ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ
(սկիզբը` նախորդ համարում)ՙ
ԶԵՆԻԹՑԻՆԵՐԻ՚ ԲՈՒՆՏԸ
Երեւի իր թափով ու հետեւանքներով ամենամասշտաբայինը իսկական բունտն էր, որը տեղի ունեցավ 1957 թվականի մայիսի 14-ին ` Լենինգրադում` Կիրովի անվան 100 հազարանոց մարզադաշտում: Դժգոհության համար պատճառները մարզասերներից շատերի համար չափազանց շատ էին: Առաջինը, այդ իրադարձությունից մեկ ամիս առաջ հրապարակվեց ԽՄԿԿ Կենտկոմի եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի տխրահռչակ որոշումը ՙՊետական պարտատոմսերի մասին, որոնք բաժանորդագրությամբ տարածվելու են Խորհրդային Միության աշխատավորների շրջանում՚: Որոշումը հետաձգում էր վարկի մարումը եւ շահումների վճարումը 20 տարով: Իսկ հանդիպումից մի քանի օր առաջ ակտիվացել էր պարտատոմսերի նոր բաժանորդագրությունը, որը հաճախ կազմում էր աշխատավարձի կեսը: Բայց դառնանք հանդիպմանը:
Կրակին յուղ լցրեցին հենց ՙԶենիթի՚ խաղացողները: Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ նրանք պարտվում էին մոսկովյան հյուրերին ջախջախիչ հաշվով` 1:5: Եվ այդտեղ չէր կարելի մեղադրել մրցավարներին: Բայց հենց մրցավարները միլիցիայի հետ միասին աչքաթող արեցին աննախադեպ իրադարձությունը: Տրիբունայից անշտապ իջավ մի մարդ, ինչպես հետո պարզվեց, դա ՙԶնամյա տրուդա՚ գործարանի ոչ այնքան սթափ վարորդ Վասիլի Կայուկովն էր: Անցավ միլիցիոներների կողքով, անցավ վազքուղին ու գնաց դեպի զենիթցիների դարպասը: Հանեց պիջակը, այն խնամքով դրեց խոտածածկին, ապա տրիբունաների ծիծաղի ներքո դուրս հրեց դարպասից ՙԶենիթի՚ դարպասապահ Վլադիմիր Ֆարիկինին եւ զբաղեցրեց նրա տեղը: Մրցավարները ոչինչ չնկատեցին:
Միայն խաղի ավարտից մի քիչ առաջ խելքի եկած միլիցիոներները դիմեցին, ինչպես հիմա են ասում, կոպիտ բերման ենթարկելու: Ոլորեցին Կայուկովի թեւերը եւ սկսեցին նրան մարզադաշտից դուրս բերել: Այդ ժամանակ հնչեց եզրափակիչ սուլիչը... Իսկ հանդիսատեսը սկսեց պահանջել, որպեսզի միլիցիոներները բաց թողնեն վարորդին, ում դեմքն արդեն հասցրել էին ջարդել: Երբ ՙկարգի պահապանները՚ սկսեցին սպառնալ ՙմիջոցառումներ ձեռնարկելով՚, սկսվեց իսկական բունտը: Մի քանի հարյուր մարդիկ լցվեցին խաղադաշտ, ազատեցին ՙդարպասապահին՚ եւ սկսեցին ծեծել միլիցիոներներին: Լենինգրադի Շչորսի անվան ռազմաբժշկական ուսումնարանի կուրսանտները, ովքեր կանգնած էին օղակման մեջ, շարվեցին եւ, թափահարելով գոտիները եւ դրանց մետաղական ՙպրյաժկաները՚, գնացին ամբոխի վրա: Սակայն նրանց անմիջապես ցրեցին, իսկ հետո նրանք միլիցիոներների հետ միասին փախան տրիբունայի տակի թունելը, որտեղ հենց նոր թաքնվել էին ֆուտբոլիստները: Թունելի հզոր երկաթե դարպասները փակվեցին:
Այդ խաղի մասնակից, ՙԶենիթի՚ խաղացող ՅՈՒՐԻ ԱՆԴՐԵԵՎԻՉ ՄՈՐՈԶՈՎԸ հետագայում հիշում էր.
