Ինչպես հայտնի է, վերջերս հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող որոշ կառույցներ հանկարծ որոշեցին, որ մեր երկրում եղած նախարարությունները քիչ են եւ մեկն էլ պետք է ստեղծել`
Ինովացիոն նախարարություն` տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները ղեկավարելու համար: Թե ինչ կնստի մի ամբողջ նոր նախարարության ստեղծումը շարքային հարկատուների վրա, դժվար չէ պատկերացնել: Բայց մյուս կողմից էլ գաղտնիք չէ, թե ՏՏ ոլորտում պետության եւ այլ գրանտատուների հաշվին ինչ կարգի գումարներ են պտտվում եւ թե դրանց որ մասն է ծառայում շատ կոնկրետ ախորժակների բավարարման համար: Դե առանձին նախարարությունն էլ հնարավորություն է տալիս այդ բոլոր փողերը տարբեր կառույցներից կենտրոնացնել մեկ ընդհանուր տանիքի տակ, ինչը շատ ավելի դյուրին կարող է դարձնել ոչ միայն հետագա ուտելու, այլ նաեւ կերածը լավ մարսելու գործընթացը... Ինչեւէ. պե±տք է նման նոր նախարարություն: Այս հարցին ի պատասխան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց. - Ինձ համար զարմանալի է այդ պահանջը եւ, կարծում եմ, ինչ-որ առումով դա ոչ միայն չմտածված, այլեւ չի կարելի բացառել, որ դա գալիս է նեղ, ճյուղային կամ կորպորատիվ շահերից: