ՈՒՆՔԸ ՇԻՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔՆ ԷԼ ՀԱՆԵՑԻՆ
Արխիվ 12-16ՈՒՆՔԸ ՇԻՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔՆ ԷԼ ՀԱՆԵՑԻՆ
Այսպես կոչված էլիտար սերմաբուծության ծրագիրը, մեղմ ասած, սպասված արդյունքը չտվեց: Ասենք ժամանակին հենց դա էլ կանխատեսելու առիթ ունեցել էինք: Սակայն ՀՀ գյուղատնտեսության ինչպես գործող, այնպես էլ նրան նախորդած նախարարները տեւական ժամանակ մի լավ ոգեւորված համոզում էին, թե հենց ռուսական սերմերի միջոցով հայաստանյան ցորենի որակը փոխելն է փրկությունը: Բայց...Դեռ մայիսի կեսերից արդեն իսկ հնչեցին մասնագիտական ահազանգեր, որ , այսպես կոչված, էլիտար սերմերը, ավելի ճիշտ` անցած տարիներին Ռուսաստանից ներկրված ցորենի էլիտար սերմացուից ստացած առաջին վերարտադրության սերմացուն բանի պետք չէ: Ասենք գյուղացիները մասնագետներից շատ ավելի վաղ էին նույն բանն ասում, բայց դե մեր երկրում գյուղացու խոսքը ո±ւմ է հետաքրքրում:
Ինչեւէ, մոտավորապես մայիսի կեսերին ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում գյուղնախարարության բարձրաստիճան չինովնիկները որոշել են կնքել ՙկեղծ Նոստրադամուս՚ մականունով, հայտարարեց, թե էլիտարի փոխարեն գյուղացիներին տրամադրվել են ցորենի անորակ սերմացուներ: Ավելին, պարոն Բերբերյանը հավելեց նաեւ, թե այդ կերպ ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը հանրապետությունում ձախողվել է: Այնուհետեւ այդ առաջին վերարտադրության սերմացուից շատ վատ բերք ստանալու մասին լուրեր սկսվեցին գալ տարբեր մարզերից` Սյունիքից սկսած, Շիրակով վերջացրած: Հիմնականում այն բողոքներն էին, որ ցորենի ցողունը գրեթե չի բարձրանում, սովորականից 2-3 անգամ ցածր է, եւ ձեւավորվում են փոքր հասկեր: Գումարած դրան` ցորենի հետ մեկտեղ դաշտերը լցվել են ամեն տեսակի մոլախոտով: Այն օրերին նախարարությունը շտապեց մեկնաբանել, թե իբր այդ սերմացուից հենց այդպիսի ցորեն էլ պետք է ստացվի: Իհարկե, այդ մեկնաբանությունը մասնագետների մոտ ընդամենը դառը ժպիտ էր առաջացնում: Սակայն էականը դա չէ. եթե անգամ այդ էլիտար սերմերը հենց այդպիսի հասկ ու ցողուն պետք է առաջացնեին, ապա դա Հայաստանում ցանելը աններելի սխալ էր: Բանն այն է, որ օրերս Շիրակի մարզի հողագործների հետ մեր զրույցների արդյունքում նրանք նման իրողություն ներկայացրեցին. ՙՑողունն այնքան կարճ է, որ կոմբայնը պարզապես չի կարողանում բերքը հավաքել: Ասենք որոշ վայրերում փորձեցին, այնուամենայնիվ, հավաքել: Մի կերպ քաղելուց հետո ստացվեց այն աստիճան վատ բերք, որ պարզապես քաղելու ծախսերն էլ չես կարողանում հանել: Նույնիսկ որպես անասնակեր մեծ դժվարությամբ է հնարավոր այս բերքը քաղել եւ օգտագործել՚:
Մեկ ուրիշն էլ սկսեց թվաբանական հաշվարկներ կատարել: Իհարկե, կրկնելը իմաստ չունի, բայց ընդհանուր հաշվարկով 1 հա-ի հաշվով այս հողագործի վնասները, ըստ իր հաշվարկի, մոտավորապես 150 հազար դրամի կարգի է. ՙՎարուցանքի գումարը վերցրել եմ վարկով: Հիմա ուզած-չուզած պետք է վերադարձնեմ տոկոսներն էլ հետը: Որ լավություն այս պետությունը չի ուզում անել, արդեն սովորել էինք: Բա էդ ինչո±ւ բերեց ու մեզ էս օրը քցեց՚:
Մի խոսքով, դժգոհությունները համատարած են, թեեւ նկատենք, որ անցած տարի այդ նույն սերմացուից հիմնականում բավականին լավ բերք էին ստացել: Ուրեմն ի±նչ տեղի ունեցավ:
Հանրապետության մարզպետարաններից մեկի գյուղատնտեսության բաժնի մասնագետներից մեկը (անունը հայտնի պատճառներով հատուկ չենք նշում) նկարագրեց նման մի վիճակ. ՙԹեկուզեւ մեր մարզում էլիտար բաժանվել էր հիմնականում տեր ու ծանոթ ունեցողներին ¥մեր տվյալներով` նաեւ պարզապես կաշառքով- Ք. Ս.¤: Սերմացուն չեմ ասում իրոք մի արտառոց բան էր, սակայն մեր վիճակում այն վատը չէր եւ լավ մշակողները բավականին լավ բերք ստացան: Եվ ահա եկավ այն պահը, երբ պետք էր պայմանագրերով նախատեսված կարգով պետությանը վերադարձնել սերմացուն: Ընդ որում, պետք է վերադարձվեր լավագույն ձեւով` զտված, ախտահարված, մի խոսքով` լիարժեք պատրաստ ցանքի: Բայց մի կողմից սերմ զտելը մեզ մոտ վաղուց է դարձել մոռացված ավանդույթ, մյուս կողմից պարզապես շատ գյուղերում դրա հնարավորությունը չկա` զտիչների բացակայության պատճառով: Բայց ամենագլխավորն այն է, որ լավ սերմացուն շատ ավելի թանկ արժե, քան սովորական ցորենը: Եվ ահա հիմնականում թվարկված պատճառներով վերադարձվեց շատ վատ որակի սերմացու, անմշակ, մոլախոտի սերմերով, ջարդված, անծլունակ հատիկներով լի: Դրանից հետո էլ ի±նչ բերքի մասին կարելի է խոսել: Իսկ նրանք, ովքեր պետք է ստուգեին վերադարձվող սերմացուի որակը, պարզ է, որ կա°մ դրանից գաղափար անգամ չեն ունեցել, կա°մ էլ, հիմնականում, պարզապես աչք են փակել դրա վրա: Կարող եմ մեր ներքին տվյալներից ասել, որ այդ աչք փակելն էլ հենց այնպես չէր արվում՚:
Մի խոսքով` ամեն ինչ հասնում է նույն կետին, ինչին որ մեր երկրում հասնում է գրեթե ամեն մի նման հարց. ծրագիրը սկսվեց ամենազոր կոռուպցիայով եւ ծանոթ-բարեկամական սկզբունքներով եւ դրանով էլ ավարտվեց: Վերեւներն էլ ՙմոռացել՚ են պատշաճ վերահսկողություն սահմանել...
Հիմա այս նոր բերքից հողագործը էլի պետք է վերադարձնի, որ այնª որպես սերմացու, բաժանվի մյուսներին: Եվ արդեն դժվար չէ կռահել, որ հազիվ թե այս աշնանը որեւէ գյուղացի այլեւս կհամաձայնվի այդ սերմացուն օգտագործել: Իհարկե` ենթադրելի է, որ նրանց մոտ, ովքեր ժամանակին ստացան էլիտարը, դեռ պահել են դրա առաջին վերարտադրության բերքից եւ որպես սերմացու կօգտագործեն:
Սակայն դա էլ էական բան չի փոխի, քանի որ կան նաեւ խոսակցություններ այն մասին, որ տվյալ սերմացուն առհասարակ պետք չէր ներկրել: Նույն խոսակցությունների համար այդ Էլիտար սերմացուն մեր երկրում պարզապես նախնական փորձարկումներ չի անցել, եւ մասնագետների մի խումբ այն համոզմունքին է, որ ներկայիս վատ բերքի պատճառն այն է, որ տվյալ սերմացուն պարզապես չի համապատասխանել մեր պայմաններին: Այդ դեպքում արդեն ողջ պատասխանատվությունը գյուղնախարարության վրա է մնում, չնայած որ կողմից էլ նայես, մեկ է, հենց այս կառույցի ՙգործունեության՚ արդյունքում է, որ Հ. Բերբերյանի ասածի պես պետք է արդեն իսկ սերմնաբուծության ծրագիրը համարել ձախողված:
Մի խոսքով, թե այս տարի Հայաստանը ցորենի ինչ բերք կունենա, պարզ կդառնա մոտ օրերս: Սակայն արդեն իսկ շրջանառվում են մասնագիտական գնահատականներ, որ այդ բերքը նկատելիորեն պակաս կլինի անցած տարվա բերքից: Եվ դա այն դեպքում, երբ այս տարի աշխարհում սպասվում է ցորենի գների լուրջ թանկացումներ: Իսկ դա նշանակում է, որ այս ձախողված ծրագրի հետեւանքներն անմիջապես իր վրա է զգալու ոչ թե միայն մեր գյուղացիությունը, այլ Հայաստանի ամեն մի բնակիչ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

