ՙՙՙՙԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԵՑ...
Արխիվ 12-16ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԵՑ...
Հուլիսի 8-ին Երեւանում մեկնարկեց ՙՈսկե ծիրան՚ միջազգային 9-րդ կինոփառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ, ինչպես միշտ, ՙՄոսկվա՚ կինոթատրոնում: Տարվա սպասված կինոիրադարձության բացման հանդիսավոր արարողությունն այս տարի էլ չտարբերվեց նախորդներից: Կազմակերպիչները առաջնորդվել էին գրեթե նույն սցենարով: Այն զուսպ էր եւ բավականին համեստ, նույնիսկª կարմիր գորգով ՙդեֆիլեն՚: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը միջոցառման հենց սկզբից հանձնեց ՙՈսկե ծիրան՚-ի ամենահեղինակավոր պարգեւը` ՙՓարաջանովյան թալլեր՚-ը: Վերջինս հանձնվեց իսպանացի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսենին եւ վրաց ռեժիսոր Էլդար Շենգելայային, որից հետո հանդիսականին առաջարկվեց դիտել Համո Բեկնազարյանի ՙՇոր եւ Շորշոր՚ կատակերգությունը, որի հիմքում ընկած է նախահեղափոխական շրջանի հայ կատակերգակ Մուշեղ Բագրատունու պատմվածքը: Ֆիլմը նկարահանվել էր շատ կարճ ժամանակամիջոցում` գրեթե մեկ ամսում եւ նվազագույն ծախսերով: ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում այն ներկայացվեց յուրովիª կենդանի նվագակցությամբ: Նոր երաժշտական ձեւավորումը կատարել էր երգահան, երաժիշտ Վահագն Հայրապետյանը:
Նշենք, որ այս տարի ՙՈսկե ծիրան՚ երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանակներում կներկայացվեն շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: Այդ մասին օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել էր Հ. Խաչատրյանը: Վերջինիս ձեւակերպմամբ, ֆիլմերից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում:
Ֆիլմերը, ինչպես միշտ, կցուցադրվեն ՙՄոսկվա՚ եւ ՙՆաիրի՚ կինոթատրոններում, ինչպես նաեւ Տիկնիկային թատրոնի դահլիճում:
Հուսանք, որ կիսադատարկ դահլիճներ չեն լինի:
Ի դեպ, ՙՈսկե ծիրան՚ Երեւանի միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ: Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում եւ կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները: Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ թե պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական եւ վերլուծական բնույթի: Մրցույթը կդիտարկի փառատոնի ընթացքում եւ փառատոնի ավարտից հետո մինչեւ հուլիսի 30-ը հրապարակված նյութերը: Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը եւ այդպիսով փորձ անել առավել զարկ տալու հայկական կինոյի զարգացմանը: Մրցույթը, ըստ տարածած մամլո հաղորդագրության, սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգեւի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի եւ մեկ լրագրողի:
Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմեր, ներկա գտնվելու կինոդասընթացների, վարպետության դասերի, բազմազան միջոցառումների:
Վ. Մ.

