ՙՀարսնաքար՚ ռեստորանում անցած կիրակի կարող էր տեղի ունենալ ահաբեկչություն, որի զոհ անխուսափելիորեն կդառնային տասնյակ մարդիկ միայն այն պատճառով, որ վերջիններս մասնակցում էին հարսանիքի այդ զվարճավայրում:
Ըստ հավաստի տեղեկությունների, շաբաթ օրը երեկոյան հարսանիքի մասնակիցներին առանց հրավերի միացել էր փոխգնդապետ Վարդան Սամվելյանը: Հասկանալի է, որ նման պայմաններում ոչ մեկի մոտ կասկած չէր կարող առաջանալ, որ անկոչ այդ հյուրի պայուսակում կար` 400 գրամանոց տրոտիլային պայթուցիկ սարքª 3 հատ, 200 գրամանոց` 2 հատ, 25 գրամանոց` 1 հատ: Զինանոցը համալրված էր նաեւ 2 նռնակով, 9 մմ 40 հատ փամփուշտներով, 8 հատ կրակատար պայթուցիչներով, ազդանշանային հրթիռով եւ ծալովի 2 դանակով: Քեֆի գագաթնակետի պահին փոխգնդապետը հայտարարել էր, թե պայթեցնելու է շինությունը… Իրավապահ մարմինները հավանաբար կճշտեն չավարտված ահաբեկչության իրական դրդապատճառները: Այս պահին, համենայն դեպս` լրագրողական խավին հայտնի է, որ Վ. Սամվելյանը դեռ վաղ ժամանակներից խնդիրներ ուներ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ եւ այդ խնդիրը առնչվում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Երվանդ Սուքիասյանի եւ վերջինիս եղբայր` Վարուժանի հետ: Տարիներ առաջ Երվանդը հեռացվել էր հավաքականից, քանի որ ֆեդերացիայի նախագահը համարել էր, թե նա վաճառել էր Հունաստանի հետ խաղը: Քիչ հետո` հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվել էր Վ. Սուքիասյանը:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՉԱՓԵԼ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՎԱԽԸ
Մայրաքաղաքի թիվ 81 երթուղին գործադուլի մեջ է անցած կիրակի օրվանից: Պատճառը, ինչպես ասում են` ՙկենցաղային՚ է. պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկին դուր չէր եկել վարորդներից մեկը: Վերջինս ՙբերման՚ էր ենթարկվել Ռ. Հայրապետյանի հորաքրոջ որդի ՙՊլաստմաս Արայիկի՚ մոտ: Վարորդին համապատասխան ներշնչումներից հետո, որոշել էին նույն նպատակով հրավիրել ՙգծի տիրոջը՚` նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի որդուն: ՙՀրավերքը՚ մերժած գծատիրոջը տեղեկացրել էին, որ երթուղին այլեւս նրան չի պատկանում: Մինչեւ երթուղու հետագա ճակատագիրը ՙբարձր մակարդակով՚ լուծելը, վարորդները համարել են, որ ՙառողջարար՚ կլինի, եթե իրենք տանը նստեն: Խոհեմ վարորդներին ճիշտ ուղուց չեն հանել անգամ քաղաքապետարանի հորդորները` չվախենալ եւ անցնել աշխատանքի: