ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՍԱՆՁԱՀԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՍԱՆՁԱՀԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Բուժծառայության մայոր Վահե Ավետյանի` ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրում գազանային հաշվեհարդարի ենթարկվելու հետեւանքով վրա հասած մահը դարձել է հանրային ընդվզման բավականին լայն ալիքի դրդապատճառ, որն ընդգրկում է ինչպես Հայաստանը, այնպես էլ հայահոծ համայնքները սփյուռքում:
Ընդվզման սլաքն ուղղված է ընդդեմ օլիգարխիայի եւ այնպիսի` արդեն իսկ վաղուց հանրային եւ ազգային անվտանգության համար մարտահրավեր դարձած կատեգորիայի, ինչպիսիք են` անձնական թիկնազորերը: ԽՆԴԻՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է
Պատահական չէ, որ դեռ անցյալ տարի ՀՀ նախագահը պահանջեց վերջ տալ մեքենաների շքախմբով շրջելու արատավոր պրակտիկային, իսկ դեռ մինչեւ ԱԺ ընտրությունները ընդունվեց օրենք, որով թիկնապահների թույլատրելի քանակը սահմանափակվում է երկու թիկնապահով եւ մեկ թիկնապահ-վարորդով: Օրենքը ուժի մեջ է մտնում 2013-ի հունվարի 1-ից, իսկ այս աշնանը արդեն կառավարությունը կընդունի դրա կիրարկման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եւ, հարկ եղած դեպքում, միգուցե նաեւ նախաձեռնությամբ մտնի Ազգային ժողով: Դա ցույց է տալիս, որ իշխանական վերնախավը գիտակցում է անձնական թիկնազորերի խնդրի ողջ վտանգավորությունը, եւ կանխավ արդեն նախանշված են լուծման ուղիները:
Սակայն ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցած ողբերգությունը դարձավ խթան, որպեսզի բռնկվի հզոր հանրային հակաօլիգարխիկ շարժում: Անշուշտ, ցանկացած ծավալուն հանրային շարժման դեպքում, որն ուղեկցվում է բողոքի տարատեսակ գործողություններով, առկա են նաեւ զգացմունքային գնահատականներից բխող առանձին ծայրահեղ դրսեւորումներ, գումարած` նաեւ որոշ քաղաքական ուժերի եւ արտերկրից սնվող գրանտածիծ կառույցների շահադիտական ձգտումը օգտվելու առիթից եւ շահելու տարատեսակ դիվիդենտներ: Անշուշտ, դա անխուսափելի ուղեկից փրփուր է, սակայն հակաօլիգարխիկ հասարակական շարժման ծավալները, եւ այն հանգամանքը, որ գերակշիռ մեծամասնությամբ շարժմանը մասնակցում է հանրության գիտակից հատվածը, ցույց է տալիս, որ անընդունելի օլիգարխիկ մենաշնորհների սահմանափակմանն ուղղված բարեփոխումները հնարավոր է արագացնել` հենվելով հանրային աջակցության վրա:
Ընդհանրապես, անձնական թիկնազոր երեւույթը բնորոշ է ֆեոդալական հանրություններին, սակայն դեռ ՀՀՇ-ի իշխանության օրոք ստեղծված եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք իր ազդեցության գագաթնակետին հասած օլիգարխիան շատ էականորեն տարբերվում է դասական ավատատերի ինստիտուտից: Դասական ավատատերը իրեն վերապահված տարածքային միավորում (լինի դա գավառ, շրջան եւ այլն) ոչ միայն իրագործում է իշխանություն, այլ կրում է լիակատար պատասխանատվություն բոլոր խնդիրների համար: Մեր օլիգարխիայի պարագայում առկա են ընդամենը տնտեսության հերն անիծող մենաշնորհներ` առանց որեւէ ռեալ պատասխանատվության: Հետեւաբար` կեղծ ֆեոդալիզմը պետք է լիկվիդացվի, եւ այժմ եկել է դրա արագացման ժամանակը: Լինի դա ինչպես ծայրահեղ անընդունելի դարձած անձնական թիկնազորերի ինստիտուտի, այնպես էլ տնտեսական մրցակցությունը սպանող մենաշնորհների լիկվիդացումը:
Անշուշտ, խոսքը միայն ՙՀարսնաքարի՚ դեպքին եւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորին չէ, որ վերաբերում է: Ոչ պակաս սանձարձակ եւ անպատիժ լկտիությունը վայելող թիկնազորեր ունեն նաեւ ԲՀԿ-ական եւ ՀԱԿ-ին հարող օլիգարխները: Ու հերթը, անշուշտ, բոլորին պետք է հասնի, եւ ինչքան վաղ, այնքան լավ: Պարզապես կոնկրետ այս դեպքում իրավական գործընթացը կոնկրետ ծանր հանցագործություն կատարած թիկնազորայինների նկատմամբ պիտի լինի առավելագույնս թափանցիկ, եւ առնվազն ՀՀ ոստիկանապետի կողմից այդպիսի հավաստիացումներ հնչել են:Թափանցիկությունը հույժ կարեւոր է նաեւ այն տեսակետից, որպեսզի հաստավիզ սափրագլուխներից տուժած ցանկացած քաղաքացի կարողանա առանց վախենալու դիմել իրավապահներին` աչքի առաջ ունենալով օրինակները, որ այդ գործերին նորմալ օրինական ընթացք է տրվում: Իսկ ինչ վերաբերում է արագացմանը, ապա հարկ եղած դեպքում անհրաժեշտ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը ընդունելու համար չպետք է բացառվի նաեւ ԱԺ-ին եւ կառավարության անդամներին արձակուրդից հետ կանչելը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄԵՐՁՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՐՓՈՒՐԸ
Տեղի ունեցավ նաեւ աննախադեպը` ողբերգական իրադարձությունների եւ հանրային արձագանքի կապակցությամբ պատգամավորի հրաժարականը: Հասկանալի է, որ ՀՀԿ-ական պատգամավորի հրաժարականի հայցը ընթացք է ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հակաօլիգարխիկ դրսեւորումների դեմ պայքարի առջեւում է հենց ՀՀ նախագահը: Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՙԱյս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու՚:
Անշուշտ, պատգամավորի հայտարարությունը որոշ չափով լիցքաթափում է լարվածությունը, սակայն դա չի նշանակում, որ բարեփոխումների տեմպերում թույլատրելի է դանդաղեցում: Իսկ այժմ` նաեւ մի քանի խոսք հակաօլիգարխիկ հանրային շարժման վրա բարձրացած փրփուրի վերաբերյալ:
Այսպես, ողբերգության վրա փորձեցին քաղաքական կապիտալ ստանալ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, որոշ չափով` ՙԺառանգությունը՚ եւ ՀՅԴ-ն:
Կոնկրետ ՀՀՇ-ականների պարագայում ընդհանրապես բացակայում է բարոյական իրավունքը` բառ անգամ ասելու կատարվածի մասին: Նրանց իշխանավարման տարիներին ոչ միայն անթիվ-անհամար ՙհարսնաքարեր՚ էին տեղի ունենում, այլեւ տնտեսական եւ քաղաքական նկատառումներով հարյուրավոր` ամենաբարձր մակարդակից պատվիրված սպանություններ: Ոմանց հիշողությունը թարմացնելու նպատակով ավելորդ չեմ համարում մեջբերում անել եվրոպահայերի միջազգային ֆեդերացիայի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի` ԼՏՊ-ին հղած բաց նամակից. ՙԵս 90-ականների սկզբին հաճախ հայտարարում էի, որ ՙինձ Հայաստանից կարելի է հանել միայն հորիզոնական վիճակում՚ եւ գրեթե այդպես էլ կատարվեց: 1992 թ-ի վերջին Ձեր դեմ ծավալած իմ պայքարի արդյունքում սկսվեցին ձեր հրոսակների կողմից իմ դեմ տարվող աշխատանքները, որն իր ավարտական փուլին հասավ 1993թ-ի փետրվարի մեկին: Վանոյի կարգադրությամբ անհայտ անձինք հարձակվեցին իմ ավտոմեքենայի վրա, գնդակ արձակեցին մեջքիս, որը կպնելով թիակից անդրադարձմամբ դուրս եկավ ու ըստ իրենց հայտարարության ինձ տարան Լաչինի ուղղությամբ, որպեսզի հանձնեն ադրբեջանցիներին: Ճանապարհին ինձ հետ զրուցելուց հետո իմ ուղեկիցները լրջորեն վախ ապրեցին իմ անվախ ու անդրդվելի խոսելաձեւի արդյունքում եւ ավտոն շրջեցին ետ դեպի Երեւան՚:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ական գործիչներին, ապա բոլորս ականատես եղանք, թե ինչպես հեռուստաեթերում հուզմունքից արտասվեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Անշուշտ, այդպիսի ռեակցիան միանգամայն բնական է, սակայն նման ռեակցիա, համենայնդեպս, չենք հիշում 2007-ին, երբ Առինջում սպանվեց ռուս սպա: Ավելորդ չենք համարում մեջբերել հատված ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի` 2007թ. հոկտեմբերի 2-ին տարածած պաշտոնական հաղորդագրությունից. ՙՄասնավորապես, պարզվել է, որ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանն ու Ա. Անդրեասյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում (օգոստոսի 6-ին), կեսգիշերինª տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են ՙՎԱԶ-2101՚ մակնիշի 21ԼԼ884 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի եւ Դենիս Երմոլովները՚:
ՙԲռնության գործադրմամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դենիս Երմոլովին եւ Անատոլի Կռիլովին, որի ընթացքում Գ. Բալյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Դ. Երմոլովին` նրան պատճառելով թեթեւ վնասվածք` առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Ա. Անդրեասյանը ծեծի է ենթարկել Անատոլի Կռիլովին: Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իր մոտ գտնվող ՙՍայգա-ՄԿ՚ տեսակի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենից հինգ անգամ կրակել է ավտոմեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է ավտոմեքենայի մեջ գտնվող Դիմիտրի Երմոլովին, ով ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՚:
Միգուցե եթե 2007-ի այդ եւ այլ դեպքերը քաղաքական գործիչների այդպիսի արձագանք առաջացնեին, ապա կանխված կլիներ նաեւ ՙՀարսնաքարում՚ կատարվածը: Միգուցե եթե Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ՙԱռագաստ՚ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից հետո հանրությունն ընդվզեր ինչպես այսօր, ապա բազում օլիգարխների բազում վարձու հաստավզեր անպատժելիության եւ հանրային կրավորականության դաս չէին առնի ու կկանխվեր ոչ միայն ՙՀարսնաքարը՚, այլեւ բազում այլ սահմռկելի ոճիրներ, որոնց մի մասը վստահաբար դեռեւս պարտակված է մնացել:
Իսկ այսօր այն ուժերը, որոնց որոշ ներկայացուցիչներ զերծ չէին հենց այդպիսի հանցագործություններից կամ առնվազն լեզուները կուլ էին տվել, ամենից բարձրն են գոռում` փորձելով միավորներ վաստակել: Իսկ որոշ շրջանակներ հասել են այնպիսի անպատվաբեր իդիոտիզմի, որ դիմում էին ՈՒԵՖԱ-ին, դիմում էին Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` միջամտելու ՀՀ ներքին գործերին եւ արտաքին ճնշում բանեցնելու նույն Ռուբեն Հայրապետյանի հարցում: Մինչդեռ ցանկացած խնդիր պետք է բացառապես Հայաստանի ներսում լուծվի, եւ բացառապես հայոց պետության եւ հայոց հանրության ջանքերով: Որեւէ օտարի այդտեղ ներգրավելը նշանակում է կամ երկրին միտումնավոր հարվածել, կամ արտաքին պատվեր կատարել: Ու ապշել կարելի է, թե ինչպես հարյուրավոր մարդիկ ստորագրել էին վերոհիշատակված միջազգային հաստատություններին հղած` ոչ թե արժանապատիվ քաղաքացուն, այլ անհայրենիք ստրուկին վայել նամակները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

