ՙԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Շատ շուտով` հուլիսի 19-ին, կկայանա ԼՂՀ նախագահական ընտրությունները, իսկ թե նախընտրական ինչպիսի իրարանցում է տիրում Քաշաթաղում, հարակից շրջաններում եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` պարզեցինք ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՙՄենք՚ գյուղացիական փոխօգնության միության նախագահ, Քաշաթաղի վերաբնակեցման նախաձեռնող ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ.-Ճիշտն ասած, այդքան շատ տեղյակ չեմ, Ստեփանակերտից եւ ԼՂՀ այլ շրջաններից: Բոլորն էլ գիտեն, որ հիմնական պայքարը ընթանալու է երկու թեկնածուների` Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ: Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրություններում եղած իրավիճակի, Վիտալի Բալասանյանը, կարծում եմ, լուրջ հայտ է ներկայացրել եւ այս անգամ պայքարը նրա կողմից, ըստ էության, սցենարների մեջ չէ: Հիմա շատ կոնկրետ մեր շրջանում ուղղակի Վիտալի Բալասանյանին չեն ճանաչում: Ժողովուրդը համեմատում է ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին իր նախորդի` Արկադի Ղուկասյանի հետ, եւ այդ համեմատությունը հօգուտ Բակո Սահակյանի է: Մեր շրջանում այս հինգ տարիների ընթացքում բավական լավ գործեր են արվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, նաեւ իրականացվել են այլ բարեփոխումներ` անասնապահության վարկային ծրագիրը, շինանյութերի տրամադրումը, համայնքներին ավտոմեքենաներ տրամադրելը եւ այլն: Այս բոլոր լավ գործերը, բնականաբար, արտացոլվելու է ընտրությունների ժամանակ Բակո Սահակյանի ձայների մեծ տոկոսներով:
- Վերջին շրջանում, Հայաստանում լուրեր էր պտտվում, թե Արցախում ՀՅԴ-ականները սկսել են լքել ՀՅԴ-ի շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Որքանո±վ եք տեղյակ այս ամենից:
- Դաշնակցությունը ինքներդ էլ գիտեք, որ դեպի դուրս ինֆորմացիա շատ գծուծ կերպով է տալիս: Բայց, օրինակ, կոնկրետ մեր շրջանում ես այդպիսի բան չեմ լսել: Դաշնակցությունը պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը, բայց որոշակի վերապահումներով, որի մասին բարձրաձայն ասվել է: Որքան հասկանում եմ, Դաշնակցության հիմնական դժգոհությունը կապված է Բակո Սահակյանի վարած կադրային քաղաքականության հետ: Եվ սա, նույնիսկ Բակո Սահակյանը իր նախընտրական ծրագրում թեթեւ ակնարկով ընդունում է. ծրագրում նշել է, որ կան թերացումներ կադրային քաղաքականության գծով:
Այժմ Դաշնակցությունը չի մասնակցում ընդհանուր շտաբների աշխատանքներին: Բայց, օրինակ, մեր շրջանի Դաշնակցության գրասենյակում առանձին շտաբ կա, որը զբաղվում է էլի Բակո Սահակյանի քարոզչությամբ: Իսկ հիմա կոնկրետ դո±ւրս են գալիս, թե± ներս են գալիս կամ ի±նչ են անում, ուրիշ շրջաններից որեւէ ինֆորմացիա չունեմ, թե ինչ է կատարվում դաշնակցության ներսում: Կարելի է միայն ենթադրել, բայց ինֆորմացիա ունենալը, այս պահին անհնարին է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙ

