ՀԱԿ-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է` ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այս օրերին բավականին հետաքրքիր խմորումներ են սկսվել ՀԱԿ-ում: Այդ կառույցին շատ մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ամենամերձավորներին զգուշացրել է
, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ոչ հաղթելու, ապա գոնե, քիչ թե շատ, տպավորիչ արդյունքներ հավաքելու եւ ապահովելու համար միակ տարբերակը ընդդիմության միասնական թեկնածուի անվան տակ ընտրություններին գնալն է: Հակառակ պարագայում ԼՏՊ-ն մերձավորներին զգուշացրել է, որ չի մտնի ընտրապայքարի մեջ եւ, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն ՀԱԿ-ից որպես թեկնածու հանդես կգա Լեւոն Զուրաբյանը: Եվ ահա ԼՏՊ-ի մերձավոր ՀԱԿ-ականները իրենց հերթին են համոզված, որ Լեւոն Զուրաբյանին թեկնածու ներկայացնելու պարագայում կհավաքեն այնքան քիչ ձայներ, որից հետո նույնիսկ ներկայիս ձեւական տեսքով ՀԱԿ-ը պահպանելը կդառնա անիմաստ: Ուստիեւ տենդագին կերպով միջոցներ են փնտրում, որ գոնե ԲՀԿ-ն խոստանա հրապարակավ աջակցել ԼՏՊ-ին, որից հետո առանց հաշվի առնելու մյուս հավանական նախագահացուներին, ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նույնիսկ Արամ Զ. Սարգսյանին, ԼՏՊ-ին կհռչակեն ընդդիմության միասնական թեկնածու: Ուստիեւ խնդիր են դրել իրենց հերթին հնարավորինս նպաստել ԲՀԿ-ի հավանական թեկնածու Վարդան Օսկանյանի շուրջ սկանդալի հնարավորինս տարածմանը, որի արդյունքում ՙպետական դավաճանի՚ պիտակ շալակած Օսկանյանը էլ որեւէ հավակնություն չի ունենա: Բայց ԼՏՊ-ն վստահ չէ, որ նույնիսկ այդ մրացկցին վերացնելուց ու ԲՀԿ-ին ուղղված տարբեր մեսիջներից հետո կկորզեն Գագիկ Ծառուկյանի համաձայնությունը: Ուստիեւ, ըստ մեր աղբյուրների, ԼՏՊ-ն արդեն իր մերձավորներին զգուշացրել է, որ ամենայն հավանականությամբ ինքը ընտրապայքարի մեջ չի մտնի: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժերին` ՙԺառանգությանն՚ ու ՀՅԴ-ին, ապա այս օրերին նրանք որոշել են ակտիվ աշխատանքներ ծավալել ՀԱԿ-ԲՀԿ նախընտրական դաշինք ոչ մի պարագայում թույլ չտալու համար: