ՙՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՏԱՆԿԵՐՈՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՏԱՊԱԼԵՆՔ՚
Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՙՀարսնաքար՚ ռեստորանում հունիսի 17-ին մահու աստիճան ծեծի ենթարկված եւ հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած
ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունից առաջ, լրագրողների հետ զրույցում վերջին նախազգուշացումն է տվել. ՙԲանակին մատով էլ չկպնել, ովքեր ախրաննիկ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն...՚: Միթե ասվածից կարելի է ենթադրել, որ Աստված մի արասցե, եթե զինվորականներից որեւէ մեկի հետ ինչ-որ նմանատիպ բան պատահի, ապա Պաշտպանության նախարարությունը ուժային քայլերի կդիմի. ՙԻհարկե, ուղիղ իմաստով նման բան չի նշանակում, այդպես որակել չի կարելի - ասում է նորանշանակ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու ավելացնում,- բայց, այնուամենայնիվ, դա, այսպես ասած, իրավիճակային զգուշացում է, որ ուժային մեթոդի չդիմեն ընդհանրապես, հատկապես զինվորականների նկատմամբ: Զինվորականները, բոլորս էլ գիտեք, օժտված են նույնով պատասխանելու հնարավորություններով, սակայն չի նշանակում, որ, եթե վաղը մեզ կպան, տանկերով գնալու ենք բոլորին տապալենք: Սա նշանակում է, որ անթույլատրելի է զինվորականներին մատով դիպչելը եւ, ընդհանրապես, անթույլատրելի է ցանկացած քաղաքացուն մատով դիպչելը: Գլխավոր շտաբի պետը այսպես ասելով` իր սրտառուչ վերաբերմունքն է արտահայտել իր սպաների նկատմամբ, իր ենթակաների նկատմամբ: Բնական է, իր համար ցավալի է ու մի քիչ էմոցիոնալ է ասված՚: