ՙՀԱՄԱԽՄԲՎՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ՚ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՙՀԱՄԱԽՄԲՎՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ՚ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Վերջապես ձեւական մակարդակով կայացավ ոմանց երազած ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ ձեւաչափը:
ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունները որոշել են համախմբվել ՙՀարսնաքարի՚ ողբերգության հարցի շուրջ` հանդիսավոր հայտարարելով, որ դա արվում է իրավական գործընթացների թափանցիկության եւ անխտիր բոլոր մեղավորներին պատժելու նպատակով: ԲԱՌԱԽԱՂՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահվանը հետեւած բողոքի լայնածավալ ակցիաներից եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո շատերը միանգամից ՙասլանացան՚ ու շտապեցին սուր ելույթներով հանդես գալ: Բացառություն չէր եւ, օրինակ, հայտնի Վարդան Պետրոսյանը, ով իր ասուլիսին հերոսաբար բոլոր ՙնեմեցներին՚ շտապեց Գերմանիա ուղարկել: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ ձեւավորված հանրային հակաօլիգարխիկ շարժման ալիքի վրա ինչպես քաղաքական, այնպես էլ այլ շրջանակներ, շտապում են վեր բարձրանալ, երեւալ ժողովրդի աչքին, ստեղծել պայմաններ` սեփական առաջխաղացման համար: Սակայն վերադառնանք խորհրդարանական ուժերին, որ համախմբված մտադիր են հետեւել իրավական գործընթացի արդարությանն ու թափանցիկությանը: Նախ` գործընթացին հետեւելու համար որեւէ ՙհամախմբում՚ չի պահանջվում, զի նույնիսկ առանձին պատգամավորը, էլ չենք խոսում ամբողջ խմբակցության մասին, ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Այսինքն` այդ ամենն ակնհայտորեն ստանում է շոուի բնույթ: Անպայման ցանկություն կա գոնե ձեւի համար ցույց տալ, թե բոլորը միասին են: Մինչդեռ ՙհամախմբման՚ իրական արժեքը երեւում է թեկուզ այն հանգամանքից, որ, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների, հնարավոր չէ այս պահին ՙՀարսնաքարի՚ դեպքերի վերաբերյալ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, քանի որ ստորագրությունները չեն բավականացնի: Բայց չէ± որ եթե այդ ՙհամախմբվող՚ խմբակցությունների ընդհանուր քանակը իրար գումարես, կստացվի 50-ից ավելի, մինչդեռ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար 44 ստորագրություն է անհրաժեշտ:
Ուրեմն` ի±նչն է դա դարձնում անհնարին: Անշուշտ, վերը հիշատակված ուժերի, որոնցից երեքը ընդդիմադիր են, իսկ չորրորդը` ՙայլընտրանքային՚, բազում տարաձայնությունները տարբեր հարցերով առկա են: Նրանցից յուրաքանչյուրի ներսում էլ տարաձայնություններ կան, զորօրինակ` ՀԱԿ-ը հազիվ կարողացավ գումարել քաղխորհրդի նիստ, զի նույնիսկ խմբակցության ներսում միակամություն չկա, ՙԺառանգության՚ պարագայում ներքին բազմաշերտ հակասություններ կան, գերագույն ժողով անցկացնող ՀՅԴ-ի ապագան բավականին մշուշոտ է, իսկ ԲՀԿ-ում էլ կան ինչպես ՙնարնջագույն՚ հակում ունեցողներ, այնպես էլ նրանք, ովքեր ափսոսում են, որ կոալիցիա մտնել չստացվեց: Սակայն ամենակարեւոր գործոնը դա չէ, այլ այն, որ այդ ուժերը պատրաստ չեն համակարգային, օրենսդրական եզրակացություններ ապահովող մակարդակով քննարկել խնդիրը, զի զուտ ՙՀարսնաքարի՚ դեպքով օրենսդիր մարմինը` որպես այդպիսին, առանձին նստաշրջանի կարիք չունի:
Այսինքն` կա ցանկություն միավորներ վաստակել հանրային ալիքի վրա, սակայն չկա ցանկություն հարցին իրական լուծում տալու: Կոնկրետ ԲՀԿ-ի պարագայում հակաօլիգարխիկ համակարգային լուծումները նշանակում են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Դե, ՀԱԿ-ին հետաքրքրողն էլ, խոշոր հաշվով, այն է, որ երազում են ՙկազմաքանդել ավազակապետությունը՚, որպեսզի հենց իրենք կարողանան ՙավազակապետ՚ աշխատել: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՙԺառանգությանը՚, ապա, ժողովրդի խոսքով ասած, եթե քաչալը դարման ունենա, իր գլխին կքսի:
Այսինքն` ազնվության պակասն ակնհայտ է: Համ էլ, եթե բանը հասնի օրենսդիր մարմնի ներգրավումով համակարգային իրավական գործընթացներին, ապա լույս աշխարհ դուրս կգա լկտի օլիգարխիկ թիկնազորայինների բազում հանցագործությունների պարագան, ու դժվար թե նախկինում տրված պայմանական պատժաժամկետների վերանայումը ու, ընդհանրապես` իրավապահների տեսադաշտից դուրս մնացած դրվագների ուսումնասիրությունը լավ բան խոստանա ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ ԲՀԿ-ին:
Ազնվության պակասը այլ հարցերով էլ է երեւում: Օրինակ` ինչո±ւ է հանկարծ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որ այդքան զգացմունքային արտահայտվում էր ՙՀարսնաքարի՚ դեպքի վերաբերյալ, միանգամից անընդմեջ կրկնում ՙշահարկում՚ բառը, հենց որ որեւէ տեղ հիշատակվում է գլխավոր դատախազության 2007թ. հոկտեմբերի 2-ի պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, թե ինչպես Առինջում ՙՄուլտի գրուպ՚ կոնցեռնի անվտանգության աշխատակիցները սպանել են ռուս սպա Դմիտրի Երմոլովին: Ի դեպ, նրանք դատապարտվել էին ընդամենը պայմանական պատժաժամկետների ճիշտ այնպես, ինչպես ՙԱռագաստ՚ սրճարանի արտաքնոցում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանած Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուի պարագայում: Հա, ի դեպ, նախկինում, երբ թիկնապահների հարցը կարգավորող օրինագծեր էին քվեարկվում, նույն Նաիրա Զոհրաբյանը գերադասում էր դեմ քվեարկել: Իսկ ՀՅԴ-ն թեեւ կողմ քվեարկողների մեջ էր, սակայն իր կուսակից Պողոս Պողոսյանի սպանության պարագայում բերանը ջուր էր հավաքել: Այդ զառամյալ կուսակցությունը լռել էր նաեւ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ 1992-ին սպանվել էր Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Մկրտչյանը, ու իրենք լավ էլ գիտեին, թե որ շրջանակներն են դրա հետեւում...
Անազնվությունը երեւում է եւ արդեն անցյալ տարվանից ձգվող ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղում: ՀԱԿ-իստները, չգիտես ինչու, հանկարծ մոռացության են մատնել ե°ւ այն, որ Վարդան Օսկանյանին մեղադրում էին մարտի 1-ի համար, ե°ւ թե ինչպես էին հայտարարում, որ շատ կոնկրետ օլիգարխների թիկնապահները մասնակից էին մարտիմեկյան արյունահեղության: Դե ինչ, սրանց համար ժողովուրդն ընդամենը ՙմասովկա՚ է, իսկ զոհված մարդիկ` ընդամենը մատաղացու սեփական անձնական կամ խմբակային նպատակների հասնելու համար: Դե, էլ չենք խոսում նաեւ դաշնակցականների բարոյական պատկերացումների մասին, որ այդպես հեշտությամբ ողջագուրվում են երբեմնի ոխերիմ թշնամի ՀՀՇ-ականների հետ, որոնց զինված բանդաները մարտաորսով էին զբաղված:
ՀԱԿԱՕԼԻԳԱՐԽԻԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ
ՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ
Թե իրականում ինչին ունակ կլինի ՙհամախմբում՚ կոչեցյալը, թերեւս բավականին պարզ կերեւա ՏԻՄ ընտրություններին, եւ, ի դեպ, հենց դրանց մասին էր խոսքը եւ մի կերպ իրար գլուխ հավաքված ՀԱԿ քաղխորհրդի նիստում: Բայց շատ հնարավոր է, որ ոչ միայն ՙհամախմբվողների՚ միջեւ հակասություններն իրենց զգացնել տան, այլ նաեւ հենց ներսում ունեցած էական տարաձայնությունները: ՀԱԿ խմբակցությունում ընդամենը երեք հոգի քչից-շատից նույն ուղղությամբ են` ԼՏՊ, Լեւոն Զուրաբյան եւ Արամ Մանուկյան, իսկ մնացյալների պարագայում` ինչքան մարդ, այնքան կարծիք: Նույնիսկ ՀԱԿ-ից հեռացածների մեջ ներքին հակասություններ ինչքան ասես կան. ՙՀանրապետություն՚ կուսակցությունը բաժանված է Արամ Զ. Սարգսյանի եւ Սմբատ Այվազյանի թեւերի, ՙԱզատ դեմոկրատների՚ խոհանոցում էլ մինչեւ հիմա, ըստ էության, հանգուցալուծված չէ Արարատ Զուրաբյանի հետ ունեցած կոնֆլիկտը:
