Աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 000 000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է:
Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումով 2020- ական թվականներին տարեկան ինքնասպան կլինի մոտ 1,53 միլիոն մարդ: Դա ահռելի թիվ է. յուրաքանչյուր 20 րոպեում մեկ մարդ, իսկ ամեն մեկ-երկու վայրկյանում կկատարվի մեկ ինքնասպանության փորձ: Պաշտոնական տվյալներով Հայաստանում 2000-2005թթ. ընթացքում արձանագրվել է 1241 ինքնասպանություն եւ 1157 ինքնասպանության փորձ: Սակայն այս տարվա համար դեռ վերջնական տվյալներ չկան: Չնայած դրան միանշանակ է, որ ներկայումս մեր երկրում ինքնասպանությունների եւ փորձերի առումով մի խելահեղ վիճակի ենք հասել... Երեկ` հուլիսի 9-ին, Հայաստանում գրանցվեց հերթական ինքնասպանությունը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երկաթգծի կայարանի 5/38 հասցեում բնակվող 46-ամյա Խանումը (համաքաղաքացիների եւ աշխատակիցների շրջանում հայտնի է որպես Ալվարդ) առավոտյան ժամը 7-ի սահմաններում սեփական տան այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ալվարդին կախված վիճակում նկատել է քույրը` 36-ամյա Վարսենիկը: Փորձել է փրկել, սակայն ապարդյուն: Ալվարդի մասին փորձեցինք տեղեկություններ իմանալ նրա հարեւաններից, որոնք էլ մեզ պատմեցին հետեւյալը. - Ալվարդը իրենց տան ՙտղամարդն՚ էր` տան միակ աշխատող ուժը: Երկաթգծի կայարանում աշխատում էր որպես բանվոր: Տանը ապրում էր երկու քույրերի եւ խորթ հոր հետ: Մարդամոտ, կամեցող, վերջին ունեցածը հարեւանի հետ կիսող աղջիկ էր: Մայրը մի քանի ամիս առաջ է մահացել. անբուժելի հիվանդ էր: Խեղճը ամեն ինչ անում էր մոր համար, մոր հետ շատ կապված էր: Էնքան ա եղել, որ ասում էր` մերս չեղավ, ես էլ չեմ լինի: Ու էդպես էլ եղավ, էդ աղջիկը մոր մահից հետո լրիվ փոխվել էր: Մեկ ինքնամփոփ ու մտածկոտ էր, մեկ էլ ագրեսիվ ու անկառավարելի էր դառնում, տեղի-անտեղի վիճում էր հարեւանների հետ, անհասկանալի բաներ շատ էր անում: Վերջերս հաճախակի էր ասում, որ հոգնել է կյանքից. չափազանց դաժան է կյանքն իր հանդեպ: Բայց դե ինքը կամքի մեծ ուժ ուներ, ասում էր` մինչեւ վերջի շունչս էլ պետք է աշխատեմ, քուրիկներիս կողքին լինեմ, իրենց մենակ թողնելու իրավունք չունեմ: Հերն էլ, չնայած խորթ էր, բայց շատ լավ էր վերաբերվում ե°ւ ողորմածիկ կնոջը, ե°ւ աղջիկներին: Դժվարանում ենք ասել` ինչ էր խելքին փչել էդ պահին, որ որոշել էր ինքնասպան լինել: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: