Ուզբեկստանում, կարծես թե վատ սովորություն է ձեւավորվում: Վերջինս ամեն 6-7 տարին մեկ հրաժարվում է ՀԱՊԿ անդամակցությունից:
Ինչպես 1999թ.-ին դադարեցրեց ՀԱՊԿ անդամակցությունը եւ կրկին ՙանառակ որդու՚ նման վերականգնեց այն 2006-ին, այնպես էլ հիմա Ուզբեկստանը նոտա է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն` իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Իսկ թե ի±նչ հետեւանքներ կունենան Ուզբեկստանի ՀԱՊԿ անդամակցությունից հրաժարվելը, պարզեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ. - Իհարկե, միայն Ուզբեկստանով ոչինչ չի փոխվի: Այստեղ ավելի կարեւոր է Միջին Ասիայի այլ երկրների որոշումը, որովհետեւ գիտենք, որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները զբաղված է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու գործունեությամբ, ու նրանց անհրաժեշտ են հնարավոր նոր հենակետեր գտնել Աֆղանստանին եւ Ռուսաստանին հարող տարածաշրջաններում: Եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Ուզբեկստանից բացի նաեւ տարաձայնություններ մտցնել Միջին Ասիայի ՀԱՊԿ անդամ այլ երկրների միջեւ, ապա այդ պարագայում կարելի է խոսել, թերեւս ՀԱՊԿ վերացման մասին: Սակայն, սա, իմ կարծիքով, այս պահի դրությամբ այդքան էլ իրականությանը մոտ հեռանկար չէ: Բայց, համենայն դեպս, ակնհայտ է, որ Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ուժեղ հարված էր ոչ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այլեւ Ռուսաստանի եվրասիական ինտեգրման ծրագրերին: Ակնհայտ է, որ նման ճանապարհով նոր գործընթացի առջեւ է կանգնում Ռուսաստանը, որը ամեն ինչ կանի հարակից տարածաշրջաններում իր ազդեցությունը վերականգնելու համար: