ՙԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԵՐԵՍ ԹԵՔԻ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Արխիվ 12-16Հուլիսի 4-ին, ԱԺ-ում տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ տարածեցին լուրեր, թե իբր Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը, ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին:
Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին իր հարցազրույցում ասել է կառույցի ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակª Փիթեր Ստանոն: Այդ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ, անցած տարվա դեկտեմբերին, հաղորդել էր, որ ՙՊաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, Հայաստանի իշխանությունների խոստումներից եւ պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել եւ գումարներ հավաքել Հայաստանին օժանդակելու համար:
Մայիսին, Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին 2013-ի նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի, երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաեւ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին էլ ավելի աջակցելու եւ մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ՚,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը: Այս առումով, երեկ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունը մեկնաբանություն էր ցանկանում ստանալ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ.
- Ձեր կարծիքով` ինչո±ւ է Եվրամիությունը որոշել հետաձգել Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը:
- Նախ` Եվրամիությունը պաշտոնապես որեւէ ժամկետ դոնորների համաժողով անցկացնելու մասին չի ֆիքսել, հետեւաբար` խոսել չեղած ժամկետը հետաձգելու մասին, ճիշտ չէ: Առավել եւս, գոյություն չունի որեւէ նման, ինչպես դուք ասացիք, որոշում: Եվրամիությունն ակտիվորեն զարգացնում է Հայաստանի հետ իր փոխհամագործակցությունը, որի վկայությունն է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի ելույթը ՀՀ Ազգային ժողովում, որտեղ եւս մեկ անգամ ընդգծվեցին ակնառու տեղաշարժերը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ, հատկապես վերջերս տեղի ունեցած ԱԺ ընտրությունների առումով:
Անկասկած, ինչպես բոլորս, այնպես էլ եվրոպական համապատասխան պաշտոնյաները տեսնելով խորհրդարանական ընտրությունների դրական արդյունքը, միաժամանակ, հակված չենք դրանք իդեալական համարելու: Հայտնի են որոշ խախտումներ, ինչպես, օրինակ, եվրոպացիների կողմից նշված` տրակտորների տեսքով ընտրակաշառքների բաժանումը, որոնք, սակայն, էական ազդեցություն արդյունքների վրա չեն ունեցել: Հայտնի են նաեւ ընդդիմադիր կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչության կանոնների զանգվածային խախտումներ, իրենց վերահսկողության տակ գտնվող ռադիոյի եւ հեռուստաեթերի միակողմանի օգտագործման փաստեր: Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք զարգացնել դրական ժողովրդավարական բարեփոխումները նաեւ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում, թեեւ, հասկանում ենք, որ որոշ օլիգարխիկ խմբավորումներ, ինչպես նաեւ ժողովրդական զանգվածների աջակցությունից իսպառ զրկված եւ իրենց հանցավոր անցյալով վարկաբեկված ընդդիմադիրները շահագրգռված չեն, որպեսզի ժողովրդավարական դրական զարգացումները մեր երկրում ունենան շարունակական բնույթ:
Սակայն պետք է հիշել, որ Եվրամիության համար ժողովրդավարության խնդիրները շատ անգամ պատրվակ են այլ երկրների արտաքին քաղաքական ուղեգծերի վրա ազդելու համար: Հակառակ դեպքում` Եվրամիությունը որեւէ շփում չպետք է ունենար ֆաշիստական եւ ռասիստական Ադրբեջանի հետ եւ պետք է ամեն կերպ աջակցեր ժողովրդավարական զարգացում ապրող Արցախին, այնինչ փաստերը հակառակի մասին են վկայում: Չմոռանանք նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել մեր տարածաշրջանում, խիստ սրվել են Իրանի եւ Սիրիայի խնդիրները, զուգահեռաբար` խորացել է Հայաստան-Ռուսաստան ինտեգրացիոն գործընթացը: Հասկանալի է, որ դա արեւմտյան որոշ շրջանակների սրտով չէ: Ահա սրանք են այն արտաքին քաղաքական, ինչպես նաեւ ներքաղաքական գործոններն ու լծակները, որոնք ազդում են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների վրա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

