Օմբուդսմեն ունենք` աշխարհը չունի:
Արխիվ 12-16Մենք արդեն անդրադարձել էինք այն զարմանալի եւ անպատվաբեր քայլին, ինչպիսին էր ՈՒԵՖԱ-ին դիմելը` Ռուբեն Հայրապետյանին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելու խնդրանքով: Զարմանալի է, որ այդքան մարդ չի հասկացել, որ անկախ նրանից, Հայրապետյանը լավն է, թե վատն է, նրա հարցը թույլատրելի է լուծել բացառապես Հայաստանի ներսում: Էլ ավելի զարմանալի է, որ այդ տխմարագույն ստորագրահավաքը ողջունել է հայտնի դերասան ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԸ եւ մի բան էլ նշել է, որ եթե ՈՒԵՖԱ-ն չընդառաջի դրան, ապա ինքը ՈՒԵՖԱ-ից կհիասթափվի: Սակայն ՈՒԵՖԱ-ն հաճելիորեն զարմացրեց մեզ եւ դառը հիասթափություն պատճառեց Ադամյանին` պատասխանելով, որ հարգանքով է վերաբերվում ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների անկախությանը եւ պատշաճ չի համարում որեւէ միջամտություն այդ ֆեդերացիաների ներքին գործերին: Դե ինչ, լավ է, որ ՈՒԵՖԱ-ն չընդառաջեց մեր երկրի ներքին գործերին միջամտելու, մեղմ ասած, անխոհեմ կոչերին, ու լավ է նաեւ, որ մեր հանրությունը մերժեց էլ ավելի անհեթեթ կոչը` բոյկոտելու ֆուտբոլի ազգային հավաքականը:
Ինչպես հայտնի է` ՀԱԿ-ը հաճախ է սիրում քննադատել այն մարդկանց, ովքեր օգտվում են ՙավազակապետության կերակրատաշտից՚: Սակայն այժմ 22,5 միլիոն դրամ է հատկացվել ՀԱԿ խմբակցության աշխատանքները ԱԺ-ում կազմակերպելու համար, ու առայժմ, ասենք, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ կամ այլ պայքարիստներից ոչ մի բառ չենք լսել, թե իրենք չեն ցանկանում օգտվել ՙավազակապետության՚ փողերից: Դե ինչ, կյանքը լի է հետաքրքիր դրվագներով:
Մեզ բավականին զարմացրեց միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ. ՙԵս խորապես կասկածում եմ, որ հասարակության մեծ մասը մի տեսակ օրգանական վիճակում չի զգում իրեն: Գիտեն, որ խաբել չի կարելի, բայց նախանձում են խաբողներին: Գիտեն, որ սպանել չի կարելի, սակայն նախանձում են սպանողներին, որովհետեւ նրանք լավ են ապրում: Գիտեն, որ թալանել չի կարելի, բայց նախանձում են թալանողներին, որովհետեւ նրանք լավ են ապրում՚: Հարգելի ընթերցող, ասա, խնդրեմ, քանի մարդու ես անձամբ ճանաչում, որ նախանձի մարդասպաններին... Երեւում է` Դավիթ Հակոբյանի վրա զարմանալիորեն ազդել է այն, որ մասնագիտությամբ հոգեբույժ է եւ շատ է շփվել շեղում ունեցողների հետ... Իսկ հետաքրքիր է` անձամբ մարքսիստը հիմա ո±ւմ է նախանձում:
Բավականին զարմանալի, բայց միանգամայն թուրքավարի իրեն դրսեւորել է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԳՆ-ն` հետաքննություն սկսելով Դիարբեքիրի Սուրա շրջանի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշի դեմ այն բանի համար, որ Դեմիրբաշը տարբեր լեզուներով, այդ թվում` եւ հայերեն, դրել է ՙբարի գալուստ՚ մաղթող ցուցանակներ, կազմակերպել է հայերենի դասընթացներ եւ հրատարակել հայկական հեքիաթներ: Եվ դա անում է այն երկիրը, որը ձգտում է Եվրամիություն մուտք գործել: Դե ինչ, եվրոպացիները միանգամայն ապուշ կլինեն, եթե սրանց ընդունեն իրենց շարքերը, սակայն դա իրենց պրոբլեմն է: Եթե այդքան կարճ պատմական հիշողություն ունեն, թող միանգամ էլ վառվեն ճիշտ այնպես, ինչպես եղել է դարեր առաջ, երբ մի կերպ թուրքական հորդաները հետ են մղվել Վիեննայի պարիսպների տակ:
Անվանակոչությունները երբեմն ճակատագրական են լինում: Այսպես, Զովունի գյուղի բնակիչ ԱԼԻԽԱՆ ԿԱՐՈՅԱՆԸ իր ցլիկին դրել է Ռեմբո անունը, ու երբ ցանկացավ մորթել ցլին, կենդանին զարմանալիորեն իրոք ռեմբոյություն արեց եւ, կտրելով պարանը, լեղաճաք արեց ոչ միայն ամբողջ Զովունին, այլ հասավ Դավթաշեն: Այնպես որ, նույնիսկ կենդանիների անվանակոչման ժամանակ պետք է ուշադիր լինել, թե չէ կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

