ՙՙՅՈՒՐՄԱԼԱ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Արխիվ 12-16Մոտ երկու շաբաթից Յուրմալա կմեկնի այս տարի ՙՆովայա վոլնա՚ մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: Ի դեպ, ամիսներ առաջ կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում չհաղթահարեցին Սուրեն Առուստամյանի հետ Մոսկվա մեկնած հայաստանյան փուլի արդյունքում ընտրված Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանը եւ 2008-ին մանկական ՙԵվրատեսիլ՚ մրցույթին մասնակցած Մերի Մնջոյանը:
Չնայած այն բանին, որ դեռ որոշված չէ, թե ինչ երգերով է Սուրենը հանդես գալու մրցույթում, այնուամենայնիվ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում երգիչը խոստովանեց, որ լավ ու մարտական տրամադրվածությամբ է մեկնելու. ՙԴեռ վերջնականապես որոշված չէ, թե ինչ երգացանկով եմ հանդես գալու: Այդ հարցը դեռեւս քննարկվում է, մենք ձայնագրում ենք երգերը, ուղարկում, իրենք լսում են եւ համաձայնություն են տալիս, կամ էլ` ոչ: Կմեկնենք հուլիսի 14-ին, իսկ արդեն հուլիսի 20-ից հետո էլ կկայանա մրցույթը: Պիտի ասեմ, որ տրամադրվածությունս դրական է, հուսով եմ, որ առանց խոչընդոտների ամեն ինչ լավ կընթանա՚: Երբ հետաքրքրվեցինք` Սուրենը Սոնայի±, թե± Էրիկի նման հաղթանակ է սպասում, երգիչը պատասխանեց. ՙԱմենակարեւորը լավ ելույթն է, որպեսզի լավ հանդես գամ, եւ այն դուր գա հանդիսատեսին ու հատկապես` ինձ՚:
ՙԻրավունքն՚ արդեն տեղեկացրել էր, որ Արտեկում կայանալիք ՙՆոր ալիք՚ երգի մանկական մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնեն երկու մասնակից` 12-ամյա ՍՈՆԱ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆՆ ու 11-ամյա ԱՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ:
Փոքրիկների ուսուցիչ, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հավաստիացրեց, որ անմիջապես ընտրությունից հետո լրջորեն զբաղվել են ծրագրով. ՙՈւնենք երկու կատարում, որոնցից մեկը միջազգային հիթն է, մյուսը` երկրի հիթը: Այսինքն` հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից մեկական կատարումներ պիտի լինեն: Այս տարի, ի տարբերություն բոլոր տարիների, ինչպես ասացին մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը եւ մրցույթի կազմակերպիչ Իգոր Կրուտոյը, այսքան տարիների ընթացքում այսպիսի նախադեպ չի եղել, որ մեկ երկիրը ներկայացնի միանգամից երկու մասնակից: Բայց, քանի որ նրանք երկուսն էլ լավագույնն էին, ընտրեցինք երկուսին: Նրանք մեր դպրոցի սաներ են:
Այժմ արդեն յուրաքանչյուրի համար հինգական երգ ենք ուղարկել, որից հետո պետք է ընտրվեն այն երգերը, որոնցով պիտի երեխաները հանդես գան: Մինչեւ այսօր դեռ չի ընտրվել եւ ոչ մի կատարում: Նրանք ասում են` այնքան լավ են կատարում երեխաները, որ նույնիսկ մտածում են` սպասել մինչեւ կմեկնենք Արտեկ, եւ հենց տեղում ընտրություն կկատարեն: Մեկնելու ենք օգոստոսի 5-ից, որովհետեւ այնտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Փուլերը կլինեն օգոստոսի 15, 16, 17-ին, որից հետո, հուսով եմ, հաղթանակով կվերադառնանք՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