- Այդ խաղը հիշում եմ ամբողջ կյանքում: Մենք, իհարկե, շատ վատ, թափթփված էինք խաղում... Ամեն ինչ սկսվեց խաղավարտից երկու-երեք րոպե առաջ... Ես նման բան երբեւէ չեմ տեսել, առավել եւս` Լենինգրադում: Շշերը խաղադաշտ էին թափվում հեղեղի նման: Մենք բոլորս` խաղացողները, մարզիչները, մրցավարները, հազիվ հասցրեցինք թաքնվել թունելում:
Հազիվ էինք մտել հանդերձարան, երբ ադմինիստրացիայից մեկը ներս վազեց. ՙՏղանե°ր, այնտեղ այնպիսի բան է սկսվել... Արագ հեռացեք այստեղից հարեւան մասնաշենք` երկրորդ հարկ՚: Մենք վազելով այնտեղ գնացինք: Պատուհաններին մոտեցանք եւ մեր աչքերին չհավատացինք. հսկայական ամբոխը գրոհում էր դարպասները, որոնք բաժանում էին մարզադաշտի ներսի բակը հրապարակից... Ամբոխը գազազել էր, եւ, եթե նրանք մեզ կամ տորպեդոյականներին (նրանք բարիկադավորվել էին մյուս մասնաշենքում` նույնպես երկրորդ հարկում) հասնեին, ամենայն հավանականությամբ, ոչ մեկին չէին խնայի: Անկեղծորեն ասած, սարսափելի էր:
Ե°վ մեր, ե°ւ տորպեդոյականների ավտոբուսները բակում էին կանգնած, ու միայն տեսնել էր պետք, թե ինչ արեցին դրանց հետ... Նետում էին մետաղական սկահակները` յուրաքանչյուրը 150-200 կիլոգրամ: Լավ էր, որ ոչ մեկին չջնջխեցին... Թալանեցին տնտեսական գույքի պահեստը, մի կապիտանի այնպես ծեծեցին... Ցանկանում էին նրան տանել շտապօգնության մեքենայով, սակայն ամբոխը մեքենան հետ շպրտեց դեպի բակ... Շատ վիրավորներ կային...
Իրադարձությունների մասին օպերատիվ ձեւով հաղորդեց միայն ՙԿոմսոմոլսկայա պրավդան՚ եւ այն էլ, ինչպես ասում են, տողատակերում: Դատեցեք ինքներդ: Հրապարակումը վերնագրված էր ՙՖուտբոլային խաղադաշտերում՚.
- Լենինգրադ: ՙՏորպեդո՚-ՙԶենիթ՚ հանդիպման տասներորդ րոպեին մոսկվացիների կենտրոնական հարձակվող Է. Ստրելցովը բացեց խաղի հաշիվը: 15 րոպե անց տորպեդոյականների ավագ Վ. Իվանովը երկրորդ գնդակը խփեց ՙԶենիթի՚ դարպասը: Ընդմիջումից հետո գնդակը եւս երեք անգամ հայտնվեց լենինգրադցիների դարպասում, վերջիններս կարողացան ընդամենը ՙթրջել՚ խաղի հաշիվը: Ավտոգործարանցիները հաղթեցին 5:1 հաշվով: Պետք է առանձնացնել մարզադաշտում հանդիպման վատ կազմակերպումը եւ հանդիսատեսների անկարգապահությունը:
Բայց մեկ ամիս անց ՙԼենինգրադսկայա պրավդան՚ ՙԴատարանի դահլիճից՚ խորագրի ներքո հրապարակեց ՙԽուլիգանները պատժվեցին՚ վերնագրով հոդված: Այնտեղ հայտնվում էր, թե ինչ պատիժ են ստացել նրանք, ովքեր կազմակերպել էին լենինգրադյան ֆուտբոլի պատմության ընթացքում ամենազանգվածային անկարգությունները: Դատը արագ էր եւ բավականին խիստ.
- Ինչպես արդեն հայտնել էինք, Ս. Մ. Կիրովի անվան մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ անկարգություններ հրահրած խուլիգանների խումբը ձերբակալվել էր: Օրերս քաղաքային դատարանը լսեց Գարանինի, Ալեքսանդրովի, Կլաուի եւ ուրիշների` ընդհանուր թվով 16 հոգու խուլիգանության մեջ մեղադրելու գործը: Դատարանը Յու. Գարանինին դատապարտեց 8, Վ. Կլաուին, Պ. Պավլովին, Ա. Պետրովին` 7, Վ. Ալեքսանդրովին` 6 տարվա ազատազրկման: Մնացած դատապարտյալները նույնպես դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման:
Ի դեպ, իր ժամկետը ստացավ նաեւ Վասիլի Կայուկովը, ում խուլիգանական արարքից էլ սկսվեցին անկարգությունները Հյուսիսային մայրաքաղաքի ամենամեծ մարզադաշտում:
ԻՆՉՊԵՍ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՅԱԿՈՎԼԵՎԻՆ
1970-1971 թվականի մրցաշրջանը շատ ծանր ստացվեց Բաքվի ՙՆեֆթչիի՚ համար: Ժամանակին ուժեղ կոլեկտիվը` Ադրբեջանի փայլն ու հպարտությունը` նախկինում ԽՍՀՄ հավաքականի փայլուն խաղացող Անատոլի Բանիշեւսկու գլխավորությամբ, հայտնվել էր բարձրագույն խումբը լքելու վտանգի առջեւ: Ինչպես սեփական հարկի տակ, այնպես էլ արտագնա հանդիպումների ժամանակ թիմի խաղացողներն ու մարզիչներն իրենց պահում էին ծայրահեղ կոպիտ, անկաշկանդ, վիրավորում եւ նույնիսկ ծեծում էին մրցավարներին, սադրում էին մարզասերներին` մղելով նրանց անկարգությունների: Փաստացի ընդհատվեց ՙՆեֆթչի՚-ՙՊախտակոր՚ հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին Դոնի Ռոստովում` տեղի ԲՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ, խաղադաշտում տեղի ունեցավ ծեծկռտուք` խաղացողների, մրցավարների եւ միլիցիոներների մասնակցությամբ: Ադրբեջանցի ֆուտբոլիստները հաշվի մեջ առջեւում էին, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեցին երկու գոլ: Բաքվեցիների դարպասապահ Սերգեյ Կրամարենկոն թողեց դարպասը, վազեց մրցավար Յուրի Բալիկինի մոտ եւ հարվածեց նրա դեմքին, պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը թքեց մրցավարին օգնության եկած մրցավարի տեղակալի դեմքին: Ռաֆիկ Կուլիեւը շպրտեց գնդակը շատ հեռու` տրիբունաների ուղղությամբ, իսկ թիմի ավագ Անատոլի Բանիշեւսկին հրամայեց ՙՆեֆթչիի՚ խաղացողներին լքել խաղադաշտը: Միլիցիոներները ստիպված էին խաղադաշտ մտնել, որպեսզի կանխեն ծեծկռտուքը:
Եվ ահա այդ ժամանակ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆունկցիոներների համբերությունը սպառվեց: Որոշում կայացվեց հեռացնել ՙՆեֆթչիին՚ առաջնությանը մասնակցությունից, պարտություն գրանցել թիմին մնացած երեք հանդիպումներում, ինչպես նաեւ մեկ տարով որակազրկել Անատոլի Բանիշեւսկուն, երեք տարով` Կրամարենկոյին, ինչպես նաեւ Կուլիեւին ու Միրզոյանին: Այդ որոշումը պետք է հաստատեր ԽՍՀՄ սպորտկոմիտեի կոլեգիան, որի նիստը նշանակված էր հոկտեմբերի 29-ին: Սկսվեց պայքարը ՙՆեֆթչիի՚ համար: Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Ս.Վ. Կոզլովը դիմեց ԽՄԿԿ Կենտկոմ եւ Սպորտկոմիտե` ՙՆեֆթչիին՚ ուղղվելու հնարավորություն տալու եւ ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը փոխելու խնդրանքով: Սպորտկոմիտեն Կենտկոմին փոխզիջում առաջարկեց. Բաքվի թիմին պարտություն գրանցել ոչ թե երեք, այլ երկու հանդիպումներում: Սակայն հոկտեմբերի 27-ին ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Յակովլեւը եւ նույն բաժնի սեկտորի վարիչ Բորիս Գոնչարովը հաստատեցին որոշման արդարացի լինելը, եւ որակազրկվեցին թիմն ու նրա խաղացողները:
Բայց այդտեղ արդեն գործին խառնվեց ՙգլխավոր տրամաչափի՚ հրետանին` ի դեմս Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւի: Այն ժամանակ Ալեքսանդր Յակովլեւը նրա հետ մրցելու ոչ մի հնարավորություն չուներ: Իսկ Ալիեւը հայտնեց ԽՄԿԿ Կենտկոմին, որ ՙՆեֆթչիի՚` բարձրագույն խմբի մրցաշրջանից հեռացումը կարող է առաջացնել սոցիալական պայթյուն.
- Հանրապետության բնակչության մի մասի, հատկապես երիտասարդության շրջանում ծագել է լուրջ դժգոհություն, որը հղի է անցանկալի հետեւանքներով... Նավթահորերի որոշ բանվորներ, ի նշան բողոքի, հրաժարվել են աշխատել...
ՙՅակովլեւ-Ալիեւ՚ ՙմենամարտն՚ ավարտվեց հանրապետական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի հաղթանակով: Թիմն անցկացրեց մնացած հանդիպումները, մնաց բարձրագույն խմբում, իսկ Բանիշեւսկուն որակազրկեցին, սակայն` պայմանական:
ՙՆեֆթչի՚ թիմի պաշտոնական կայքում այդ մրցաշրջանի իրադարձությունները մեկնաբանվում են այսպես.
- Ոչ ոք չի մոռացել 1971 թվականին ՙՆեֆթչիի՚ հանդեպ իրականացված խայտառակ քայլի մասին: Բարեբախտաբար, ադրբեջանական ֆուտբոլին օգնության եկավ մեծ հեղինակություն վայելող անհատականություն` պարոն Հեյդար Ալիեւը: Իսկ միութենական ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ ՙՆեֆթչիին՚ առաջին խմբից հեռացնելու հրաման էր արձակել: Սակայն համաժողովրդական առաջնորդ Հեյդար Ալիեւը, որը երբեք չի լքել իր ժողովրդին աղետի դեպքում, ժամանակին միջամտեց` դրանով իսկ կանխելով մեծ անարդարությունը:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են. ազերին բոլոր ժամանակներում մնում է նույն ազերին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
(շարունակելի)