Սակայն վերադառնանք մարտիմեկյան ողբերգությանը, որը երբ պետք է շահարկում են, իսկ երբ պետք է` մոռանում ՀԱԿ-իստները: Իսկապես, այդտեղ պարզելու շատ բաներ կան: Զորօրինակ` ԼՏՊ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի մեղավորության աստիճանը ո°չ իրավական, ո°չ քաղաքական հարթությունում չի ուսումնասիրվել: Բաց է մնացել նաեւ օլիգարխիկ թիկնազորերի դերակատարությունը, եւ եթե հանկարծ ՀՀԿ-ն նախաձեռնի ուսումնասիրությունների վերսկսումը, այդ ժամանակ հետաքրքիր կլինի նայել այսօրվա ՙպայքարիստների՚ դեմքերին:
Նկատվում է եւ այլ միտում` բավականին ճիշտ հիմունքներ ունեցող եւ ծավալելու լրացուցիչ ներուժով օժտված հանրային հակաօլիգարխիկ շարժումը փակուղային ուղղություններով շեղելու կամ հատվածական քաղաքական շահերին ի սպաս դնելու ուղղությամբ: Դեռ ՙՀարսնաքարի՚ մատույցներում տեղի ունեցած մոմավառությունից սկսած ՀԱԿ-իստները փորձում են շարժումն ուղղորդել դեպի նաֆթալինոտ ՙիշխանափոխական՚ արահետ, իսկ այն բանից հետ, որ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց իր մանդատը, ՀԱԿ-ը փորձ արեց ամեն ինչ հասցնել աբսուրդի:
Ի սկզբանե ԱԺ-ի մոտ նախատեսված բողոքի ցույցը պետք է պահանջեր Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը մանդատից, եւ այդ իրողությունը աչքի առաջ ունենալով որպես փաստ, արդեն տրամաբանական էր, որպեսզի հակաօլիգարխիկ օրենսդրական պահանջներ հնչեին: Սակայն ՀԱԿ խմբակցությունը, ՙպատրաստի զանգված՚ տեսնելով, առաջ քաշեց այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառում ու պաշտոնանկություն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Դե, իսկ գլխավոր դատախազության շենքի մոտ արդեն բանը հասավ լրիվ աբսուրդի` ՀԱԿ-իստների կողմից մերժվեց դատախազության` հանդիպելու եւ հարցերը քննարկելու առաջարկը: Տիպիկ փանջունիական մոտեցում` բաց դռնով ոչ մի դեպքում չմտնել, զի իսկական հեղափոխականը դուռը պարտադիր պետք է ջարդի: Սակայն նույն ՙնարնջագույնները՚ բավականին պարզ հասկանում են, որ չեն կարող հանրային շարժման գլուխ անցնել եւ այն տանել իրենց հետեւից, ու սոսկ կարող են փորձել դիվիդենտներ ստանալ եւ շեղել բուն նպատակից, տրոհել, ստեղծել հիասթափեցնող պահեր: Պատահական չէ, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց` իբր ինքն իրեն համարում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ զուտ հանրային ընդվզմանը մասնակցող քաղաքացի:
Իսկ ինչու ՙհամախմբվող՚ ոչ իշխանական խորհրդարանական ուժերին անհրաժեշտ չէ եւ նույնիսկ վնասակար հզոր հակաօլիգարխիկ հանրային շարժումը: Թերեւս այն պատճառով, որ այդ շարժումը կարող է լինել հանրային հենարան ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի համար` օլիգոպոլիաների վերացմանն ուղղված բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին: Ավելորդ չէ հիշեցնել, թե Ռոբերտ Քոչարյանի թերեւս հիմնական հենարանը հենց օլիգարխիան է: Գումարած դրան` քաղաքագետ Անուշ Լեւոնյանը մատնանշում է նաեւ այն, որ հակաօլիգարխիկ շարժման հետեւում նշմարվում է եւ բանակի ստվերը: Գումարած դրան` Անուշ Լեւոնյանը նաեւ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքը (ով, ի դեպ, նույնիսկ փաստաբան ունենալն ավելորդ է համարել) բանակի ներսում առկա տրամադրությունների հետ է կապում` վկայակոչելով նաեւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի բավականին կոշտ հրապարակային ակնարկը:
Պարզ է, որ եթե հակաօլիգարխիկ բարեփոխումների թիկունքում առկա է հանրային հզոր շարժում եւ բանակի դրական վերաբերմունքը, ապա այդ բարեփոխումները պարզապես դատապարտված են հաջող իրականացման, եւ օլիգարխիային, եւ օլիգարխիայի վրա հենվող շրջանակներին շանս չի մնում: Այսինքն` գնալով նվազում են ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ ԼՏՊ-ի շանսերը, զի երկուսն էլ հույսեր են կապում ոչ թե գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, այլ օլիգարխիայի կորպորատիվ շահը արտահայտող ապագաղափարական միավորումների հետ, որոնք քաղաքականությամբ զբաղվում են այնքանով, որքանով, եւ ավելի շուտ ոչ թե քաղաքականության սուբյեկտ են, այլ քաղաքական միջոց եւ ռեսուրս:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

