ՙԲուն ՀԱԿ-ում ներկայումս ընթացող խմորումների ֆոնին մի տեսակ բախումնային իրավիճակ է առաջացել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ներսում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ խմբակցության ղեկավար ընտրելու ժամանակ հավասար կիսվեցին ձայները:
Մի կողմից` Հրանտ Բագրատյանն էր, Նիկոլ Փաշինյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, մյուս կողմից` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը, կարծես թե, որոշել էր բացարձակապես չխառնվել գործերին, եւ կան տվյալներ, որ նախագահական ընտրություններից հետո նա պարզապես կարող է դուրս գալ խմբակցությունից: Եվ ահա այս նախնական բախումներից հետո կան լուրեր, որ հերթական անգամ հարաբերությունները սրվել են Նիկոլ Փաշինյանի ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ նշանակելու հետ կապված: Զուրաբյանական թեւը սկսել է մեղադրել, թե դա նմանվում է գործարքի, մինչեւ որ Փաշինյանը պարզապես որոշել է հրաժարվել այդ առաջարկից: Զուրաբյանն էլ չհապաղեց վայրկյան առաջ պաշտոնապես դիմում ներկայացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այն մտավախությամբ, որ ուշացնելու դեպքում մյուս թեւը կարող է պարզապես Փաշինյանին համոզել` պրովոկացիաների չենթարկվել: Համաձայն նույն լուրերի, այս հակամարտությունը գնալով միայն խորանալու է: