ՙՙՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Արխիվ 12-16ՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հիշեցնենք, որ այն պետք է ներկայացվեր դեռ անցյալ ամսվա ընթացքում: Սակայն համերգը ձգձգվել էր: Պատճառներից մեկը Կալաֆի (ՙՏուրանդոտ՚ օպերայի գլխավոր հերոսն է-Վ.Մ.) բացակայությունն է եղել: Բանն այն է, որ ֆիլհարմոնիկը նախնական պայմանավորվածություն է ունեցել հայազգի երգիչ Արայիկ Ավանյանի հետ, ով պետք է ներկայանար գլխավոր դերում: Նշենք, որ Ավանյանը բնակվում է Ֆրանսիայում: Ինչ-ինչ պատճառներով համագործակցությունն Ավանյանի հետ չի իրականացվել: Իսկ Կալաֆի դերում հանդես կգա Հարավային Կորեայից հրավիրված Էնրիկո Լին:ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ ձեւակերպմամբ, հայ իրականության մեջ Պուչինիի ՙՏուրանդոտ՚-ը երբեւէ չի ներկայացվել:
ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառը. ՙՉափազանց ծանր գործ է թե° երգիչների, թե° նվագախմբի, թե° դիրիժորի համար: Այդ ամենն իրար գլխի բերելը բավականաչափ ծանր բան է՚:
Թոփչյանը նաեւ հավելեց, որ օպերային ստեղծագործությունների համերգային կատարումներ իրականացնելը ՀՊՖՆ-ի համերգաշրջանի կարեւոր ավանդույթներից է: Ծրագրերում կա ՙՏուրանդոտը՚ ներկայացնել բացօթյա տարբերակով: Սակայն դա առայժմ ընդամենը ցանկություն է, քանի որ այն իրենից լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Թեպետ, Թոփչյանի փոխանցմամբ, կան հետաքրքիր գաղափարներ` կապված սցենարի հետ:
Ի դեպ, ՙՏուրանդոտ՚-ում Թիմուրի դերում հանդես կգա հանրությանն ավելի շատ տեղական արտադրության սերիալներից հայտնի հերոսներից մեկը` Ռիչարդ Մադլենյանը, ով տեւական դադարից հետո, կարելի է ասել, վերադառնում է դեպի դասական երգարվեստ: Նշենք, որ վերջինս ունի մասնագիտական կրթություն. ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ս.Կոլոսարյանի դասարանը, կատարելագործվել է Պեզարո քաղաքի վոկալ ակադեմիայում:
ՙԹե ինչու համար եմ հայտնվել շոու-բիզնեսում, բազմիցս ասել եմ: Կրկնեմ` մեր երկրում գոյատեւելու համար, ցավոք սրտի, պետք է մի քանի տեղ աշխատել: Իսկ ՙտելե՚-ի մասին պետք է ասեմ, որ, եթե նկատել եք, մենք վերջերս ենք ավարտել սերիալի նկարահանումները: Սա, կարելի է ասել, վերադարձի առաջին քայլն է դեպի դասական երգարվեստ: Մինչ այդ, ես ինչ-որ ծրագրեր պատրաստել եմ: Պետք է ասեմ նաեւ, որ մեր երկրում մենք չունենք դասական արվեստի, երգի հետ շփվելու լայն ընտրություն: Ունենք օպերային թատրոն, որտեղ, չգիտես ինչու, մի քանի անգամ փորձեր արվել են, որպեսզի ես երգեմ, բայց ամենատարբեր պատճառներով չեմ հայտնվել: Եվ շատ շնորհակալ եմ պարոն Թոփչյանին, որ ինձ նկատեց եւ տվեց բեմ դուրս գալու հնարավորություն՚: Մադլենյանը, պատասխանելով ՙԻրավունքի՚ հարցին, թե ում մեղքով չի հայտնվել մեծ բեմում, նշեց, որ մասնակցել է ՙԱիդա՚ օպերայի փորձերին, սակայն իրեն հնարավորություն չի տրվել երգելու: Ըստ Մադլենյանի, իրեն ներկայացրած պատճառներից մեկը եղել է այն, թե մեկ հոգու համար չեն կարող նվագախումբ բեմ բարձրացնել եւ երգչին ընդգրկել ներկայացման մեջ: Այդուհանդերձ, Մադլենյանը որեւէ մեկից նեղացած չէ:
Հավելենք, որ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան), ՙՍպեղանի՚ մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Մարինե Ավթանդիլյան): Թերեւս, ամենադժբախտ հերոսուհու` արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես կգա Սիրանույշ Գասպարյանը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

