու կոնկրետ խնդիրը, որի շուրջ հավաքվել են, ուստի ապագայում էլ այդ ուղղությամբ ՙնարնջագույններին՚ ոչ մի լավ հեռանկար չի սպասվում, նրանց չի հաջողվի ՙհեծնել՚ այդ զանգվածը: Իսկ լյումպենացած տեսակի զանգվածներին նրանք վաղուց են կորցրել ու այդպիսի զանգված մոբիլիզացնել արդեն գործնականում չեն կարող:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

